«Այդ անմեղսունակ հայտարարություններ անողն ասում է` «Արևմտյան Ադրբեջանը» սա է՝ մատնանշելով միջազգային իրավունքով Ադրբեջանին չպատկանող տարածքներ»․ Լարիսա Ալավերդյան
Նիկոլ Փաշինյանը խաղաղություն հաստատելու Հայաստանի առաջարկներն է ներկայացրել նախօրեին՝ այդ շարքում նշելով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Ի դեպ, Ադրբեջանը տարիներ շարունակ հետևողականորեն պայքարում էր Մինսկի խմբի դեմ՝ հայտարարելով, թե հայանպաստ հայտարարություններ և դիրքորոշում ունեն։ Բաքվի բռնապետն ու իր բոլոր պաշտոնյաները ցայսօր էլ առիթը բաց չեն թողնում խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին։
Վերլուծաբանները, այդ թվում՝ միջազգային, ադրբեջանական, այս մտահոգությունը պատահական չեն համարում՝ նկատելով, թե դեռ պարզ չէ՝ աշխարհաքաղաքական իրավիճակն ինչպես կփոխվի, և, օրինակ, միջազգային դերակատարներն ինչ գործառույթներ կշնորհեն հենց ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը կոչված էր զբաղվելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրներով։
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը նաև այս քայլով է փորձում փարատել Ալիևի մտահոգությունները։ Թե ի՞նչ վտանգներ են առկա Փաշինյանի հերթական նահանջի մեջ, 168․am-ը հետաքրքրվել է ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանից։
«Ամենամեծ վտանգը Նիկոլ Փաշինյանն է ու նրա թիմը,- ի պատասխան՝ արձագանքեց Լարիսա Ալավերդյանը, ապա հավելեց,- Իրենց բերելու, իրենց գալու նպատակը եղել է դա։ Հիշեք, օրինակ, Արմեն Գրիգորյանը մինչև իշխանության գալն էր խոսում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ Դա նախապես ծրագրված, հետևողականորեն իրականացվող քաղաքականություն էր։ Ու ինձ համար այդտեղ որևէ նորություն ու սենսացիա չկա»։
Իրավապաշտպանը նշեց, որ այս վտանգների մասին նա շարունակ բարձրաձայնել է դեռ 2018 թվականից՝ Փաշինյանի թիմի իշխանամուտից ի վեր։
«Նրանք իրականացնում են թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության սպասարկումը, ընդ որում՝ շատ անգամ հենց նույնիսկ այս թիմի կողմից են լինում նախաձեռնությունները»։
Նա դարձյալ այս համատեքստում դիտարկեց ալիևյան «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի ու Արևմտյան Հայաստան պատմական իրողությունները միտումնավոր խեղելու Նիկոլ Փաշինյանի փորձերը։
«Նախևառաջ, նա հարիր կրթություն չունի՝ հասկանալու համար այդ գիտական սխալը, բայց նույնիսկ կրթությունը չէ դրա պատճառը, այլ դարձյալ հետևողականորեն իրականացվող քաղաքականությունը, սկզբում խոսքերով էր՝ «Հայկական Ժամանակ» թերթով, ապա նաև՝ իշխանության գալով»,- հավելեց նա։
Հանրությանը մոլորեցնող այս իրողությունների արմատը, ըստ Լարիսա Ալավերդյանի, սկսվել է դեռ Առաջին նախագահի ու նրա թիմի կողմից տարածվող թեզերով։
«Շրջանառության մեջ դրված էր թեզ, թե՝ Արցախը տանք, լավ կապրենք, Սերգո՛ ջան, ինչպես նաև Առաջին նախագահի թիմի կողմից առկա խորքային մոլորությունը, թե Հայաստանը, ազատվելով Արցախի բեռից, ավելի մեծ կշիռ է ունենալու միջազգային հանրության մեջ,- նշեց մասնագետը՝ նկատելով, որ այդ մոլորության շարունակությունն է այսօր նաև այն, թե՝ Հայաստանն այդքան տարի պահում էր Արցախը,- Մինչդեռ Արցախի իրավիճակով էր, որ այսքան տարի իրացվում էր Հայաաստանի Հանրապետության սուբյեկտայնությունը»։
Իրականում, ըստ իրավապաշտպանի, Արցախի էջը չի կարող փակվել իրենց լիդերներ ներկայացնող անձանց կողմից, ինչպես և չի կարող Արևմտյան Հայաստան հասկացությունը դուրս գալ պատմությունից։
«Այդ անմեղսունակ հայտարարություններ անողը շատ հանգիստ ասում է, թե «Արևմտյան Ադրբեջանը» սա է՝ մատնանշելով միջազգային իրավունքով Ադրբեջանին չպատկանող տարածքներ, իսկ Հայաստանի արևմտյան մասը նա ներկայացնում է՝ որպես Սովետական Հայաստանի սահմաններում ինչ-որ շրջաններ,- Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին արձագանքեց նա՝ նկատառմամբ,-
Այդ քաղաքական անմեղսունակությունն ու գռեհկությունն այնքան ակնհայտ է, ու եթե այսօր էլ կան մարդիկ, որոնք ջատագովն են այս իշխանավորներին, նրանց ցավակցում եմ․ նրանք խորքային ինտելեկտուալ խնդիրներ ունեն»։
Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում գրառում է կատարել՝ մասնավորապես նշելով, թե «Արևմտյան Ադրբեջանը» Ղազախն է, Թովուզն է, Աղստաֆան է, Գեդաբեյն է, Դաշքեսանն է, Քելբաջարն է, Լաչինն է, Կուբաթլուն է, Զանգելանն է: Սրանից դուրս չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»:
«Եթե շատ են ուզում այլ տեղ փնտրել, Նախիջևանն էլ կարող ենք համարել «Արևմտյան Ադրբեջան»:
2. Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Հայաստան:
3. Արևելյան Հայաստանը Իջևանն է, Բերդն է, Ճամբարակն է, Վարդենիսն է, Ջերմուկն է, Գորիսն է, Կապանն է, Ներքին Հանդն է, Նռնաձորն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևելյան Հայաստան․․․․»։