Բաժիններ՝

Հայաստանը խրախուսում է տարբեր երկրների զինվորներին մարզական միջոցառումների շնորհիվ համախմբելու ջանքերը. Սուրեն Պապիկյան

Հայաստանը խրախուսում է տարբեր երկրների զինվորներին մարզական միջոցառումների շնորհիվ իրար մոտեցնելու և համախմբելու ազնիվ ու առինքնող ջանքերը: «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով այս մասին ընդգծել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն՝ անդրադառնալով նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությանը։

«Հանդես գալով ողջույնի խոսքով և շնորհավորելով առաջնության մեկնարկի կապակցությամբ՝ ընդգծել եմ, որ սպորտը համախմբում է մարդկանց ազնիվ մրցակցության, արդար պայքարի, բարությանը ծառայող ուժի, գեղեցիկ նպատակներին միտված կամքի, համերաշխության, հանդուրժողականության և խաղաղության գաղափարի շուրջ, իսկ Հայաստանն իր պատվելի տեղն ունի համաշխարհային սպորտում։ Եվ պատահական չէ, որ մեր երկիրն ու նրա մայրաքաղաք Երևանը երբեք չեն հեռանում մարզական ավանդույթներից:Համոզվելու համար բավական է հիշել վերջին մի քանի տարիներին Հայաստանում կազմակերպված սպորտային մեծ իրադարձությունները՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը 2022 թվականին, ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը 2023-ին, իսկ 2027-ին ծանրամարտի աշխարհի առաջնության սպորտային մեծ տոնակատարությունը նույնպես տեղի կունենա Հայաստանում: Անդրադարձ կատարելով Հայաստանի սպորտային նվաճումներին՝ նշել եմ, որ միայն այս տարի օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում տարբեր տարիքային խմբերի մեր մարզիկները նվաճել են 334 մեդալ։ Հայաստանի պես փոքր երկիրն ունի նաև 14 օլիմպիական չեմպիոն:Մենք անչափ կարևորում ենք Հայաստանի անդամակցությունը խոշորագույն ռազմամարզական կազմակերպությանը՝ Ռազմական սպորտի միջազգային խորհրդին, և հետզհետե ակտիվացնում ենք մեր գործունեությունը կազմակերպության շրջանակում: Եթե նախկինում ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները մշտապես հյուրընկալվել են այլ պետությունների կողմից, ապա 2019-ից պատկերը փոխվել է. Հայաստանում կազմակերպված ՌՍՄԽ Եվրոպական համաժողովը հյուրընկալող երկիր դառնալու մեր առաջին փորձն էր: Իսկ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության կազմակերպումը վկայում է, որ Ռազմական սպորտի միջազգային խորհրդին անդամակցող 140 երկրների շարքում Հայաստանն ունի իր կայուն տեղը: Մենք նախանձախնդիր ենք, որ ընդլայնվի կազմակերպությանն անդամակցող երկրների շարքը, որ ռազմական սպորտը համախմբի նոր ուժեր: Ու ջանադրաբար աշխատում ենք այդ ուղղությամբ: 

Հայաստանի համար շատ կարևոր է, որ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գերնպատակն աշխարհում խաղաղություն սփռելն է: Հայաստանը խաղաղության ջատագով է ու խրախուսում է տարբեր երկրների զինվորներին մարզական միջոցառումների շնորհիվ իրար մոտեցնելու և համախմբելու ազնիվ ու առինքնող ջանքերը»,- միջոցառման բացման իր խոսքը գրառման միջոցով ներկայացրել է Պապիկյանը: 

Բացման պարային ներկայացումներից և մասնակից երկրների դրոշների հանդիսավոր շքերթից հետո առաջնության մասնակիցներին, պատվիրակությունների ներկայացուցիչներին և հյուրերին նախ ողջունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնը։Խորին շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետությանը հյուրընկալության համար՝ գնդապետ Նիլտոնը նշել է, որ այս առաջնությունը ոչ միայն մրցակցության, այլև նվիրվածության, ընկերասիրության և փոխադարձ հարգանքի տոն է: Հաջողություն մաղթելով բոլոր մասնակիցներին՝ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահը նաև հույս է հայտնել, որ առաջնությունը կլինի միմյանց լավ ճանաչելու, փորձի փոխանակման հնարավորություն՝ լի անմոռանալի տպավորություններով:

Միջոցառման հանդիսավոր բացմանը հաջորդել են առաջնության մասնակից տարբեր քաշային կարգերի ըմբշամարտիկների եզրափակիչ գոտեմարտերը, որոնց արդյունքների հիման վրա էլ պարգևատրվել են ուժեղագույնները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս