Ոչ ոք չի ուզում իր վրա պատասխանատվություն վերցնել Ադրբեջանի ու Հայաստանի միջև կնքվելիք Խաղաղության պայմանագրի միջնորդ հանդիսանալու հարցում. Ջոնի Մելիքյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Օրբելի» վերլուծական կենտրոնի Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն է։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Ըստ կանխատեսումների՝ դրանք շատ թեժ են ընթանալու՝ արտաքին ուժերի կողմից հրահրվող ներքաղաքական առճակատումներով, բախումներով, հետընտրական զարգացումներով, սադրանքներով:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Վրաստանի այս ընտրություններն աննախադեպ են։ Վրաստանում ասում են, որ ավելի կարևոր են, քան 2012թ․ընտրությունները, երբ «Վրացական երազանքը», հաղթելով Սահակաշվիլուն, եկավ իշխանության։
- Մեր տարածաշրջանում Վրաստանն այն կարևոր խաչմերուկն է, որը մեզ կապում է ԵԱՏՄ շուկայի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, հետևաբար՝ թե ինչպիսին կլինի Վրաստանը, մեզ համար շատ կարևոր է։
- Վրաստանի ներսում աննախադեպ բևեռացում կա, և սա նոր բան չէ։ Վերջին տարիներին միշտ էլ այդպես է։ Բևեռացումը պայմանական պրոարևմտյան և պրոռուսական ուժերի մեջ է։ Վրաստանում ասում են, որ սրանք ոչ միայն ընտրություններ են, այլև արտաքին քաղաքական կողմնորոշման հանրաքվե։ Բայց ամեն բան միայն Վրաստանից չէ կախված։ Շատ բան կախված կլինի նրանից, թե Վրաստանի ընտրությունների արդյունքներն ինչպես կընկալվեն Արևմուտքում։
- Ես առանձնացնում եմ 3 սցենար։ 3-ից երկուսի դեպքում հաղթում է իշխող «Վրացական երազանքը», մեկում, եթե ընդդիմությունն անցնում է Պառլամենտ, կազմում է կոալիցիա ու դառնում մեծամասնություն։ Պառլամենտ կարող է մուտք գործել 4–5 քաղաքական ուժ։ Եվ եթե նշածս կոալիցիան կազմվի, այո՛, պրագմատիվ քաղաքականությունը կարող է փոխվել ռեակցիոնի, ինչը Ռուսաստանում կարող է ընկալվել՝ որպես պրովոկացիա։
- Եթե հաղթի «Վրացական երազանքը», նույնպես 2 սցենար կա։ Հաղթում է «Վրացական երազանքը», և Արևմուտքն ընդունում է դրանց արդյունքները, դրանից հետո սկսում են վերականգնել Արևմուտքի հետ հարաբերությունները։ Սա Հայաստանի համար լավ սցենար է, քանի որ ապակայունացում տեղի չի ունենա, և դա մեզ հնարավորություն կտա բալանսավորել մեր արտաքին քաղաքականությունը։ 2-րդ սցենարում Արևմուտքը չի ճանաչի ընտրությունների արդյունքները՝ դրանից բխող հետևանքներով։ Կարող են, օրինակ, հետ կանչել ազատ վիզային ռեժիմը։ Ընդդիմությունը, վստահ եմ, ամեն դեպքում չի ճանաչելու ընտրությունների արդյունքները։
- Վրաստանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումից հետո Վրաստանում գրանցված մոտ 500 ՀԿ-ներից որևէ մեկի գործունեությունն այս ընթացքում չի կասեցվել, հաշիվները չեն սառեցվել։ Ստացվեց՝ օրենքն ընդունել են՝ ընդունելու համար։
- Վրաստանի հասարակությունը եվրոպամետ է, և այդ ցանկությունը կա ու շարունակելու է լինել։ Վրաստանի Սահմանադրության մեջ եվրոպական ուղին ամրագրված է։ Վրաստանում պատրաստ են շարունակել եվրոպական ուղին, բայց չկորցնելով արժանապատվությունը։ Դա նշանակում է, որ ոչ ոք չպիտի գա, խառնվի իրենց ներքին գործերին։ ԱՄՆ դեսպանը, օրինակ, չպետք է գա, կանգնի ընդդիմության ցույցի ժամանակ նրանց կողքին։ Երկու կողմից գծեր են հատվել։ Նախկինում ոչ ոք չէր կարող մտածել, որ ԱՄՆ դեսպանին կարող են Վրաստանում քննադատել։ Վրաստանի ներկայիս իշխանությունները փորձում են պահել իրենց ներքին սուվերենությունը։
Հիշեցնենք, Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին օրերս հայտարարել էր, որ արևմտյան երկրներից մեկի բարձրաստիճան պաշտոնյան Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին առաջարկել է պատերազմ սկսել Ռուսաստանի հետ, որն իբր կտևեր երեք-չորս օր։
«Ես հիշում եմ, թե ինչ ասաց ինձ նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նրա հետ զրուցել է արևմտյան երկրներից մեկի բարձրաստիճան պաշտոնյան։ Իրակլին հարցրել է. «Բայց քանի՞ օր կարող ենք կռվել Ռուսաստանի դեմ»: «Երեք-չորս օր»,- ասել են։ Նա ասել է. «Եվ այդ երեք-չորս օրվա համար դուք մեզ կործանո՞ւմ եք»: Նրան պատասխանել են. «Երեք-չորս օրում բոլորին չեն սպանի, հետո մենք կօգնենք ձեզ, և դուք կկռվեք»: Բիձինա Իվանիշվիլին նշել է, որ Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ փորձեր կան՝ երկիրը ներքաշելու Ռուսաստանի հետ ռազմական առճակատման մեջ։
- Վրաստանը փորձում է ընտրել ոսկե միջինը՝ չհեռանալ տարածաշրջանից, իր տեղն ունենալ տարածաշրջանային նախագծերում՝ Միջին միջանցք, Սև ծով-Պարսից ծոց, Հյուսիս-Հարավ, ու քաղել իր օգուտները։
- Արևմուտքը միգուցե Վրաստանին առաջարկել է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, ինչին Վրաստանը պատասխանում է, որ ունի վերաինտեգրման ծրագիր, և իր տարածքային ամբողջականությունը չի պատրաստվում վերականգնել այնպես, ինչպես Ադրբեջանը, այլ ցանկանում են դա անել խաղաղ ճանապարհով։
- Մենք պետք է շատ զգույշ քայլեր անենք, թույլ չտանք, որ հարևան-թշնամական պետություններն օգտվեն դրանից։ Նույնն անում են վրացիները, ասում են՝ ունենք օկուպացված տարածքներ, բայց դրանք պետք է վերադարձնենք ոչ պատերազմի միջոցով։ Աշխարհաքաղաքական տարբեր փոփոխություններ կարող են տեղի ունենալ, ու պետք է ճկուն լինել։ Հնարավոր է՝ սառեցվի ուկրաինական կոնֆլիկտը, ու աշխարհի այլ վայրերում կոնֆլիկտի նոր օջախներ առաջանան։ Պետք է այնպես անել, որ տարածաշրջանում մենք դառնանք ՀԱԲ, այլ ոչ թե հակասությունների կիզակետ։ Սա Վրաստանում շատ լավ են հասկանում։ Բայց շատ բաներ կախված են թե՛ ԱՄՆ ընտրություններից, թե՛ մերձավորարևելյան պրոցեսներից, թե՛ ուկրաինական հակամարտությունից։
- Վերջին 2 տարում Աջարիայում ռուսական ռելոկանտների կողմից գրանցված Ա/Ձ-ների (անհատ ձեռնարկատեր,- հեղ.) լուրջ աճ կա։ Այո՛, Սահակաշվիլիի կառավարման ժամանակաշրջանում որդեգրել էին մի քաղաքականություն, երբ ամեն ինչ կարելի էր վաճառել, ապահովում էին մաքսիմալ ներդրումներ, բայց Աջարիայի թուրքական էքսպանսիայի մասին խոսակցություններն ավելի շատ էին, քան դա կար իրականում։ Այսօր արդեն թուրքական ներդրումների ծավալներն այն չեն, դրանց տեղը զբաղեցրել են չինական ընկերությունները։ Չմոռանանք նաև չինական-սինգապուրյան ներդրումներով կառուցվող մեգապրոյեկտի՝ Անակլիայի խորջրյա նավահանգստի կառուցման մասին։ Եթե համեմատենք տարածաշրջանի պետությունների ներկայացվածությունը, չինական ներդրումների մակարդակով 1-ին տեղում Վրաստանն է, հետո՝ Ադրբեջանը, ապա՝ Հայաստանը։
- Աբխազիան, ունենալով խնդիրներ Ռուսաստանի հետ, մտածում է, որ միգուցե իրենց հաշվին կարող է ռուս-վրացական գործարք տեղի ունենալ։ Հարավային Օսիայում նույնպես զգայուն են այս հարցի վերաբերյալ։ Ես չեմ պատկերացնում կոնֆեդերատիվ Վրաստան, միգուցե ֆեդերատիվ, բայց Վրաստանի դերն այստեղ շատ կարևոր է։ Չեմ կարծում, որ աբխազներն ու օսերը կհամաձայնեն դրան։
- «3+2» ֆորմատը պոստկոնֆլիկտային ֆորմատ է, բայց կոնֆլիկտները լուծված չեն։ Կոնսուլտատիվ հավաքվում են, որոշ հարցեր քննարկում, բայց որոշիչ բաներ տեղի չեն ունենում։ Դրա համար Վրաստանը հիմա չի միանում այդ ֆորմատին։ Վրաստանում հասկանում են՝ տարածաշրջանային ինչ տնտեսական նախագիծ էլ լինի, առանց իրենց դա տեղի չի ունենալու։ Իրենք են այդ խաչմերուկը, ու իրենց այլընտրանք չկա, քանի դեռ Ադրբեջանը չի նվազեցրել իր մաքսիմալիստական նկրտումները, ու Հայաստանով ճանապարհ չեն ստացել։
- Արևմուտքի շահերից է բխում Վրաստանը չկորցնելը։ Միգուցե ինչ-որ պահի, եթե տեսնեն, որ վրացական ընդդիմությունն իրեն չի արդարացնում, որոշ պրոցեսներ լինեն, կլինի այն, ինչ եղավ 2012 թվականին։ Չէ՞ որ այդ ժամանակ Սահակաշվիլին ինքնուրույն չորոշեց ընդունել իր պարտությունն ընտրություններում։ Հետընտրական պրոցեսներ հաստատ կլինեն, սադրանքներ՝ միգուցե նույնպես։
- Վրաստանում հասկանում են, որ Երևանում ով էլ լինի իշխանության, շահագրգռված է լինելու Վրաստանի կայունությամբ։ Նույն կերպ Վրաստանի հայ համայնքն ամենահանգիստ, ոչ կոնֆլիկտային համայնքն է։
- Մենք Մոլդովա չենք, պիտի հասկանանք, որ եռացող տարածաշրջանից հեռու չենք։ Իրաքից հեռու չենք։ Պիտի կարողանանք օգտագործել CEPA-ով մեզ տրված հնարավորությունները։
- Շահարկումներ կային, բայց ես չէի ասի, որ 2021թ․Վրաստանը 44-օրյա պատերազմի ժամանակ խոչընդոտել է երկու կողմերին՝ Հայաստանին կամ Ադրբեջանին։
- Ոչ ոք չի ուզում իր վրա պատասխանատվություն վերցնել Ադրբեջանի ու Հայաստանի միջև կնքվելիք Խաղաղության պայմանագրի միջնորդ հանդիսանալու հարցում: Կարող են Ռուսաստանում ստորագրել, Ալմա Աթայում կամ այլուր, բայց դրանից բան չի փոխվելու: Այն երկիրը, ում տարածքում այն ստորագրվելու է, ինչ-որ դիվիդենտներ կարող է քաղել, բայց հարցն այն է, որ այսօր ոչ մեկն իր վրա պատասխանատվություն չի վերցնում: Որովհետև կարող ենք ինչ-որ բան ստորագրել, բայց դրանից հետո Բաքվի քաղաքականությունը կփոխվի՞, թե՞ չէ, ոչ ոք չի կարող ասել: Առնվազն ես ոչ մի նման պետություն չեմ տեսնում: Դրա համար կապ չունի՝ որտեղ կստորագրվի: Միգուցե լինի մի հարթակ, որտեղ ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը խնդիր չտեսնեն: Գուցե դա լինի Ղազախստանը, որ թեև ԱՊՀ, ԵԱՏՄ և այլ կառույցների անդամ է, բայց Արևմուտքի հետ ևս ունի նորմալ հարաբերություններ: Բայց դա երկրորդական է: Կարևորը կոնստրուկտիվ մոտեցումն է, որը ես չեմ տեսնում: Ադրբեջանն այսօր փոխում է պետության տրամաբանությունը: Իրենք ուզում են Միջին տերություն դառնալ, մրցում են տարածաշրջանային այլ խաղացողների հետ: Նույնիսկ որոշ հարցերում այսօր Ադրբեջանը Թուրքիային է փորձում անցնել: Առաջ եթե Թուրքիան ուներ իր շահերը Կենտրոնական Ասիայում, այսօր Ադրբեջանն է բոլոր Կենտրոնական ասիական պետությունների հետ ավելի սերտացնում իր հարաբերությունները և նրանց համոզում, որ հենց Ադրբեջանն է իրենց դարպասը դեպի Եվրոպա, այլ ոչ Թուրքիան, որը երթուղիներից մեկն է: Տարածաշրջանում նոր տիրոջ դեր ստանձնելու խնդիրը սպառնալիք է թե՛ մեզ, թե՛ Վրաստանի համար: Դրա համար, եթե Արևմուտքի հետ հարաբերություններն առհասարակ չլինեն և զրոյացվեն, ապա Ադրբեջանն ու Թուրքիան ավելի կուժեղացնեն իրենց ազդեցությունը Վրաստանի վրա, ինչը մեզ համար ամենևին էլ ցանկալի սցենար չէ:
- Այո, այսօր հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ կա:
- 2009թ. Սերժ Սարգսյանի կողմից Սահակաշվիլուն տրված մեդալը (Պատվո շքանշանը,- հեղ.) նրան տրված մեդալ չէր, այլ տրված էր Վրաստան պետությանը։ Այո՛, ես Սերժ Սարգսյանի այդ քայլից հետո լսել եմ, որ որոշ լարվածություն եղել է, բայց պետք է հասկանանք, որ կապ չունի՝ ով է Հայաստանում ղեկավարը, և կապ չունի, թե ով է Վրաստանում ղեկավարը: Այդ ժեստը Վրաստանի նախագահի նկատմամբ է: Այն տրվում է Վրաստանի նախագահին: Հայ-վրացական հարաբերությունները կախված չեն այդ երկրներում ղեկավարների՝ ով լինելուց: Որոշ հարցեր Վրաստանում մեզնով են մեղմվում, մենք միմյանցով պիտի գոյատևենք այդ բարդ շրջանում: Մեզ համար կարևոր է, որ արտաքին կապն ապահովված լինի առհասարակ և ոչ միայն՝ պատերազմի ժամանակ: Մեր արտադրանքի 70%-ը Վրաստանով է գնում: Ոչ պոպուլյար որոշումներ կայացնելը երբեմն շահավետ է երկրի համար: Սահակաշվիլուն մեդալ տալը մեր երկրի պետական շահերից էր բխում: Դեռ 2014-2015թթ.-ից խոսակցություններ կային, որ վրաց-ադրբեջանական հարաբերությունները հավասարակշռելու համար հայ-վրացական հարաբերությունները պետք է դարձնել ռազմավարական բնույթի: Այն ժամանակ ցույց ենք տվել, որ ունենք մեր շահերը, ու դրանք երբեմն կարող են չհամընկնել Ռուսաստանի պատկերացումների հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։