«Բժիշկներն ասացին՝ գնա տուն, մեզանից կախված ամեն ինչ արել ենք. թռչունի նման եմ, որի թևերը կտրել են ու նետել վանդակի մեջ». Արցախից բռնի տեղահանված Էրիկ Պողոսյան
2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված Էրիկ Պողոսյանը և իր բազմանդամ ընտանիքը՝ 8 հոգանոց, ապրում են Արտաշատ քաղաքում։ Նա ծնվել է Ստեփանակերտ քաղաքում, այնուհետև տեղափոխվել Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղ։ Դեռևս արցախյան առաջին ազատամարտի ժամանակ Էրիկի մոտ ախտորոշվում է մկանային դիստրոֆիա։ Արտերկրում բուժում ստանալու հնարավորություն չունենալով, 2001 թվականից հաճախել է Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն և սկսել է զբաղվել նկարչությամբ:
Մինչև 2023 թվականի սեպտեմբերն Էրիկի առողջական վիճակը լավ է գնահատվել, չնայած եղել է հաշմանդամության սայլակին, սակայն կարողացել է հանգիստ ստեղծագործել, քանի որ իր մուսայի՝ սիրելի Արցախի մոտ է եղել։ Բռնի տեղահանությունից հետո 40-ամյա Էրիկի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նույնիսկ հայտնվել է հիվանդանոցում՝ վերակենդանացման բաժանմունքում։
Արցախից բռնի տեղահանվելուց հետո, սկզբում Էրիկն ընտանիքի հետ հաստատվել են Վանաձոր քաղաքում, որտեղ օրեցօր նրա առողջական վիճակը վատացել է, մի կողմից՝ սթրեսից, մյուս կողմից՝ Վանաձորի խոնավ օդից, ուստի որոշել են տեղափոխվել Արտաշատ քաղաք, որտեղ օդը համեմատաբար չոր է։
«Շնչառությանս հետ կապված խնդիրներն են սրվել, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո բժիշկներն ինձ ասացին՝ գնա տուն, մեզանից կախված ամեն ինչ արել ենք։
Հիմա եղբորս ընտանիքի հետ, 8 հոգով ապրում ենք վարձակալած տանը՝ վճարում ենք 120.000 դրամ։ Հայրս ու մայրս թոշակ են ստանում, ես էլ եմ ստանում թոշակ՝ հավաքում ենք ամբողջ գումարը ու տալիս ենք տան վարձ։ Եղբայրս 2023 թվականի սեպտեմբերին բենզինի պայթյունի հետևանքով լուրջ վնասվածքներ ունի, ձեռքերը վառվել են, նորմալ չի կարողանում դեռևս գործ անել»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Էրիկ Պողոսյանը։
Նա իր սոցիալական ու առողջական խնդիրների մասին շատ չի սիրում խոսել, մանրամասնել, ասում է՝ կաշկանդվում է, որ մարդիկ իմանան դրանց մասին, մինչև բռնի տեղահանվելը որևէ մեկի օգնության կարիքը չի զգացել, հանգիստ ստեղծագործել է, մասնակցել տարբեր ցուցահանդեսների, նույնիսկ իր որոշ ստեղծագործություններ վաճառվել են։ Իսկ Հայաստանում նույնիսկ իր ստեղծագործությունները վաճառելու հնարավորություն չունի, որպեսզի կարողանա որևէ սոցիալական հարց լուծել։
Էրիկի մայրը 3-րդ կարգի հաշմանդամություն ունի, հայրը նույնպես առողջական խնդիրներ ունի, ուստի Էրիկի համար ապագան անորոշ է, չգիտի՝ որքան կարող են թոշակի հույսին վարձով ապրել։
«Այս պահին իմ սենյակի մի անկյունում եմ նկարում, նախկինի նման չեմ կարողանում նկարել, որովհետև պատերազմից հետո առողջական վիճակս շատ է վատացել։ Շնչառությունս վատ է, չգիտեմ՝ օդի՞ց է, թե՞ այլ խնդիր կա, Արցախում այսպիսի խնդիրներ չունեի, սայլակի վրա էի, բայց ինձ շատ լավ էի զգում, հանգիստ ստեղծագործում էի։ Երբ Արցախում էի, բնություն էի նկարում, բնության մեջ էի, հիմա արթնանում եմ, մտովի գնում եմ Արցախ, հետո վերադառնում իրականություն, չգիտեմ…
Եթե Արցախում մեկ նկարն ավարտին հասցնելու համար պահանջվում էր 3 օր, հիմա ամենաքիչը 15 օրում եմ կարողանում մի նկարն ավարտին հասցնել»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Ի դեպ, Էրիկը ոչ միայն բնություն է նկարում, այլև գծանկարներ է անում, սիրում է նկարել սովորական մարդկանցից մինչև պաշտոնյաներ, երեխաներ։ Նա ժամանակին գծանկարով պատկերել է ՊԲ նախկին հրամանատար, այժմ Բաքվում պատանդի կարգավիճակով ապօրինի գտնվող Լևոն Մնացականյանին, Արցախի նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ մեկ սեղանի շուրջ հավաքված շախմատ խաղալիս։
Էրիկը ցավով պատմում է, որ ոչ միայն Արցախն է կորցրել, այլև հարևաններին, ընկերներին, նրանցից ամեն մեկը մի վայրում է այս պահին բնակվում, կապը կտրվել է, գնալ-գալը՝ դժվարացել։
«Գիտեք՝ ինձ հիմա ինչպես եմ զգում՝ թռչունի նման, որի թևերը կտրել են ու նետել վանդակի մեջ, որն ուզում է թռչել, բայց չի կարողանում, մնացել է վանդակի չորս պատերի մեջ։
Մեկ երազանք ունեմ՝ կրկին գնալ Արցախ, ապրել այնտեղ ու հանգիստ ստեղծագործել, իսկ դրա համար ես չգիտեմ՝ ինչ պետք է անեմ, իսկապես չգիտեմ, դժվար հարց է»,- նշեց Էրիկ Պողոսյանը։
Նշենք, որ այս պահին Էրիկի ընտանիքում որևէ մեկը չի աշխատում, և նա ունի բոլորիս աջակցության կարիքը։
Ի դեպ, Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց, որ հաջորդ տարվանից Կառավարությունը օգնություն կտրամադրի ոչ բոլոր արցախահայերին՝ միայն ավելի թիրախային սոցիալական խմբերին։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժամանակակից աշխարհում մարդիկ նույնիսկ հաշմանդամության սայլակին գամված կարող են աշխատել, թե ինչպե՞ս ու ի՞նչ աշխատանք կարող են անել՝ Նիկոլ Փաշինյանը չմանրամասնեց։