
Ֆոն դեր Լայենը ինքնաթիռում փրկել է ուղևորներից մեկին

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը փրկել է ինքնաթիռում գտնվող ուղևորներից մեկին, երբ վերադառնում էր Բրյուսել Ռիո դե Ժանեյրոյում կայացած Մեծ քսանյակի գագաթնաժողովից: Այս մասին հաղորդում է POLITICO-ն։
Ֆոն դեր Լայենը, որը մասնագիտությամբ բժիշկ է, նոյեմբերի 20-ին շվեյցարական ավիաընկերության ինքնաթիռում Ցյուրիխից Բրյուսել թռիչքի ժամանակ միջամտել է, երբ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Անձնակազմի անդամները հարցրել են մյուս ուղևորներին, թե նրանցից ով կարող է առաջին օգնություն ցուցաբերել։Եվրահանձնաժողովի խոսնակ Արիանա Պոդեստան հաստատել է տեղի ունեցածը։
«Ինչպես լինում է նման դեպքերում, ինքնաթիռի անձնակազմը հարցրել է՝ արդյոք ուղևորներից որևէ մեկը բժշկական կրթություն ունի։ Նախագահը օգնեց կարիքի մեջ գտնվող ուղևորին, մինչև մենք վայրէջք կատարեցինք, և այդ ժամանակ գործի անցավ բուժանձնակազմը», – ասել է Պոդեստան։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանրային առողջության բնագավառում դոկտորական աստիճան ունի, որը ստացել է Հանովերի բժշկական դպրոցում։