ԱՄՆ Սենատը չի ընդունել Իսրայելին արկերի վաճառքն արգելող բանաձևը
ԱՄՆ Սենատը նոյեմբերի 20-ին ձայների ճնշող մեծամասնությամբ մերժել է սենատոր Բեռնի Սանդերսի բանաձևերից մեկը, որոնք առաջարկում են արգելափակել սպառազինությունների առանձին տեսակների վաճառքն Իսրայելին՝ ի նշան Գազայում շարունակվող ռազմական գործողությունների դեմ բողոքի: Այդ մասին հաղորդում է The Hill-ը:
79 կոնգրեսական «դեմ» է քվեարկել 120 մմ տրամաչափի տանկային արկերի վաճառքն արգելափակող բանաձևին, 18-ը պաշտպանել է առաջարկը։
Հրատարակությունը նշում է, որ զենքի այլ տեսակների վաճառքը դադարեցնելու վերաբերյալ երկու բանաձև դեռ պետք է քվեարկության դրվի։ Սակայն ակնկալվում է, որ արդյունքները լինելու են նույնը:
Սանդերսն ընդգծել է, որ բանաձևերն ուղղված են «հարձակողական զենքի դեմ, որը կործանարար հետևանքներով օգտագործվել է Գազայի և Լիբանանի քաղաքացիական բնակչության դեմ»։
Նրա խոսքով՝ այդ սահմանափակումները չեն ազդի հարձակումներից պաշտպանվելու Իսրայելի կարողության վրա:
Ինչպես նշել է սենատորը, օտարերկրյա օգնության մասին օրենքի և սպառազինությունների վերահսկման մասին օրենքի համաձայն՝ ԱՄՆ-ն չի կարող զենք տրամադրել այն երկրներին, որոնք խախտում են մարդու իրավունքները։
Սենատի դեմոկրատ մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը հայտարարել է, որ կտրականապես դեմ է Սանդերսի առաջարկներին։ Նրա կարծիքով՝ «Իսրայելը շրջապատված է թշնամիներով, որոնք ձգտում են նրա ոչնչացմանը՝ ՀԱՄԱՍ-ից մինչև «Հեզբոլլահ», հութիներ և ամենավտանգավորը՝ Իրան»։
«Այս սպառնալիքները գոյություն ունեն արդեն վաղուց և երկար տարիներ կպահպանվեն ապագայում», – կարծում է Շումերը:
Սանդերսի առաջարկած բանաձևերն առաջարկում են արգելափակել Իսրայելին տանկերի, F-15IA ինքնաթիռների և ականանետների համար զինամթերքի մատակարարումները։