Այսօրվա Հայաստանի հետ դասական ռազմավարական գործարք հնարավոր չէ, կամ` պարտությունը` որպես պետական հայեցակարգ
44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակում, 2021-2022 թվականներին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիայից հետո Նիկոլ Փաշինյանը չի կարողացել հասնել զորքի հայելային կսմ երկկողմանի հետքաշման (միակողմանի հետքաշում եղել է իր իսկ միանձնյա որոշմամբ և եռակողմ հայտարարության առաջին կետի խախտմամբ), ռազմական և քաղաքական ճանապարհով օկուպացված տարածքների վերադարձման կամ ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքի հեռացման:
Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել է նաև հետաքննությունների մեխանիզմների ձևավորման, սպառազինության վերահսկման երկկողմ համաձայնագրեր կնքել, ինչպես նաև չհարձակման փոխադարձ պայմանագիր, ինչն Ադրբեջանը մերժել է, թեև սրանք վտանգավոր առաջարկներ են հենց Հայաստանի համար գործող իշխանության պարագայում:
Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել նաև խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, թեպետ շարունակ կատարվել են Ադրբեջանի պահանջները, այդ թվում՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացի համատեքստում:
Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը, ով ամեն օր գուժում է պետության, պետականության վախճանը, Ադրբեջանի հետ մտադիր է, և, թերևս, անձամբ արդեն առաջարկել է Ալիևին, կնքել ռազմավարական դաշինք:
Նոյեմբերի 13-ին խորհրդարանում Փաշինյանը, անդրադառնալով Կազանում տեղի ունեցած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին և Ալիևի հետ զրույցին, մանրամասնել է.
«Ամենակարևոր հատվածն իմ տեսակետից այն է, որ միտք է հնչել, և ես կարծում եմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության ու խաղաղ գոյակցության համար ունեն ոչ միայն խաղաղության ու տարբեր պայմանագրերի կարիք, այլև ունեն ռազմավարական գործարք կնքելու կարիք այն մասին, թե ինչ բանաձևերի շրջանակներում են առաջիկա 100 տարիներում, որպես անկախ պետություններ, իրար կողք կողքի ապրելու։ Կարծում եմ՝ սա ամենաֆունդամենտալ ու կարևոր հարցն է»:
Ընդ որում, Փաշինյանը նշված ռազմավարական գործարքի վերաբերյալ ունի որոշակի պատկերացումներ, որը հենվում է իրական Հայաստանի հայեցակարգի վրա։
Նախ պետք է նկատել, որ Փաշինյանի առաջ քաշած իրական և պատմական Հայաստանի թեզը կեղծ է, քաղաքական-քարոզչական հնարք՝ հարմար պահի խաղարկելու և մանիպուլացնելու հասարակությանը: Երկրորդ, Հայաստանի և Ադրբեջանի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, դե յուրե խաղաղություն հաստատված չէ, և Նիկոլ Փաշինյանը միանգամից ուզում է Ադրբեջանի հետ ռազմավարական մակարդակի հարաբերություններ հաստատել:
Օրինակ, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններն ու համագործակցությունը միշտ եղել է «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո, Ադրբեջանը 44-օրյա պատերազմից առաջ, ընթացքում և հետո ստացել է Թուրքիայի ռազմական, քաղաքական աջակցությունը, բայց միայն 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թվականի հունիսին, Ադրբեջանի և Թուրքիայի միջև Շուշիի հռչակագրի ստորագրումից հետո կողմերը, ըստ էության, համարեցին, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացան՝ ռազմավարական մակարդակի, որովհետև 44-օրյա պատերազմից հետո, որին Թուրքիան ուղիղ մասնակցություն էր ապահովել՝ նաև սեփական շահերից ելնելով, տարածաշրջանում բարձրացավ Ադրբեջանի նշանակությունը: Մեկ այլ օրինակ. 2022-ի փետրվարին էլ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը Կրեմլում ստորագրել էին ՌԴ և Ադրբեջանի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը, որն էլ նոր մակարդակ հաղորդեց Ադրբեջանի և Հայաստանի դաշնակից Ռուսաստանի միջև հարաբերություններին:
Այս տարի նաև Ադրբեջան-Չինաստան ռազմավարական համագործակցություն ստեղծելու մասին դեկլարացիա է ընդունվել, որն Ադրբեջանում այդ ժամանակ, ըստ որոշ վերլուծությունների, շատ ավելի են կարևորում, քան նույնիսկ ՌԴ-ի հետ կնքված ռազմավարական համագործակցության մասին հռչակագիրը, քանի Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությամբ Չինաստանն իր հաշվարկներն ունի, օրինակ՝ այն, որ Ադրբեջանը կարող է միջնորդ հանդիսանալ Չինաստանի և Թուրքիայի հետաքրքրությունների միջև, հատկապես, երբ նրանց հարաբերությունները բավականին բարդ են:
Հիշեցնենք, որ 2021 թվականին Չինաստանն ու Իրանը ստորագրել էին 25-ամյա ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը, իսկ Իրանի և Չինաստանի միջև հարաբերությունների նոր մակարդակի մասին խոսվել էր դեռ 2016-ին: Այսինքն, դասական առումով ռազմավարական համագործակցությունը հուշում է, որ երկիրը պետք է իրենից ինչ-որ բան ներկայացնի, գործոն լինի: Քանի որ խոսք գնաց Ադրբեջանից, ռազմավարական հարաբերություններ են Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները:
Արդյո՞ք այսօր Հայաստանը գործոն է տարածաշրջանում բառի բուն իմաստով, արդյո՞ք այսօր Հայաստանն ունակ է սեփական խաղի կանոնները թելադրել, կամ՝ պահանջներն առնվազն նրան, ում հետ ռազմավարական դաշինք է ուզում կնքել:
Եվ վերջապես, արդյո՞ք հաղթած Ադրբեջանում պարտված Հայաստանին, որը շարունակում է մնալ զոհի հոգեբանության մեջ, դիտարկում են որպես ռազմավարական գործընկեր: Իհարկե՝ ոչ:
Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտի 29-ին Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ավելի քան 3 ժամանոց պաշտոնական հանդիպումը:
Վիեննայում Հայաստանի դեսպանությունում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում Փաշինյանը մանրամասներ էր հայտնել՝ դրական գնահատելով Ալիևի հետ հանդիպումը.
«Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, հեղափոխություն, ինչ-որ մի դարակազմիկ շրջադարձ կամ իրադարձություն, բայց կարևոր է, որ սկսվել է մի պրոցես, որը հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, պատկերացումների, խնդիրների մասին և խոսել այն գործընթացի մասին, ինչի մասին առիթ ունեցա հայտարարել Ստեփանակերտում և հետագայում իմ ունեցած ասուլիսի ընթացքում: Եվ երբ ասում եմ, որ դրական եմ գնահատում` դա չի նշանակում ինչ-որ մեկի հաղթանակ կամ պարտություն: Ընդհանրապես, մինչև հիմա ընդունված է եղել այդ տրամաբանությամբ մոտենալ խոսակցություններին, գալ այն եզրակացության, թե՝ լավ, հանդիպեցին, ո՞վ հաղթեց, ո՞վ պարտվեց: Այս խոսակցության կարևոր առանձնահատկությունն այն է, որ խնդիր չի դրվում դուրս գալ և հայտարարել` ես հաղթեցի, դիմացինը պարտվեց: Այդպես եղել է Դուշանբեի, Սանկտ Պետերբուրգի, Դավոսի քննարկումների ընթացքում»:
Իսկ 2020 թվականի պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում արդեն հայտարարել էր՝ «եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի»: Եվ այսօր՝ պատերազմից 4 տարի անց, Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, փորձում է պարտությանը պետական հայեցակարգի կարգավիճակ տալ, չփորձելով դուրս գալ դրանից պետական քաղաքական քայլերի միջոցով: Եվ քանի որ վերջերս Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ 44-օրյա պատերազմը նախապես ծրագրված սցենարով է գնացել, և ոչինչ, որ դրանում այլոց էր մեղադրում, կարո՞ղ ենք ասել, որ այն այսօր առաջարկվող ռազմավարական գործարքի տրամաբանության մեջ էր, հատկապես, երբ հենց առաջին օրը Փաշինյանը փորձում էր համոզել՝ պարտված չզգալ: Իր դեպքում դա հաստատ սառը մասնագիտական հաշվարկ չէր, եթե այդպես է, ուրեմն՝ ինչո՞ւ էր մերժել պատերազմի 4-րդ օրը պատերազմական գործողությունները կանգնեցնելու՝ ԳՇ պետի առաջարկը:
Նիկոլ Փաշինյանին պետք էր, որ պատերազմն ավարտվի այն ժամանակ, երբ ավարտվեց: Ի դեպ, այսօր խորհրդարանում նա անդրադառնալով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ խոստովանել է, որ դա բացառապես իր որոշումն է եղել:
«Նոյեմբերի 9-ին ասել եմ՝ ինձ էս պահին ոչ մի կարծիք չի հետաքրքրում, և ես էս թուղթը ստորագրելու եմ՝ ինձ վրա վերցնելով պատասխանատվությունը։ Եվ համարում եմ, որ ճիշտ եմ արել»,- հայտարարել է Փաշինյանը՝ շեշտելով՝ «ինչու եմ արել, դա ուրիշ խնդիր է»:
Նշենք, որ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո Փաշինյանի ընտանեկան թերթը՝ «Հայկական ժամանակը», ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին առաջարկել էր կիսել հայտարարության ստորագրման պատասխանատվությունը: Եվ Օնիկ Գասպարյանը «Հայկական ժամանակին» ասել էր.
«Վարչապետն այդ որոշումը կայացրել է իմ առաջարկությամբ՝ հաշվի առնելով ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքները»:
Այդ ժամանակ այդպես էր պետք: Իսկ Փաշինյան-Ալիև «ռազմավարական գործարքների» օրինակներ կարող ենք գտնել իշխանափոխությունից անմիջապես հետո՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը 0-ից սկսելու, «մյունխենյան միկրոհեղափոխություններ» անելուց մինչև Ադրբեջանում ներքին իրավիճակը չխառնելու համար կոնֆիդենցիալ գաղտնիքներ չբացել:
Իսկ Հայաստան-Ադրբեջան ռազմավարական գործարք դասական իմաստով հնարավոր չէ, և ինչպես արդեն նշեցինք, այն, ինչ կարող է լինել՝ ռազմավարական հարաբերություններ չի կարող կոչվել: Կարո՞ղ ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանի այս առաջարկը թուրք-ադրբեջանական տանդեմից հովանավորչություն խնդրել է, որդեգրության յուրահատուկ համաձայնություն:
Ի դեպ, ինչո՞ւ Հայաստանը նույն ջանասիրությամբ չի մտածում Իրանի հետ ռազմավարական և ռազմական դաշինք կնքելու մասին, կամ, ինչպես ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն էր առաջարկել՝ Իրան-Ռուսաստան-Հայաստան ռազմական, ռազմավարական դաշինքի կնքում, եթե, իհարկե, նրանք համաձայնեն, պատճառների մասին արդեն վերևում նշեցինք: