
ՄՔԴ-ն Նեթանյահուի ձերբակալման հրաման է տվել

Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալման հրաման է տվել՝ նրան մեղադրելով Գազայում պատերազմական հանցագործությունների մեջ։
Այս մասին հաղորդում է The Independent պարբերականը։ ՄՔԴ-ն նաև Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման պաշտոնյաների ձերբակալման հրաման է տվել։
Նեթանյահուն և Իսրայելի այլ պաշտոնյաներն ավելի վաղ դատապարտել էին ՄՔԴ գլխավոր դատախազ Քարիմ Խանի կողմից ձերբակալման հրաման ստանալու դիմում ներկայացնելու փաստը՝ դա համարելով «խայտառակ և հակասեմական»։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես դատապարտել էր ՄՔԴ դատախազին և աջակցություն հայտնել Իսրայելին՝ նշելով, որ երկիրն իրավունք ունի պաշտպանվելու ՀԱՄԱՍ-ից։
ՄՔԴ-ն հայտնել է, որ ձերբակալման հրահանգ տալու համար պարտադիր չէ, որ Իսրայելը ճանաչի դատարանի իրավասությունը։