Հայաստանի Հանրապետության քաղաքականության նահապետի աշունը

Ըստ Մաքս Վեբերի՝ կան երկու տիպի քաղաքական գործիչներ. նրանք, ովքեր ապրում են «ՀԱՆՈՒՆ» քաղաքականության, և նրանք, ովքեր ապրում են «Ի ՀԱՇԻՎ» քաղաքականության։ Առաջին պարագայում քաղաքական գործունեությունը պայմանավորված է որոշակի իդեալներով և գաղափարներով։ Երկրորդի դեպքում քաղաքականությունը հանդիսանում է հարստանալու և սոցիալական հիերարխիայում հնարավորինս բարձր տեղ գրավելու միջոց։ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, անկասկած, պատկանում է «ՀԱՆՈՒՆ» գործի ապրող քաղաքական գործիչների դասին։

Այս ամենից զատ՝ դժվար է միանշանակ ամփոփել այն, ինչ նա արել է թե՛ որպես պետության ղեկավար, թե՛ որպես Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ։ 1988-ին մեկնարկած համազգային զարթոնքի տարիներին Լ. Տեր-Պետրոսյանը կիսեց շարժման առաջնորդությունը Վազգեն Մանուկյանի հետ։ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո նրան մեղսագրվեցին «մութ ու ցուրտ» տարիները, իսկ Վազգեն Սարգսյանին՝ ռազմի դաշտում տարած հաղթանակները։ Նրա օրոք մեկնարկած և իր անմիջական քաղաքական աջակցությամբ իրականացված աննախադեպ տնտեսական բարեփոխումները մինչ օրս կապում են նրա վարչակազմի չորրորդ վարչապետ Հրանտ Բագրատյանի անվան հետ։

Սակայն առավել հակասական է Առաջին նախագահի արտաքին քաղաքականությանն առնչվող ժառանգությունը։ Շրջադարձային փուլում նախագահ Տեր-Պետրոսյանի նշանակած վարչապետ Ռոբերտ Քոչարյանը և կառավարության առավել ազդեցիկ անդամները՝ Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը, դեմ գնացին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ նրա կողմից առաջարկված բանաձևին, որին 1998թ. փետրվարի 3-ին հետևեց ՀՀ առաջին նախագահի հրաժարականը։ Որպես իմաստուն պետական գործիչ և մտավորական՝ նա չգնաց իր գաղափարական ընդդիմադիրների հետ ո՝չ գործարքի, ո՝չ քաղաքական առճակատման։

Երկրորդ նախագահին հաջողվեց քայլ առ քայլ արդիականացնել Լ. Տեր-Պետրոսյանի բանաձևը՝ ներառելով նրանում, մասնավորապես, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կամարտահայտման միջոցով։ Երրորդ նախագահի օրոք ընթացած բանակցությունների արդյունքում «մադրիդյան» փաստաթուղթը վերաձևակերպվեց «կազանյան» փաստաթղթի։ Անիմաստ է այսօր քննարկել, թե ինչ ավարտ կունենար բարդությամբ ընթացող բանակցային գործընթացը, եթե Սերժ Սարգսյանը շարունակեր իր վարչապետությունը. արտաքին քաղաքականության մասին դատում են ըստ արդյունքի, իսկ պայմանական եղանակը բերրի հող է միայն շահարկումների համար։

Անցած 27 տարիների արդյունքում Լ. Տեր-Պետրոսյանի գործունեության վերաբերյալ հանրության մոտ ձևավորվեց երկու պատկերացում. ոմանք նրան համարեցին պարտված քաղաքական գործիչ, ում չհաջողվեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման իր տեսլականը հրամցնել ոչ միայն հանրությանը, այլև իր իսկ թիմակիցներին։ Մյուսների համար նա այն մարգարեն է, ով «չհարգվեց ոչ իր գավառում, իր ազգատոհմի և իր տան մեջ», թեև զգուշացրեց իր առաջարկի մերժման հետևանքով Արցախյան սագայի չարաբաստիկ ավարտի մասին։

Սակայն ինչպիսի ենթադրություններ էլ որ արվեն Առաջին նախագահի և իր երկու իրավահաջորդների գործունեության արդյունքների վերաբերյալ, Լ. Տեր-Պետրոսյանի քաղաքական առաքելության գերեզմանափորը դարձավ գործող կառավարության ղեկավարը, ով, ինչպես ուշացած պարզվեց, իրեն վաղուց էր տեսնում ոչ թե որպես Լ. Տեր-Պետրոսյանի հոգեզավակ, այլ ազգի «փրկիչ»։ Զավթելով 2018թ. իշխանությունը և տարված իր «փրկչական առաքելությամբ»՝ նա «լուծեց» Արցախի հարցը, ձեռնամուխ եղավ հայոց պատմության վերաշարադրմանը, Հայաստանի ժողովրդի «հակապետական հոգեբանության» փոփոխմանը և «իրական» Հայաստանի ստեղծմանը…

Սակայն բավ է Լևոն Տեր-Պետրոսյանի համար այս հիշարժան օրը խոսել տխուր բաներից։ Վստահ եմ, քաղաքականության Նահապետի գործի «տապանագրի» մասին մտածելու ժամանակը չի եկել։ Միանում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակի առթիվ բազմաթիվ շնորհավորանքներին։ Բարի տարեդարձ, պարոն Նախագահ։

Արմեն Մարտիրոսյան

ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1990-95թթ.)

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (1995-99թթ.)

ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան

 

Տեսանյութեր

Լրահոս