Ղարաբաղահայերի վերադարձի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ ուղերձը չհասկացվեց․ վերլուծաբան

Օրերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի արած հերթական դիտարկումները լայն քննարկումների ու քննադատությունների տեղիք տվեցին։

Նախ, անդրադառնալով Արցախում Ադրբեջանի կողմից բնակելի տների, մշակութային հուշարձանների ոչնչացման քաղաքականությանը, Զախարովան ասել էր, որ խոսքը վերաբերում է Ադրբեջանի տարածքին, այնտեղ գործում են Ադրբեջանի օրենքները, և եթե խոսքը  մշակութային օբյեկտների մասին է, ապա կան համապատասխան միջազգային կազմակերպություններ, ինչպիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ն է։ Նա նաև հայտարարել էր, թե այդ հարցն իրենց չէ, որ պետք է ուղղվի։

Միաժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել էր, որ ՌԴ-ն անհանգստացած է այն մարդկանց ճակատագրերով, ովքեր լքել են իրենց տները, ովքեր այնտեղ հուղարկավորված հարազատներ, մտերիմներ ունեն, որոնց ընտանիքների մի ողջ կյանքը կապված է այդ վայրի հետ։

«Սա մեծ ողբերգություն է, որը բազմաթիվ ասպեկտներ ու նրբություններ ունի, մենք բազմիցս մեկնաբանել ու ընդգծել ենք Բաքվի կառուցողական քայլերը, որոնք ուղղված էին բնակչությանը, որը լքել էր հարազատ վայրերը, վերադառնալու հնարավորություն ընձեռելուն։ Մենք այդ հարցը երկկողմ շփումների ընթացքում բարձրացնում ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ, ստանում ենք համապատասխան պարզաբանումներ և ոչ միայն։ Մենք հիանալի ենք հասկանում, թե ինչ է նշանակում տեղի ունեցածն այն մարդկանց համար, ովքեր պատմականորեն այդ վայրի հետ կապված են։ Բայց ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ վերադարձի հնարավորություն տրվել էր»,- ասել էր Զախարովան։

Կարդացեք նաև

Վերջինս ընդգծել էր, որ նման հնարավորություն կա նաև ներկայումս. «Գուցե պետք է օգտվե՞լ այդ հնարավորությունից։ Եվս մեկ անգամ կրկնեմ, չէ՞ որ նման հնարավորություն կա»։

Նա նաև հարց էր բարձրացրել՝ արդյո՞ք պաշտոնական Երևանի կողմից ինչ-որ բան արվել է մարդկանց վերադարձին աջակցելու համար.

«Ես ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն եմ, Դուք հարցն ինձ եք ուղղում, հարցը տվեք Երևանին, ես ներկայացնում եմ այն ջանքերը, որը մեր երկիրն է իրականացնում, գիտակցելով, թե ինչ է նշանակում մարդկանց համար հարազատ վայրերը կորցնելը հակամարտության, հանգամանքների բերումով։ Մենք աջակցում ենք այն մարդկանց, որոնք մեզ դիմում են, ապահովում ենք աշխատանքով, կրթությամբ, նպաստ ենք ձևակերպում, ամեն բան օրենքով կազմակերպում ենք, Դուք տեսնում եք։ Մենք հսկայական պատասխանատվություն ենք զգում, մենք հասկանում ենք նաև, թե ինչի են մեզ դատապարտում, քանի որ դա Արևմուտքի դժգոհությունն է հրահրում։ Սակայն միևնույն է՝ պատրաստ ենք դա անել»։

Զախարովայի խոսքերը՝ թե հուշարձանների, թե վերադարձի հնարավորության վերաբերյալ, լայն քննարկումների առիթ դարձան՝ հաշվի առնելով, թե ինչ հանձնառություն ուներ ՌԴ-ն Արցախում և ինչ տեղի ունեցավ այնտեղ 2023 թվականի սեպտեմբերին ու ինչ անձնական երաշխիքներ էր տվել ՌԴ նախագահն Արցախում որոշ պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ։

Ադրբեջանը ներկայումս ամեն բան անում է Արցախում հայկական հետքը վերացնելու, հետևաբար՝ վերադարձի հնարավորության «դուռը» վերջնականապես փակելու համար։ Եթե ամիսներ առաջ Ադրբեջանի իշխանությունները միջազգային հանրության համար արհեստական հայտարարություններ էին անում, թե պատրաստ են ինտեգրել հայերին, որոնց ոչ ոք ո՛չ ՀՀ-ում, ո՛չ աշխարհում չէր հավատում, ապա այսօր այդ վերադարձի մասին Ադրբեջանում որևէ մեկը չի խոսում։

Դժվար է պատկերացնել, որ Զախարովայի նման պաշտոնյան, որն ամենօրյա կտրվածքով է ծանոթ առանցքային բոլոր հայտարարություններին, զարգացումներին, չիմանա, որ Ադրբեջանը հայերին չի սպասում Արցախում։ Միակ հարցը, որում Զախարովան, թերևս, ճիշտ է, վերաբերում է ՀՀ իշխանություններին, որոնք չեն պահանջում արցախցիների վերադարձ, այդ հարցը չեն դարձնում օրակարգային, հետևաբար՝ նաև բանակցային թեմա։ Բնականաբար, առանց ՀՀ իշխանությունների համապատասխան աշխատանքի, այդ թվում՝ միջազգային հանրության աջակցությամբ, արցախցիների վերադարձի հնարավորության մասին նույնիսկ խոսել հնարավոր չէ։

Անդրադառնալով թեմային՝ 168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ ավելորդ է նույնիսկ ասել, թե որքան բարդ թեմա է դա։

Սակայն նա հորդորեց ճիշտ ընկալել ու մեկնաբանել դիվանագիտական հայտարարությունները՝ տարբերակելով գլխավորը երկրորդականից, ինչն, ըստ նրա՝ նման հայտարարությունների դեպքում չափազանց կարևոր է։

«Ըստ իս, այստեղ էականն այն է, որ ՌԴ-ն տեսնում է վերադարձի հարց։ Ժամանակ առ ժամանակ այդ մասին ՌԴ տարբեր դիվանագետներ խոսել են։ Սակայն որպեսզի այդ թեման առարկայանա, այսինքն՝ դրա շուրջ խոսակցություն, իսկ հետագայում՝ բանակցություն սկսվի, համապատասխան կողմերը պետք է շահագրգռված լինեն այդ հարցով։ Այս դեպքում խոսքը ՀՀ-ի մասին է։

Ռուսաստանը միայնակ նման հարց չի կարող բարձրացնել, չի կարող միայնակ բանակցել Ադրբեջանի հետ այդ հարցով, ուստի, եթե ամիսներ առաջ ՌԴ-ն խոսում էր վերադարձի հարցը քննարկելու անհրաժեշտության մասին, ամենայն հավանականությամբ, Երևանից աջակցություն էր ակնկալում այդ հարցում, սակայն դա չեղավ։ Եվ, ինչպես տեսանք, այդ թեման շարունակություն չստացավ։

Ներկայումս էլ ասվում է, որ կա հնարավորություն, կա նման հարց, ցանկության դեպքում կարելի է աշխատել այդ օրակարգի և, բնականաբար, հնարավոր երաշխիքների շուրջ։ Պատահական չէր նաև, որ Ղարաբաղում հյուպատոսություն բացելու ցանկություն կար, որի մասին ներկայումս որևէ մեկը չի խոսում։ Ուղերձը սա էր, ինչ-որ պահի Ռուսաստանից առաջարկ եղավ, սակայն այն որևէ մեկին չհետաքրքրեց»,- նման կերպ մեկնաբանեց Լուկիանովը։

Սակայն, նրա խոսքով, դիվանագիտական հայտարարություններում արտացոլվում է այն լարվածությունը, փոխըմբռնման պակասը, որը կա Երևան-Մոսկվա հարաբերություններում։

«Ռուսաստանում կարծում են, որ ՀՀ իշխանությունների քաղաքականության, որոշումների վրա էական ազդեցություն կա Արևմուտքից, այդ թվում՝ ԼՂ-ի հետ կապված որոշումների մասով։ Արևմուտքն է ցանկանում, որպեսզի այդ հարցը պարզապես փակվի, կնքվի պայմանագիր, ՌԴ-ն չունենա որևէ դերակատարում, ուստի Հայաստանին պարզապես աջակցում են ֆինանսապես ղարաբաղահայության խնդիրները լուծելու, ինտեգրելու համար։ Կրկնեմ, որ Ռուսաստանը միայնակ ոչինչ չի կարող անել հատկապես պատերազմական իրավիճակում, երբ ունի բազում խնդիրներ և արտաքին քաղաքական ակտիվ աշխատանք մի շարք ուղղություններում»,- ասաց նա։

Խոսելով ռեգիոնալ «3+3» հարթակի գործունեության՝ Լուկիանովն ասաց՝ քանի դեռ այն ունի խորհրդատվական բնույթ, նախարարները հանդիպելու են, հարցեր քննարկեն, ելույթներ ունենան, և դրանով ամեն բան կսահմանափակվի։

«Կարծում եմ՝ այս հարթակում համապատասխան կոնսենսուսները կձևավորվեն, սակայն սա պետք է քաղաքական զարգացում ու շարունակություն ունենա, գուցե վերածվի մեկ այլ ձևաչափի, որտեղ կարող են որոշումներ կայացվել»,- նկատեց նա։

Լուկիանովն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ակտիվանում է աշխատանքը ԲՐԻԿՍ, ԵԱՏՄ, ԱՍԵԱՆ-ի, «3+3»-ի ուղղությամբ՝ շեշտելով, որ սրանք այն բոլոր միավորումներն են, որտեղ չկա Արևմուտքը։

«Սրանք միավորներ են, որոնք իրենց բնույթով հակաարևմտյան են, որոնք ամրապնդման և առանց արևմտյան ազդեցության «ապրելու» հնարավորություններ են փնտրում»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս