ՀՀ օրհներգի քառատողերի տեղերը կփոխվեն. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին
Հայաստանի Հանրապետության օրհներգի տեքստում փոփոխություններ կկատարվեն, կփոխվեն քառատողերի տեղերը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Ըստ նախագծի հիմնավորման՝ տարբեր միջազգային, պաշտոնական, մարզական, մշակութային և այլ միջոցառումների ժամանակ ՀՀ օրհներգը կատարվում կամ հնչեցվում է տարբեր կատարմամբ և ձայնագրություններով, ուստի անհրաժեշտություն է առաջացել հստակ հրապարակել հիշյալ օրենքով սահմանված դեպքերի կատարման համար միասնական ձայնագրված պաշտոնական տարբերակ:
«ԿԳՄՍ նախարարությունն օրենքի ընդունումից հետո կհրապարակի օրհներգի պաշտոնական տարբերակները՝ և կարճ տարբերակը, և գործիքային, և վոկալային տարբերակները: Դա կլինի ՀՀ պաշտոնական օրհներգը բացառապես բոլոր միջոցառումներում հնչեցնելու համար»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:
Առաջարկվել է սահմանել որոշ միջոցառումների՝ հիմնականում մարզական որոշ միջոցառումների ժամանակ հնչեցվող օրհներգի կարճ տարբերակը:
«Փոփոխություն է կատարվում քառյակների տեղերի մեջ: Կարծում ենք՝ ավելի նպատակահարմար է սկսել և ավարտել ՀՀ-ի մասին խոսքերով»,-ասաց պատգամավորը:
Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել օրհներգի տեքստում այնպես, որ այն ավարտվի հետևյալ քառատողով՝«Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան»։
Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը շարադրվում է հետևյալ կերպ. Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան:
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի:
Ահա եղբայր, քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի:
Մայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:
Հարակից զեկուցող, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդերասյանը նշեց, որ գործող օրենքով օրհներգը հնչեցնելու պահանջ կա հանրակրթական դպրոցներում ու բուհերում՝ որոշակի տրամաբանությամբ: Առաջարկվող փոփոխությամբ շրջանակն ընդլայնվում է՝ ներառելով նաև նախադպրոցական հաստատությունները, արհեստագործական և միջին մասնագիտական հաստատությունները:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկեց նախագիծն այս պահին հանել, մանրամասն քննարկել, լրացումներ ու փոփոխություններ կատարելուց հետո նորից ներկայացնել հանձնաժողովի քննարկմանը: Նախագծի հեղինակը չընդունեց առաջարկը: Այն քվեարկությամբ դրական եզրակացություն ստացավ:
Նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: