Բանակի աճող բեռ ու «անգործ» ճառ՝ տնտեսության նվազող ֆոնին

«Սա նշանակում է ստեղծել անվտանգային մի համակարգ, որի առաջին գծում բանակը չէ, դրանից առաջ կան բուֆերներ։ Օրինակ՝ տնտեսական փոխկախվածությունները, դրանից առաջ կա ուրիշ բուֆեր՝ միջազգային կանոնները, որի ոտնահարումներից այսօր բողոքում են ամենուր»,- խորհրդարանում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նա խոսել է այն մասին, որ անվտանգության համակարգը միայն բանակը չէ, այլ ավելի մեծ համալիր, որի խնդիրն է՝ թույլ չտալ, որ վտանգը հասնի այն կետին, երբ դրան անմիջականորեն ստիպված է լինելու դիմագրավել բանակը:

Եթե այս մոտեցումը վերածենք քիչ ավելի պարզ օրինակի, ապա, ֆուտբոլային յուրաքանչյուր թիմի նպատակն է՝ թույլ չտալ, որ մրցակիցը գնդակը հասցնի տուգանային հրապարակ և սպառնա դարպասին, թույլ չտալ, որ բանը հասնի դարպասապահին, դարպասապահը հնարավորինս քիչ ստիպված լինի փրկել թիմին գոլից:

Բավականին պարզ մոտեցում է, ընդ որում՝ բոլորովին ոչ նոու-հաու: Ընդ որում, ոչ միայն միջազգային, այլ նաև հայաստանյան մասշտաբով: Հայաստանում՝ անկախությունից ի վեր, անվտանգության համակարգի միակ տարրն ամենևին էլ չի եղել բանակը: Հայաստանը հենց համալիր տրամաբանությամբ է կառուցել իր անվտանգությունը, այդ թվում և՝ հենց տնտեսական շահերի փոխկապակցվածության սկզբունքով:

Կարդացեք նաև

Օրինակ, հենց այդ սկզբունքն էր նաև Ամուլսարի ծրագրի հիմքում, որի վերաբերյալ փոխհամաձայնությունը՝ բավականին բարդ ու տևական քննարկումներից ու խրթին բանակցությունից հետո, կայացվեց 2016-ին՝ ի դեպ, ապրիլյան քառօրյա պատերազմից անց: Բայց Նիկոլ Փաշինյանի վարչապետությունից օրեր անց ներդրումային այդ խոշորագույն ծրագիրը, ըստ էության, արգելափակվեց և այդ վիճակում է առ այսօր, թեև նախորդ տարի հայտարարվեց վերականգնելու համաձայնության մասին: Մինչդեռ, Ամուլսարը թե՛ աշխարհագրական, թե՛ նաև իր ֆինանսատնտեսական տրամաբանությամբ մի ծրագիր էր, որը, բացի տնտեսական, հանքարդյունաբերական արդիականացման էֆեկտից, ուներ նաև հենց անվտանգություն պայմանավորող տնտեսական փոխկապակցվածության շոշափելի ներուժ: Բավարար է հիշատակել, օրինակ, այդ ծրագրի ապագայով Հայաստանում ԱՄՆ դեսպանների հետաքրքրվածությունը:

Ավելին, անցնող տարիների ընթացքում, այդ թվում՝ քառօրյա պատերազմից հետո, ըստ էության չկա ներդրումային, տնտեսական փոխկապակցվածության և փոխշահավետության խոսուն որևէ օրինակ, որն իր ներուժով կարող է համարվել ընդհուպ անվտանգային նշանակության:

Ավելին, դրա փոխարեն՝ կան ներդրումային մի քանի խոշոր ծրագրերի կամ տապալման, կամ, մեղմ ասած, դանդաղ և անարդյունավետ ընթացքի օրինակներ:

Օրինակ, Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 2-ին Ազգային տոնի առիթով շնորհավորել էր Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին՝ հայտնելով հարաբերությունը ռազմավարական մակարդակի բարձրացնելու պատրաստակամություն: Մինչդեռ, շատ ավելի պարզ մակարդակում Հայաստանն անկարող եղավ նույն Էմիրությունների հետ իրականացնել ներդրումային ծրագրեր, ինչպիսին «Ֆլայ Առնա» ազգային ավիափոխադրողի ստեղծման անհաջող փորձը, և ինչպիսին «Մասդար» ընկերության հետ Հայաստանում արևային խոշոր էլեկտրակայան կառուցելու ծրագիրն է:

Այն դեպքում, երբ Ադրբեջանը, օրինակ, «Մասդարի» հետ ունենալով ավելի ուշ ձեռք բերված պայմանավորվածություններ, ունի դրանց իրագործման անհամեմատ առավել արագ ընթացք: Այո, դժբախտաբար, Ադրբեջանն անվտանգային քաղաքականության իմաստով Հայաստանին գերազանցել է նաև այդ՝ արտաքին աշխարհի հետ տնտեսական փոխկապակցվածության բաղադրիչով:

Ու, դժբախտաբար, այդ հարաբերակցությունը շարունակվում է: Որովհետև այդ հարցում էլ ուժերի բալանսը ձևավորվում է գործի, ոչ թե խոսքի վրա: Ձևավորվում է դիվանագիտական հմտության, մասնագիտական կոմպետենտության, տնտեսական քաղաքականության առարկայականության, կարճ ասած՝ գործի, այլ ոչ թե խոսքի միջոցով: Ձևավորվում է ներդրումային հաջող օրինակներով, այդ կերպ ձևավորելով նաև երկրի գործընկերային հաստատուն վարկը, այլ ոչ թե՝ անարդյունավետ կամ տապալված նախագծերով:

2025 թվականին Հայաստանն ավելացնում է պետական պարտքը և նվազեցնում տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշը: Դա նշանակում է, որ Հայաստանը, չնայած հռետորաբանությանը, գործով ըստ էության նվազեցնում է անվտանգության համալիրի հիմնարար բաղադրիչներից մեկի՝ տնտեսության ՕԳԳ-ն, հետևաբար՝ իրականում բարձրացնում բանակի բեռը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս