Բիթքոինի արժեքը հասել է ռեկորդային 97.000 դոլարի
Բիթքոինի արժեքը նորացրել է պատմական առավելագույնը՝ գերազանցելով 97.000 ԱՄՆ դոլարը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Binance հարթակի տվյալները:
Երևանի ժամանակով ժամը 08:56-ի տվյալներով՝ կրիպտոարժույթն աճել է 5,78%-ով՝ մինչև $97 476։
Երևանի ժամանակով ժամը 09:12-ին բիթքոինի արժեքն արագացրել է աճը և գտնվել $97 480-ի մակարդակում (+5,93%):Փորձագետներն ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել էին, որ բիթքոինն առաջիկա օրերին կարող է հեշտությամբ հասնել 100.000 դոլարի նշագծին և շարունակել հետագա աճը՝ ընդհուպ մինչև 300.000 դոլար աճի ընթացիկ փուլում:
Փորձագետների կարծիքով՝ կրիպտոարժույթի գնի աճը պայմանավորված է մի քանի գործոններով: Կարևոր դեր են խաղում ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի խոստումները, որոնք ներառում են Միացյալ Նահանգները կրիպտոարժույթի համաշխարհային կենտրոնի վերածելու հավակնոտ ծրագրեր և ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի ընթացիկ կարգավորող քաղաքականության զգալի վերանայում: Նա նաև խոստացել է բիթքոինից պաշարներ ստեղծել։
Կրիպտոարժույթի նկատմամբ ներդրողների մեծ ուշադրությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ աշխարհաքաղաքական ճգնաժամերի շրջաններում բիթքոինը և սթեյբլքոինները հաճախ դիտարկվում են որպես պոտենցիալ «պաշտպանական» ակտիվ:
Ներդրողները հաճախ փնտրում են ավանդական շուկաներում դիվերսիֆիկացման և անկայունությունից պաշտպանության միջոցներ: