Գլոբալիստ-լիբերալներին տրված ժամկետը 7 տարի է, թարախի տոպրակը լցվել է, իրենք իրենցով հասունացնում են իրենց վերջը. Ռուսաստանն ամեն ինչ հասկանում է, ատամները կրճտացնելով՝ դեռ սպասում է. Վարդան Հակոբյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ուկրաինայից հետո կամ Ուկրաինային զուգահեռ՝ լարվածությունը Հարավային Կովկաս է տեղափոխվելու։ Դա պարզ էր։
  • Ռուսաստանի արտաքին հետախուզությունը դիվանագիտական ձևակերպում է արել․ խոսքը ոչ թե ազգի հարատևության մասին է, որովհետև ազգն ինչ-որ կերպ կարող է գոյատևել, այլ պետականության կորստի։ Ռուսաստանը զգուշացնում է, որ այսպես շարունակելու դեպքում Հայաստանը կկորցնի իր պետականությունը։ Գործընթացներն արդեն սկսվել են ու գնալով արագանում են։ Մի կողմից՝ լիբերալ գլոբալիստները մինչև Թրամփի երդմնակալությունը ցանկանում են ամեն ինչ այնպես կապել, որ այլևս քանդել չլինի։ Մյուս կողմից՝ դժվար է ասել, որ Թրամփը գալուն պես ինչ-որ բան է փոխելու։ Ամեն դեպքում շտապում են։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը զգուշացրել է՝ ԱՄՆ-ը Հայաստանին մղում է դեպի «ազգային ինքնասպանություն»:

Կարդացեք նաև

ԱՄՆ Պետդեպարտամենտը նկատելիորեն արագացրել է Հայաստանում քաղաքացիական հասարակության արևմտամետ կառույցների խթանման ուղղությամբ աշխատանքը. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը։

Կառույցի պնդմամբ՝ Միացյալ Նահանգները ցանկանում է վերջնականապես Հայաստանը վերակողմնորոշել դեպի զարգացման արևմտամետ ուղղություն՝ առաջնորդվելով Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված սխեմաներով:

«Միացյալ Նահանգների գլխավորած, այսպես կոչված, քաղաքակիրթ համայնքին միանալու «բարձր նպատակին» հասնելու համար հայ ժողովուրդը, ինչպես կարծում են Վաշինգտոնում, ստիպված կլինի վճարել սեփական ավանդույթներից և ազգային սոցիալական հիմքերից հրաժարմամբ: Այսպիսով, Վաշինգտոնը համառորեն Հայաստանին մղում է դեպի ազգային «ինքնասպանություն»»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Հայաստանի այս իշխանությունների պարագայում արտաքին աշխարհի հետ հարաբերություններ չկան։ Այստեղ կա թելադրանք և կատարում։
  • Թրամփի համոզիչ, անսակարկելի հաղթանակն իսկապես պատմական էր, քանի որ զգայուն հարված հասցվեց լիբերալ գլոբալիստներին։ Բայց մինչև երդմնակալությունը և դրանից հետո ինչպե՞ս կանցնի նրա նախագահությունը, հարց է։ Ըստ էության 2016թ․ նույն կարգախոսներով իշխանության եկած Թրամփին չթողեցին, որ նա իր ծրագիրն իրականացնի։ Նա չկարողացավ ազատ նախագահել։ Գուցե դասեր քաղել է։ Բայց իմանալով լիբերալների վարքագծի մասին՝ կարող եմ ասել, որ նրանք ամեն ինչի ընդունակ են՝ խոսելով խաղաղությունից՝ պատերազմ բերել, գիլիոտիններ, լուսավոր խոստումներ տալով՝ անդունդի հասցնել և այլն։ Նույնը բոլշևիկներն են։ Նեոլիբերալներն ամեն ինչ կանեն Թրամփին խանգարելու համար, ընդհուպ ընդունակ են ֆիզիկապես ոչնչացնել։ Նրանք չեն հանձնվել։ Դրա վառ ապացույցներից մեկը իրենց հատուկ տակից, թաքուն, ցինիկ ձևով արած այն հայտարարությունն էր, որ թույլ են տալիս Ուկրաինային խոցել Ռուսաստանի խորքը։ Պաշտոնական ոչինչ չի հաղորդվում, բայց դա նրանց ոճն է։
  • Բայդենը հոգեբանորեն արդեն գնացած մարդ է ու թքած ունի Ուկրաինայի վրա։ Նա մտածում է՝ ինչ է թողնելու իր ընտանիքին, և, թե ինչ է լինելու իր տղայի ճակատագիրը։ Թերևս դա է եղել Բայդենի ու Թրամփի զրույցի թեման։
  • Կասկած չունեմ, որ Փաշինյանի նշանակումները կապ ունեն արտաքին գործոնների հետ։ Հայաստանում արևմտյան ֆինանսավորմամբ գործող հասարակական կազմակերպությունների (ՀԿ) համար Թրամփի հաղթանակը մեծ ողբերգություն է։ Այն ուժը, որի պրոյեկտն էին իրենք, պարտություն է կրել։ Դեռ իներցիայով դեսպանության աշխատակիցները նրանց թելադրում են՝ ինչ անել։ Նրանց նախագծի հեղինակներն այդ կազմակերպություններին թելադրել են իմիջը փոխել, մնալ ջրի երեսին, մինչև անցնի այս 4 տարին։ Եթե լիբերալներին պետք լինի, Զելենսկին էլ կսափրվի ու փողկապ կկապի։ Սրանք սուբյեկտ չեն, դերակատար են։ Այդ ՀԿ-ների ամենամեծ պրոբլեմն այն է, որ կկտրվի ֆոնդերի ֆինանսավորումը։ Դրա համար են սրանք վայնասուն դրել Թրամփի հաղթանակի առիթով։ Դրա առանցքում զուտ իրենց ֆինանսավորման հարցն է։ Տերն է փոխվել, մնացածն իրենց չի հետաքրքրում։

  • Նեոլիբերալները հոգեպես հաշմված մարդիկ են․ ընտանիք չունեն, մեջները կա այլասերված ինչ-որ բան։ ԼԳԲՏ տիպի գործիչները, ովքեր ընտանիք չունեն, ընդունակ են ամեն ինչի։ Նրանք կապանքներ չունեն։ Դրա համար են խառնվել Թրամփի ընտրությամբ։ Լիբերալ-գլոբալիզմը զուտ քաղաքական շարժում չէ, գաղափարախոսություն է։ Նայեք Մակրոնի, Միացյալ Թագավորության նորընտիր վարչապետի վարքագծին։
  • Եթե մինչև հունվարի 21-ը դիմանան, ու Թրամփը երդմնակալությամբ ստանձնի իշխանությունը, կարող է ինչ-որ բան փոխվել, բայց նեոլիբերալները կարող են մինչ այդ ինչ-որ բան անել։ Թրամփը հասկանում է, որ Բայդենը ժուլիկ է, ինքը չէ որոշողը, իրեն թելադրում են, իսկ թելադրողներն ընդունակ են ամեն տեսակ ստոր քայլերի։
  • Պուտինը երբեք ծայրահեղ քայլի չի գնա։ Ամեն ինչ կանի, որ դա չլինի։ Դա Ռուսաստանի հոգեբանության մեջ չի։ Դրա համար էլ լիբերալներն ասում են՝ մի անհանգստացեք, ռուսները չեն խփի։ Պուտինը կարող է պատասխանել ծայրահեղ քայլով, բայց ինքը նախահարձակ չի լինի։ Ինքը կարող է համբերատար նստել գետի ափին, ինչպես չինական ասացվածքում է ասվում, ու սպասել, մինչև ջուրը կբերի թշնամու դիակը… Նա այդ տիպի գործիչ է։ Եվրոպացի ավանտյուրիստները կարող են ծայրահեղ քայլի բերել։ Տեսեք՝ Ուկրաինայի հարցում Պուտինն 8 տարի համբերեց, 8 տարի բանակցեց։ Շատ համբերատար էին ռուսները, ոչ մի հավակնություն չունեին Ուկրաինայի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Բայց 2014թ․Մայդանի հաղթանակից հետո Ուկրաինան սկսեց անմիջապես ռմբակոծել սեփական ժողովրդին՝ Դոնբասի բնակիչներին, որովհետև նրանք ռուս էին։ Սկսվեց քաղաքացիական պատերազմ, բայց ռուսներն էլի համբերեցին։ Եվ միայն այն ժամանակ, երբ Արևմուտքը նախապատրաստել էր Ուկրաինային, ամբողջ պաշտպանական գիծը պատրաստ էր, ու պատրաստ էին հարձակվել Ռուսաստանի վրա, ռուսներն առաջինը հարվածեցին։ Նույնը կարող է լինել այս պահին։ Զելենսկին ինքն էլ չի որոշում։ Նա ընդունակ չէ ո՛չ մտածելու, ո՛չ հարվածելու։ Ուկրաինայի ռազմական օպերացիաների հիմքում բրիտանական ծրագրավորումն է։
  • Ես ինչ հիշում եմ, Արագածն անգամ ամռանը միշտ փայլում էր սառցաբեկորներից։ Հիմա այդպես չէ։ Նայե՛ք Մեծ Մասիսին․սառույցի մի բարակ շերտ է մնացել։ Մեր բոլոր գետերը սնվում էին Հայկական լեռնաշխարհից։ Լեռնագագաթների սառույցը հալվում էր ու սնուցում գետերը։ Դրա համար դրախտ էին անվանում այդ ջրբաժանը։ Արևմտյան Հայաստանի Բյուրականի անունը հենց այդտեղից է առաջացել՝ հազար ակունք։ Ջուրը ռազմավարական հարց է։ Ցանկացած պետության ղեկավար պետք է մտածի այդ մասին։ Ալիևը մտածում է, սրանք՝ ոչ։ Չեմ բացառում, որ վաղն Ադրբեջանը կարող է ասել՝ այս գետի այսինչ վտակը մեր սահմանում պետք է լինի։ Սրանց չի հետաքրքրում անգամ Զանգեզուրը։ Փաշինյանին 10 000 քկմ է հետաքրքրում։ Էս հոգեբանությամբ սրանք ընդունակ են ամեն ինչ տալ։ 

Հիշեցնենք, օրերս Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին  մի գրառմամբ տեղեկացրել էր. «Ադրբեջանի և Հայաստանի հիդրոլոգների ու ինժեներների խումբը, մեր ակտիվ աջակցությամբ, համատեղ աշխատում է սահմանային գետերի ինտեգրված ջրային կառավարման սխեմայի վրա»։ 

Հայաստանի ջրային ռեսուրսներին սպառնացող այս լուրը ուշադրության էր արժանի նաև այն առումով, որ ադրբեջանցիների հետ հայ մասնագետների կողմից համատեղ ինչ-որ գործողություն իրականացնելու մասին տեղեկանում ենք Ադրբեջանում ԱՄՆ դեսպանից։

  • Հայաստանի այս իշխանություններն ամեոբաներ են։ Հստակ կատարում են իրենց տրված ծրագիրը։ Իրենք ոչնչից մարդ են դարձել, բոշա վիճակից հասել են ինչ-որ բանի, ռեստորան են գնում, շրջում են աշխարհով մեկ ու հասկանում են, որ քանի դեռ կատարում են հանձնարարություն, իրենց կյանքն այդպես է լինելու։
  • Մենք այսօր, ցավոք, պետություն չունենք, չկա մի կառույց, որը մտածի՝ ի՞նչ քաղաքականություն պետք է վարել, օրինակ՝ Թրամփի հետ։ Իրենք սափրվել են ու նստել-սպասում են։ Չեն մտածում, չեն էլ ուզում մտածել պետությունը պաշտպանելու մասին։ Սրանք մորթապաշտ կատարողներ են, որոնց ասել են՝ արա սա, քո փողը կստանաս։
  • Եթե հանրապետությունով շրջեք, շատ հաճախ կտեսնեք մարդկանց, որոնց համար ի՞նչ պետություն, միայն թե՝ իրենց մաշկի համար լավ լինի։ Ասում են՝ ինչի ՔՊ-ականների բախտը բերեց, ինչ-որ բան թռցրեցին, ես չանե՞մ։

  • Չեմ կարող վստահ ասել, բայց բոլոր նեոլիբերալներին տրված ժամկետը կարծես թե 7 տարի է։ Թարախի տոպրակը լցվել է։ Իրենք իրենցով հասունացնում են իրենց վերջը։
  • Ես չեմ զարմանա, որ հաջորդիվ, երբ Նիկոլ Փաշինյանը մարզեր գնա, իրեն դուրս գան դիմավորելու «Որտեղ հաց, այնտեղ կաց» պլակատներով։ Արագածի ֆետիշացումը բերելու է Հայաստանի զինանշանի փոփոխության։ Արարատ սարից հրաժարվելը նշանակում է հրաժարում պահանջատիրությունից։
  • Եթե ժողովուրդը կանգնի, փորձի սրան հանել, հեղաշրջում լինի կամ նման մի բան, Ադրբեջանը պատրաստ կլինի պատերազմ սկսել, զենքի ուժով գալ ու պաշտպանել Փաշինյանին։
  • Հռոմի պապին եթե ադրբեջանցիները սիրաշահում են, ուրեմն մշակութային ինչ-որ բան գողանալու, պատմություն կեղծելու խնդիր ունեն։ Ալիևն ազգ է կերտում։ Վաղը նրան ասելու են՝ Աթաթուրք։

Հիշեցնենք, 2024թ. օգոստոսին Արցախի թեմը Վատիկանի թերթին մեղադրել է Բաքվի կեղծ քարոզչությանը մասնակցելու մեջ: ՀԱԵ Արցախի թեմը հայկական մշակութային ժառանգության յուրացման և ադրբեջանական քարոզչության ծառայություն էր որակել Վատիկանի պաշտոնական «L’Osservatore Romano» թերթի հոդվածը։ Տեղեկությունը հայտնել էր Արցախի թեմը։

Վատիկանի «L’Osservatore Romano» պաշտոնաթերթում հրապարակվել էր «Ճամփորդություն հին Կովկասյան Ալբանիայում դեպի քրիստոնեության արմատները. Դադիվանքը, Գանձասարը և Խաթրավանքը ամպերի մեջ» վերնագրով հոդվածը (հեղինակ՝ Ռոսելա Ֆաբիանի)։ Նյութում Արցախի հայտնի հայկական տաճարները ներկայացված էին՝ որպես «աղվանական»։

Արցախի թեմի տարածած հաղորդագրությունում ասվում էր, որ այցելելով ներկայում օկուպացված Արցախի Հանրապետության տարածք՝ հեղինակը, Ադրբեջանի քիմքին համապատասխան, փորձել է նոր շունչ հաղորդել այդ երկրի կողմից հորինված հայկական մշակութային արժեքների «աղվանական ծագումնաբանության առասպելին»: 

«Սա ադրբեջանական քարոզչամեքենային մատուցված ակնհայտ ծառայություններից է՝ տարածաշրջանի և նրա բնիկ հայ ժողովրդի ստեղծած հոգևոր-մշակութային ժառանգության իրական պատմության կեղծ ու հիմնազուրկ ներկայացման հերթական փորձ։ Նման քարոզչանյութը հրապարակելուց առաջ հեղինակը նախ պետք է փորձեր գոնե հպանցիկ ծանոթանալ ընդամենն ամիսներ առաջ տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին, դրանց դրդապատճառներին։ Այնուհետև նա պետք է նաև ուշադրություն դարձներ իր այցելած և մատնանշած Դադիվանքի, Գանձասարի, Խաթրավանքի իրական պատմությանը, նրանց պատերին ու շրջակայքում սփռված տասնյակ հարյուրների հասնող արձանագրություններից գոնե մեկ-երկուսի բովանդակությանը, կամ փորձեր հասկանալ, թե դրանք ինչ լեզվով են գրված, կամ ինչու են հենց հայերեն գրված»,- ասված էր հայտարարության մեջ:

Արցախի թեմը նաև ընդգծել էր, որ նման կեղծ ու անհիմն քարոզչությունը միանգամայն դատապարտելի ու անհարգալից վերաբերմունքի դրսևորում է ոչ միայն հայ ժողովրդի, նրա հոգևոր կառույցը հանդիսացող Հայ Առաքելական եկեղեցու բազմադարյան պատմության, հոգևոր ու գաղափարաքաղաքական հարուստ կենսագրություն ունեցող նշանավոր հոգևոր-մշակութային կենտրոնների, այլև ընդհանրապես համաշխարհային քրիստոնեական քաղաքակրթության պատմության նկատմամբ:

  • Ինչի Փաշինյանի իրական տերերը թույլ կտան որոշում կայացնե՞լ։ Տերը ոնց խփի, նենց կգնա։ Ախր դու ո՞վ ես, որ պրոռուսական կամ պրոիրանյան քայլ անես։ Չեմ հավատում, որ Թրամփի ընտրվելուց հետո Փաշինյանը պրոռուսական քայլ կանի։ Նա քաղաքականություն չի վարում, ինչ ասում են, դա էլ անում է։ 2018թ.-ից ինչ եկել է, հակառուսական քայլեր է անում, դաշնակցային հարաբերությունները քանդում։ Ռուսաստանը շատ լավ ամեն ինչ հասկանում է, բայց ոչինչ չեն անելու։ Ատամները կրճտացնելով՝ սպասելու է։ 
  • Չի բացառվում, որ Թրամփն Իրանի դեմ գործողությունների չգնա:
  • Ռուսաստանում լարվածությունը չի թուլանում։ Դաղստանը չի հանգստանում։ Ռուսաստանում հասկանում են, որ Հյուսիսային Կովկասի ուղղությամբ վտանգ կա։ Դրա համար չպետք է ձեռքից բաց թողնի Հարավային Կովկասը։ Բայց նա դեռ սպասում է զարգացումներին։ Չեն խառնվի այստեղ, մինչև իրավիճակը չհասունանա, ինչպես չխառնվեցին Մոլդովայում։ Դա Պուտինի ձեռագիրն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս