
Ուիթքոֆը և Քուշները Եգիպտոսում բանակցություններից հետո կմեկնեն Իսրայել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Եգիպտոսից կմեկնեն Իսրայել։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը՝ նշելով, որ նրանք Իսրայել կժամանեն հոկտեմբերի 9-ի երեկոյան։
Ուիթքոֆը և Քուշները, ով Թրամփի աղջկա ամուսինն է, Եգիպտոսում էին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի բանակցություններին նպաստելու համար։ Այդ բանակցությունների արդյունքում կողմերը եկել էին համաձայնության՝ դադարեցնելու ռազմական գործողությունները Գազայի հատվածում, ազատ արձակելու գերիներին ու դուրս բերելու իսրայելական զորքերն անկլավի տարածքից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս ակնկալվում է, որ այս շաբաթվա վերջին կմեկնի Մերձավոր Արևելք, ինչի մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։ Կան տեղեկություններ, որ Թրամփը կլինի Իսրայելում և ելույթ կունենա խորհրդարանում։