Նիկոլ Փաշինյանի հարցաքննության համար բավարար նյութ կա. կարո՞ղ է այն դառնալ մեղադրական եզրակացության հիմք

Սեպտեմբերի 25-ին NEWS.am հետ զրույցում Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիտարկմանը, որ երբ ինքը դատախազ էր, շատերը պահանջում էին քրեական վարույթ նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի դեմ, սակայն դա տեղի չունեցավ, նշել է՝ չկային ապացույցներ Նիկոլ Փաշինյանի դեմ քրվարույթ նախաձեռնելու համար:

«Հանցագործության մեջ որևէ մեկին մեղադրելու համար քրեադատավարական ընթացակարգ է պետք, դրա համար պետք են օրենքով նախատեսված ապացույցներ, հիմքեր: Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու համար ապացույցներ չկային: Չկա մի դեպք, չկա մի իրավիճակ, երբ առկա են եղել նախաքննական, հետաքննական մարմինների կողմից ձեռք բերված բավարար փաստական տվյալներ, և դատախազությունը քրեական հետապնդման հարց չի լուծել: Սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, ընդ որում՝ ցանկացածի վերաբերյալ, առանց բացառության»,- շարունակել է Դավթյանը, ով, ի դեպ, ըստ էության, բավարար ապացույցներ է տեսել «հրթիռների գործի» համար, և ոչինչ, որ մինչև օրս դրանց անպիտան լինելը ՀՀ իշխանությունները չեն ապացուցել, հրաժարվել են փորձաքննությունից, թեպետ փորձ են արել դրանք տեղավորել 44-օրյա պատերազմի պարտության պատճառների շարքում:

Հիշեցնենք, որ մոտ 2022 թվականի ապրիլին 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներից պահանջ էին փոխանցել այն ժամանակ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի 44-օրյային առնչվող քրգործով Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավեն և կանչեն հարցաքննության, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր՝ «այո, կարելի էր կանխել պատերազմը, և կունենայինք նույն արդյունքը, բայց առանց զոհերի»:

Հավելենք, որ ծնողների դիմումը վերաբերում էր ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրգործին. քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։

Կարդացեք նաև

Նշենք նաև, որ 2020 թվականի դեկտեմբերի վերջին էլ 20 իրավաբան հանրային պահանջով դիմել էին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ պահանջելով անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին՝ պետական դավաճանության հիմքով:

Իրավաբանների պահանջում նշվում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող սահմանազատման գործընթացն առերևույթ իրականացվում է ուղղակի դիտավորությամբ, թշնամի պետության հետ, Հայաստանի շահերի դեմ ուղղված պայմանավորվածության շրջանակներում, կրում է ակնհայտ կամայական և ապօրինի բնույթ, սահմանված կարգով հիմնված չէ միջազգային պայմանագրերի վրա, խախտում է ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու արտաքին անվտանգությունը:

Նրանք նաև շեշտում էին, որ գործընթացը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներ, որի հիմքով պահանջում են անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև հանցագործության հետ անմիջականորեն առնչություն ունեցող ՀՀ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներգրավել՝ որպես մեղադրյալ։

Հիշեցնենք, որ այդ օրերին Ադրբեջանին էր որոշվել հանձնել Գորիս-Կապան ճանապարհահատվածը, Սյունիքից զորքի հետքաշման հրաման տրվել։

Հիմա, երբ Արթուր Դավթյանը վստահեցնում է, որ մոտ երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու համար ապացույցներ չկային, նկատի ունի, որ զոհվածների հարազատների փաստաբանական խումբը բավարար ապացույցներ չեն ներկայացրե՞լ, Փաշինյանի խոստովանությունը, որ կարող էր պատերազմը կանխել առանց զոհերի, բավարար չէ՞ նրան մեղադրանք առաջադրելու համար, հակահարձակման հայտնի օպերացիան հաստատելը, որը ձախողվեց, բայց կոտրեց բանակի ողնաշարը, Նիկոլ Փաշինյանի դեպքում պատասխանատվություն ևս չի ենթադրո՞ւմ, կամ՝ ԳՇ պետի՝ պատերազմի 4-րդ օրը ԱԽ նիստում արած առաջարկի մերժումը՝ 2-3 օրում կանգնեցնել պատերազմը՝ հաշվի առնելով հետևանքները և այլն: Դեռ չենք նշում նախապատերազմյան պատերազմի մասին հուշող իրադարձությունների և ռազմական ղեկավարության զգուշացումներն անտեսելու հանգամանքը, այսինքն՝ որպես գերագույն հրամանատար՝ ձախողվելու փաստը: Հիշեցնենք նաև, որ Փաշինյանը պատերազմից առաջ, դրա ընթացքում և հետո գաղտնիության տարրեր պարունակող տվյալներ է հրապարակել, այդ թվում՝ ընթացքի մեջ գտնվող ռազմական պլանն է հրապարակայնացվել։

Ճակատագրի հեգնանքով գուցե նաև հատուկ ՀՀ նախկին դատախազ Արթուր Դավթյանի համար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 2-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է. 

«44-օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ է, և այդ սցենարը չի գրվել Հայաստանում, բայց Հայաստանում գտնվող շատ մարդիկ այդ սցենարի մեջ են եղել: Նրանք, ընդ որում, իմանալով են դրա մեջ եղել, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ: Հիմա քրեական գործեր կան, քննություններ կան, հույս ունեմ՝ իրենց տրամաբանական ավարտը կհասնի:

Ինձ պետք չէ որևէ քրեական գործի մասին նյութ, որպեսզի ես իմ հետևություններն անեմ, որովհետև ես այնքան ինֆորմացիա ունեմ այդ պատերազմի մասին, որ ամբողջ իրավապահ համակարգն իրար հետ վերցրած՝ դրա կեսի ինֆորմացիան էլ չունի»:

Արդյոք նախկին գլխավոր դատախազի և գործող իրավապահ համակարգի համար սա բավարար հիմք չէ՞ Նիկոլ Փաշինյանին հարցաքննության կանչելու, անհրաժեշտության դեպքում՝ նաև հետագայում որպես մեղադրյալ ներգրավելու համար, եթե պարզվի, որ դիտավորյալ 44-օրյային առնչվող կարևոր փաստեր են թաքցվել:

Իսկ այն, որ թաքցվել են և թաքցվում են, Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստովանում՝ անկախ նրանից, թե ով կամ ովքեր կարող են դրանից շահել, կամ՝ ըստ քաղաքական պահի դրանց գաղտնազերծումից ով կամ ովքեր կարող են տուժել:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Փաշինյանի այս հայտարարությունը մեսիջ է բարձրաստիճան ներկա և նախկին զինվորականությանը, որոնք այս կամ այն ձևով առնչություն են ունեցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետ, և հայտնի չէ՝ ինչ զարգացումներ կլինեն Քննիչ հանձնաժողովի զեկույցի ներկայացումից հետո:

Մյուս կողմից, եթե իրավապահ համակարգը գերագույն հրամանատար հռչակված Փաշինյանի ձեռքի տակ եղած փաստերի կեսն էլ չունի, նշանակում է՝ պատերազմի սկզբում ԱԱԾ տնօրեն եղած, իսկ հիմա ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի գտած պարտության պատճառները լիովին իրական պատկեր չեն կարող տալ, և ոչ էլ Քննիչ հանձնաժողովի զեկույցը, հատկապես, երբ առանցքային շատ դեմքեր, պաշտոնյաներ այդպես էլ չհարցաքննվեցին, այդ թվում՝ Արգիշտի Քյարամյանը, ով նաև Շուշիում է եղել:

Չմոռանանք նաև, որ չեն հարցաքննվել նաև ՊԲ 2 հրամանատարները, Արցախի և ՀՀ ԱԱԾ տնօրենները և այլք: Ավելին՝ Նիկոլ Փաշինյանն էլ հրաժարվեց Քննիչ հանձնաժողովում հրապարակային ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ հարցաքննության մասնակցել, երբ 44-օրյային առնչվող քրեական կարևոր գործերը դռնփակ են քննվում:

Ի դեպ, հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանին ո՞վ է օգնել հավաքել 44-օրյային առնչվող փաստերի «հաստափոր փաթեթ»՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյա՞նը, ՀՀ ՊՆ և ԳՇ ղեկավարությո՞ւնը, իրեն վստահելի զինվորականնե՞րը, կամավորականնե՞րը, թե՞ իր ընտանիքի անդամները՝ որդին, կինը, վերջինս, ի դեպ, հրամանատարական կետ մուտք գործելու իրավունք չուներ, սակայն գտնվել է այնտեղ:

Ընթացիկ տարվա հունիսին մեր գրավոր հարցմանը, թե ըստ կանոնակարգի՝ ովքե՞ր կարող են մուտք գործել հրամանատարական կետ, ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին.

«Առհասարակ, ղեկավար փաստաթղթերի համաձայն, հրամանատարական կետերում գործառութային պարտականություններ կատարող համապատասխան պաշտոնատար անձանց մուտք գործելու համար տրվում են մշտական կամ ժամանակավոր թույլտվություններ»:

Հիշեցնենք, որ պատերազմից հետո Փաշինյանը պարտության պատճառ էր համարել բանակում 5-րդ շարասյան առկայությունը պատերազմի ժամանակ:

Իսկ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին պաշտոնից ազատել էին ԱԱԾ ռազմական հակահետախուզության պետ Լևոն Շահումյանին, ընդ որում, Փաշինյանի ընտանեկան թերթը դա ներկայացրել էր լրտեսական ցանցի բացահայտման գործողությունների համատեքստում: Արդեն հոկտեմբերի 8-ին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատել էին նաև ՔԿ գործող նախագահ Արգիշտի Քյարամյանին, ով հոկտեմբերի 5-ին մասնակցել էր հայտնի հակահարձակման ձախողված օպերացիայի քննարկմանը: Իսկ թե նրա ազատման պատճառը ո՞րն էր, մինչև այսօր հայտնի չէ, բայց հայտնի է, որ նա ևս չի հարցաքննվել 44-օրյային առնչվող քրեական գործերով՝ հակահարվածի օպերացիային և Շուշիի պաշտպանությանն առնչվող:

Նշենք, որ հակահարվածի օպերացիայի դրվագով սկզբում մեղադրվել էր ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, բայց որոշ ժամանակ անց արդարացվել էր: Այսինքն, այս օպերացիայի համար պատասխան տվող չկա, մինչդեռ, մասնագետների կարծիքով, այն իր ազդեցությունն ունեցել է պատերազմի ելքի վրա:

Այս համատեքստում հարկ է չանտեսել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի՝ Ազգային հպարտության տրիբունալի որոշումը, որտեղ Նիկոլ Փաշինյանը հռչակվել է մեղադրյալ՝ հիմք ընդունելով սահմանադրության մի շարք հոդվածների խախտումները, որտեղ, իհարկե, նշվում է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը պետք է ստուգի վարչապետի որոշումների և գործողությունների Սահմանադրությանը համապատասխանելու փաստը, առաջարկվում ՀՀ դատական մարմիններին օբյեկտիվ իրավական գնահատական տալ վարչապետի և նրա կաբինետի առանձին անդամների գործողություններին՝ պետական դավաճանության փաստերի վերաբերյալ, կապված նրանց կողմից Հայաստանի Սահմանադրության և օրենքների խախտման հետ, և այլն: Այսինքն, ըստ էության, ասվում է այն, ինչ ժամանակ առ ժամանակ ընդդիմադիր շրջանակները պահանջում են, բայց վերը նշված որոշման մեջ նաև, այսպես ասած, Փաշինյանին չվախեցնող հոդվածներ են հիշատակվում՝ կապված քաղաքացիների իրավունքները չպաշտպանելու և ժողովրդի իշխանության վերաբերյալ խոստումները չկատարելու տրամաբանության մեջ:

Բայց այստեղ, ըստ էության, 44-օրյա պատերազմին առնչվող ոչ մի խոսք չկա, որի ժամանակ Արշակ Կարապետյանը եղել է Նիկոլ Փաշինյանի խորհրդականը, իսկ պատերազմից հետո համաձայնել է պաշտպանության նախարար աշխատել:

Հետաքրքիր է՝ 10 տարի ռազմական հետախուզությունը ղեկավարած Արշակ Կարապետյանը տեղյակ եղե՞լ է 44-օրյա պատերազմի սցենարից կամ դրա լինել-չլինելուց, և ե՞րբ է Նիկոլ Փաշինյանն իմացել այդ սցենարի մասին, որտե՞ղ է այն գրվել, ի՞նչ բարձրաստիճան պաշտոնյաներ կարող էին ներգրավված լինել, հատկապես, երբ Փաշինյանը մի որոշ ժամանակ առաջ ՀԱՊԿ երկու անդամ երկրի՝ գուցե ՌԴ-ին և Բելառուսին, մեղադրում էր 44-օրյա պատերազմը նախապատրաստելու մեջ։ Ավելին, նա ՌԴ-ին մեղադրել էր նաև 2016-ի Ապրիլյան պատերազմի համար, երբ դեռ Արշակ Կարապետյանը ռազմական հետախուզությունն էր ղեկավարում:

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի հարցաքննության համար բավարար նյութ կա, որոնք կարող են դառնալ մեղադրական եզրակացության հիմք, որն այնքան երկար փորձում է իր ընդդիմախոսների օգնությամբ գրել Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս