44-օրյա պատերազմը սցենարով գրված պատերազմ էր. Արցախը հանձնած Փաշինյան

«Նիկոլ Փաշինյանին թվում է՝ պետական համակարգն իր դուքյանն է, ինքը կորոշի՝ թույլ կտա, կորոշի՝ թույլ չի տա»,- այսպես արձագանքեց պատգամավոր Գեղամ Մանուկյանը Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքն է արգելել ընդդիմադիր պատգամավորներին թույլ տալ ծանոթանալ խաղաղության պայմանագրի տեքստին:

ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Գեղամ Մանուկյանն իր գրադարանից մի քանի գիրք էր բերել. «Թալեաթ Փաշայի կորսված փաստաթղթերը», Ջեմալ Փաշայի թոռան գիրքը, «Աշխարհի մտավորականները Հայոց ցեղասպանության մասին»՝ թուրքերեն լեզվով:

«Քանի որ Փաշինյանը սիրում է գրքեր նվեր ստանալ, այս երեք գրքերից ո՞րը կցանկանար՝ նվիրեմ նրան»,- Փաշինյանին հարցրեց նա:

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց. «Եթե դեմ չեք, բոլորն էլ տվեք, ոչ մի խնդիր»:

Ապա Փաշինյանը նշեց, որ ինքն է Արարատ Միրզոյանին հանձնարարել, որ նա նպատակահարմար չհամարի խաղաղության պայմանագրի տեքստին պատգամավորների ծանոթանալը. «ՀՀ օրենսդրության համաձայն՝ նախարարները պարտավոր են կատարել վարչապետի հանձնարարականները: Դատարան եք, չէ՞ դիմել, շատ լավ, դատարանը կորոշի՝ իրավական առումով հիմնավորվա՞ծ է, թե՞ ոչ»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պատերազմից 4 տարի անց ժամանակ առ ժամանակ վերադառնում է 2020թ. իրադարձություններին և անընդհատ վերլուծում, դրվագներ քանդում ու հավաքում. «Ես չգիտեմ՝ Դատախազությունը, Քննչական կոմիտեն ձեզ ինչ են պատասխանել, բայց ինձ համար ես ունեմ իմ քաղաքական և անձնական եզրակացությունը՝ որպես այդ իրադարձությունների էպիկենտրոնում եղած մարդ. 44-օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ է, և այդ սցենարը չի գրվել Հայաստանում, բայց Հայաստանում գտնվող շատ մարդիկ այդ սցենարի մեջ են եղել: Նրանք, ընդ որում, իմանալով են դրա մեջ եղել, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ: Հիմա քրեական գործեր կան, քննություններ կան, հույս ունեմ՝ իրենց տրամաբանական ավարտը կհասնի:

Ինձ պետք չէ որևէ քրեական գործի մասին նյութ, որպեսզի ես իմ հետևություններն անեմ, որովհետև ես այնքան ինֆորմացիա ունեմ այդ պատերազմի մասին, որ ամբողջ իրավապահ համակարգն իրար հետ վերցրած՝ դրա կեսի ինֆորմացիան էլ չունի: Իմ հետևությունն այն է, որ այո, դա եղել է պատերազմ՝ ՀՀ-ն որպես պետություն ոչնչացնելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս