Իշխանությունը միայն հանձնելու «մաստեր կլասներ» է կարողանում անել. Հաջորդիվ կլինեն այլ բուհեր. Արմեն Հարությունյան
Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել էր Մանկավարժական համալսարան, որտեղ ներկայացրել է, թե «Ակադեմիական քաղաք» նախագիծն ինչ առավելություններ ունի։ Եվ ինչպես գրել էր մամուլը՝ այցի ժամանակ նա ԿԳՄՍ նախարարին հրահանգել է, որ մինչև 2025 թվականի գարնան սկիզբ ազատեն Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի շենքը, քանի որ ավելի վաղ որոշում էր կայացվել, որ Բրյուսովի անվան համալսարանը և Ֆիզկուլտ ինստիտուտը միավորվելու են Մանկավարժական համալսարանի հետ։
Ինչպես ավելի վաղ գրել էր մամուլը՝ այն համալսարանները, որոնք կմիավորվեն, դրանց շենքերը տրվելու են ՔՊ-ական օլիգարխներից մեկին՝ հյուրանոցներ կառուցելու համար։
Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ ՀՀԿ ուսանողական կազմակերպության ղեկավար Արմեն Հարությունյանի բնորոշմամբ՝ այս ամենն ուղղակի «թքած ունենալ» է ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի կարծիքի վրա։ Նրանց կարծիքը չեն հասցրել՝ արդյո՞ք ուզում են տեղափովել կամ միավորվել, թե՞ ոչ։
«Մենք տեսնում ենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ հասարակության կարծիքը չեն հարցնում, ուղղակի իրենց քմահաճույքից ելնելով կայացնում են որոշումներ, սա հղի է բազմաթիվ վտանգներով, որոնք առաջանալու են։
Նախ, այս ամենը տեսնելուց հետո ապագա ուսանողները, որոնք ցանկանում են որևէ բուհ ընդունվել, չեն ունենալու շահագրգռվածություն, որովհետև հասկանում է, որ իր կրթության ու իր կարծիքի վրա օրվա իշխանավորներն ուղղակի թքած ունեն, այդ իշխանավորներին չի հետաքրքրում, որպեսզի երիտասարդները ստանան բարձրագույն կրթություն»,- 168.am–ի հետ նշեց Արմեն Հարությունյանը։
Այս ամենից զատ, մեր զրուցակիցն ընդգծեց, որ Բրյուսովի անվան համալսարանն ունի տարիների պատմություն, շենքն ունի մշակութային արժեք, որտեղ դասախոսները, ուսանողները և ադմինիստրատիվ հատվածն իրենց լավ են զգում։
«Եթե իշխանության առաջարկած տարբերակներից մեկը Ֆիզկուլտ ինստիտուտի հետ Մանկավարժական համալսարանին միացնելն է, ապա ինչպե՞ս են պատկերացնում դասապրոցեսը։
Բրյուսովի շուրջ ստեղծված այս իրավիճակը նոր չէ, դեռևս սեպտեմբերին համալսարանում սկսվել էր կադրային ջարդ, մի քանի տասնյակ դասախոսների ու ադմինիստրատիվ աշխատակիցների ազատել էին, ամբիոներ փակել՝ չբերելով տրամաբանված պատճառաբանություն։ Այսինքն՝ համալսարանում խաթարել են ուսումնական նորմալ պրոցեսը, ինչը հիմա էլ է շարունակվում։ Այս մարդիկ ինչպե՞ս են պատկերացնում այլ համալսարանում Բրյուսովի ուսանողների դասապրոցեսը, գուցե ինչ-որ փուլում դասեր անցկացնելու համար ուսանողներին տեղափոխեն մետրո՞, պատճառաբանելով, թե դեռ շենք չկա։
Առաջին անգամ չէ, որ իշխանությունն ապացուցում է՝ միայն հանձնելու «մաստեր կլասներ» է կարողանում անել։ Այս պահին խնդիրը վերաբերում է միայն Բրյուսովի անվան համալսարանի շենքին, սակայն վստահաբար կարող ենք ասել, որ նույն խնդիրը կառնչվի մյուս բոլոր բուհերին, եթե այսօր Բրյուսովի համալսարանի համար չպայքարեն»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ըստ Արմեն Հարությունյանի՝ «Ակադեմիական քաղաք» ասվածն էլ իրականացնելու համար դեռևս շատ երկար տարիներ են պահանջվելու։ Նման փորձ ունեցել է նաև Վրաստանը, որտեղ նախագիծը չի ստացվել, իսկ ՀՀ իշխանությունը չի էլ փորձել ուսումնասիրել այլ պետությունների փորձը։
«Հիմա փորձում են ինչ-որ օդ նախագծի շուրջ կառուցված իրենց գաղափարները տարածել։ Առհասարակ մեր ապագան անորոշ է, որովհետև գործընթացները երկրում ամեն ինչ քանդում են ու տեղը որևէ բան չեն ստեղծում։ Ուզում են ստեղծել անկիրթ հասարակություն, քանի որ որքան անգրագետ է հասարակությունը, այնքան հեշտ է նրան մանիպուլացնելը։
Իսկ այս իշխանությունը ցանկանում է քանդել կրթական համակարգը և սերունդներին մանիպուլացնելով՝ իրենց իշխանությունը դարձնել անժամկետ»,- եզրափակեց Արմեն Հարությունյանը։
Ի դեպ, այսօր մեզ հետ զրույցում Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, նախկին դեկան Ցոլակ Ակոպյանն ասել է, որ համալսարանի ուսանողներն իր հետ մասնավոր զրույցներում ասում են, որ սուսուփուս դուրս չեն գալու համալսարանի շենքի՝ պայքարելու են։