Հարավային Կովկասում ևս գլոբալ ազդեցության նոր գոտիները դեռ հաստատված չեն, մրցակցությունը շարունակվում է․ վերլուծաբան
Սիրիայում Ասադի կառավարության անսպասելի ու արագ անկման ֆոնին, երբ համաշխարհային քաղաքական «խաղատախտակն» էական փոփոխությունների է ենթարկվում, Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ իր անփոփոխ տրամաբանությամբ շարունակվում է և նույնիսկ ավելի ինտենսիվ։
Ըստ էության, նոյեմբերին Ադրբեջանում տեղի ունեցած ՄԱԿ Կլիմայի COP29 միջազգային համաժողովից հետո Ադրբեջանի ղեկավարը, ինչպես նաև տարբեր պաշտոնյաներ հասցրել են Հայաստանի նկատմամբ նոր՝ ավելի սուր պահանջների օրակարգ ձևավորել հանրային տիրույթում։ Դեռ հայտնի չէ՝ իրականում այդ հարցերից քանիսն են բանակցային սեղանին կամ գուցե հենց բոլորն էլ քննարկվում են, սակայն բարդ է չնկատել, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը հերթով «գնում է» իր բոլոր հանրային ձևակերպված պահանջների իրագործման ճանապարհով։ Ժամանակի ընթացքում այդ պահանջները Երևանի իրականացրած քաղաքականության ֆոնին ավելի սանձարձակ ու լկտի են դառնում։
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական խոչընդոտները» թեմայով միջոցառման ժամանակ նշել է Ադրբեջանի արդեն մշտական դարձած պահանջը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար երկու հիմնական խոչընդոտ կա, որոնցից մեկը Հայաստանի Սահմանադրության մեջ է։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու երկու հիմնական խոչընդոտ կա, մեկը Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներն են, որն արտացոլված է նաև Հայաստանի Անկախության հռչակագրում։ Այնտեղ նշվում է, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է: Երկրորդ խոչընդոտն այն է, որ բանակցային սեղանի շուրջ հայկական պատվիրակության անդամները խոսում են տարբեր դիրքերից»,- ասել է Մամեդովը՝ չմանրամասնելով, թե ինչի մասին է խոսքը։
Մամեդովը նաև խնդիր է համարել Հռոմի ստատուտին Հայաստանի միանալը։
Օրերս էլ «Վերադարձի իրավունք. Հայաստանից բռնի տեղահանված անձանց համար արդարության վերականգնում» թեմայով կոնֆերանսի ընթացքում Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իբրև թե հայ հասարակության մեջ ադրբեջանական ժողովրդի հանդեպ արմատացած ատելությունը, «մեծ Հայաստանի» մասին երազանքները, Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի սահմանադրությամբ դեռ պահպանված տարածքային պահանջները, այս երկրի արագ զինումը խոչընդոտում են կայուն խաղաղության հաստատմանը։
Ալիևն ասել էր, թե Հայաստանը փորձում է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» գործունեությունը որպես սպառնալիք ներկայացնել իր տարածքային ամբողջականությանը, իսկ համայնքի նպատակը, ըստ Ադրբեջանի նախագահի, «Արևմտյան Ադրբեջանից վտարվածների արժանապատիվ վերադարձն է իրենց պապենական հողեր՝ խաղաղ և ապահով պայմաններում»: Ըստ Ալիևի՝ Հայաստանը «պետք» է բանակցություններ սկսի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանական» համայնքի հետ և գործնական քայլեր ձեռնարկի նրանց հիմնարար իրավունքները վերականգնելու համար։
Այս ամենին զուգահեռ՝ Ադրբեջանը լայն արշավ է սկսել նաև ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության դեմ։ Բացի այն, որ ըստ որոշ աղբյուրների, այս հարցը ևս դրված է բանակցային սեղանին Ադրբեջանի կողմից, Ադրբեջանը վերջերս մեծ աղմուկի ու դիվանագիտական միջադեպի վերածեց Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի այցը Երասխ և դիտորդությունը ԵՄ դիտորդների հետ համատեղ։
Բացի այս ամենը, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանի ու Թուրքիայի գլխավոր պահանջը Հայաստանից, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի գաղափարի իրագործումն է։ Ադրբեջանցի պաշտոնյաները, փորձագիտական համայնքը Հայաստանի հետ հարաբերություններին անդրադառնում են միմիայն իրենց անվերջանալի պահանջների համատեքստում։ Նույնիսկ այսպես կոչված Խաղաղության համաձայնագրի մեծ մասի բանակցված լինելու պարագայում Ադրբեջանը նորանոր պահանջներ է բերում բանակցային սեղան և հանրային դիսկուրս այն դեպքում, երբ Երևանը որևէ պահանջ չի բարձրացնում։ Ֆինլանդիա այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական «Lännen Media» լրատվական գործակալությանը, որում նշել է, որ խաղաղության համաձայնագրի 17 հոդվածից 15-ի շուրջ արդեն համաձայնություն կա:
«Ես կարծում եմ, որ մենք կարող էինք վերջնական տեսքի բերել և ստորագրել պայմանագիրը նույնիսկ մինչև Բաքվում կայացած COP29 կլիմայական գագաթնաժողովը: Ցավոք, դա տեղի չունեցավ, բայց հիմա մենք պատրաստ ենք դա անել սեղմ ժամկետներում: Կարելի է ասել, որ սա հույսի պահ է: Ես կասեի, որ շատ մոտ ենք: Բայց չնայած մեր երկու պետությունների և հասարակությունների ողբերգական անցյալին, կա թշնամանքի էջը շրջելու հնարավորություն: Անցյալը դժվարին է եղել։ Այն դժվար է ըմբռնել, մոռանալ, ներել, բայց մեր տարածաշրջանում բավարար չափով արյուն է թափվել, և հիմա մենք ունենք հնարավորություն նայելու դեպի ապագա»,- ասել է նա։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը նշեց, որ խաղաղության համաձայնագիրը կոնկրետ փաստաթուղթ է, և խորհրդապահական ռեժիմում որևէ մեկը չգիտի, թե հնչող այս բոլոր պայմաններից որոնք են ներառված փաստաթղթում։ Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ՝ ոչ բոլորը։
«Սակայն նրբությունն այն է, որ գուցեև համաձայնագրի համաձայնեցման աշխատանքն ավարտվի, այն կարող է նույնիսկ ստորագրվել, սակայն մթնոլորտը, որը թելադրում է այս պայմանները՝ չվերանալ։ Բացի այդ, խաղաղություն հաստատելը խիստ անհավասարակշիռ մթնոլորտում բարդ է։ Լավ է, երբ կողմերը բանակցում են կոնկրետ փաստաթուղթ, սակայն պետք է հասկանալ, թե դրանից դուրս ինչո՞ւ են հնչում այլ պահանջներ, և ինչպե՞ս են դրանք անդրադառնալու ողջ գործընթացի վրա։ Կարծում եմ՝ անկախ համաձայնագրի բովանդակության շուրջ բանակցությունից, տեսանելի ապագայում ռեգիոնալ իրավիճակը փոփոխող, մեղմող պայմանավորվածություններ կամ համաձայնագրի ստորագրում, որը բեկումնային ազդեցություն կունենա ռեգիոնալ իրավիճակի վրա, չի լինելու»,- ասաց վերլուծաբանը։
Այնուամենայնիվ, ըստ Լուկիանովի, կողմերը, ըստ իրավիճակի, կարող են համաձայնագիր ստորագրել և բավարարվել դրանով։
«Սակայն մաքսիմալ պահանջներ սովորաբար առաջ են քաշվում հաշվարկով, որպեսզի դրանց կարևոր մասը հնարավոր լինի իրագործել և դա նույնիսկ զիջում ներկայացնել»,- նկատեց վերլուծաբանը։
Նա արձանագրում է, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո աշխարհը նոր փուլ թևակոխեց, ինչի ականատեսը դարձան, թե Ուկրաինայում պատերազմի զարգացումներով և Արևմուտքի թույլտվությամբ խոցելով ռուսական տարածքի խորքում թիրախներ, ինչպես նաև Սիրիայում Ասադի ռեժիմի կոլապսով։
«Գործընթացներն արագացվեցին Ռուսաստանի, ինչո՞ւ ոչ՝ նաև Իրանի դիրքերը հնարավորինս թուլացնելու համար։ Սակայն, կարծում եմ՝ իրադարձությունները շատ ավելի բարդ, բազմաբևեռ են, ու վերլուծությունը ենթադրում է շատ ավելի ընդարձակ իրադարձությունների դիտարկում։ Ուստի վերջնարդյունքն այս ամենի պարզ կդառնա մի փոքր ուշ։ Հարավային Կովկասում ևս որոշված չեն գլոբալ ազդեցության գոտիները, դրա համար մրցակցություն է ընթանում, ինչպես 13 տարի ընթանում էր Սիրիայում և դեռ չի ավարտվել։ Նույնը տեղի է ունենում եվրոպական ռեգիոնում Ուկրաինայի շուրջ։ Գլոբալ դերակատարները խաղում են մի քանի խաղատախտակի վրա, որոնցից մեկը Հարավային Կովկասն է։ Չնայած պատերազմին և անցնող տարիների ընթացքում բազմաթիվ դրամատիկ իրադարձություններին, իրավիճակը դեռ հանգիստ չէ, խաղաղության հաստատումը դեռ մոտ չի թվում։ Գլոբալ մրցակցությունը մշտապես ենթադրում է թե ակտիվ բանակություններ, թե սրումներ, ամեն զարգացում հնարավոր է»,- ասաց նա։
Սակայն, նրա խոսքով, Թրամփի վարչակազմն արդեն իսկ փորձում է ստվերային ազդեցություն ունենալ գործընթացների վրա։
«Դրա ապացույցը հանդիպումն էր Մակրոնի և Զելենսկիի հետ համատեղ, այլ հանդիպումներ ու շփումներ ևս կան, կարծես նորընտիր նախագահը չի սպասում նախագահությունը պաշտոնապես ստանձնելուն, հասկանալով, որ ընտրություններից հետո լուրջ զարգացումներ են սկսվել մի շարք ռեգիոններում, որոնք իր համար ևս հետագայում կարող են բարդություններ հարուցել խաղաղության հաստատման ծրագրի հարցում»,- նկատեց Լուկիանովը։