ԵՄ-ն մեկնարկում է վիզային ազատականացման երկխոսություն Երևանի հետ․ ի՞նչ խնդիրների հետ է կապված գործընթացն ու որքա՞ն կարող է տևել

ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդն օրերս Հայաստանի վերաբերյալ երկու որոշում ընդունեց, որոնք ՀՀ արևմտամետ շրջանակներում հերթական էյֆորիկ տրամադրությունների պատճառ են դարձել։

Հուլիսի 22-ին Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու, ինչպես նաև՝ Հայաստանի զինված ուժերին Եվրոպական խաղաղության գործիքի ներքո 10 մլն եվրոյի չափով աջակցություն տրամադրելու վերաբերյալ:

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը բարձր է գնահատել այս որոշումները՝ հայտարարելով․ «Եվրամիության խորհուրդը երկու կարևոր որոշում է ընդունել, որոնք կնպաստեն Հայաստանի հետ գործընկերության հետագա զարգացմանը: Առաջին անգամ մենք որոշել ենք 10 միլիոն եվրոյի չափով աջակցություն տրամադրել Հայաստանին Խաղաղության եվրոպական գործիքակազմի շրջանակներում։ Ավելին՝ մենք կանաչ լույս վառեցինք Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին։ Ուրախ եմ, որ մենք կարողացանք Հայաստանի համար ընդունել երկու երկար սպասված որոշումներ, որոնք կամրապնդեն մեր գործընկերությունը Հայաստանի հետ՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում լարված իրավիճակը»։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ իր հերթին է ողջունել ԵՄ խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների կողմից կայացված որոշումները՝ նշելով.

Կարդացեք նաև

«Մենք ողջունում ենք ԵՄ կողմից՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ։ Սա ՀՀ-ԵՄ գործընկերության շատ կարևոր հանգրվան է, գործընկերություն, որը խորանում է՝ հիմնված ընդհանուր արժեքների և սկզբունքների, ինչպես նաև կայունության, խաղաղության և բարեկեցության տեսլականի վրա։ Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում ԵՄ կառույցների և անդամ երկրների իմ գործընկերներին»։

Հաշվի առնելով Հայաստանում արտաքին քաղաքականության Արևմուտք-Արևելք հարաբերությունների վերաբերյալ բևեռացված մոտեցումները, ինչպես նաև Արևմուտքի կայացրած ցանկացած որոշումից հետո արևմտամետ փորձագիտաքաղաքական շրջանակներում ծայրահեղ էյֆորիկ տրամադրությունները, կարիք է առաջանում բացատրել, թե ինչ որոշումներ են կայացվել, քանի որ ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի կայացրած էյֆորիկ անդրադարձերը, անխոս, իրենց բնույթով դրական որոշումներին թույլ չեն տալիս համարժեք գնահատել կայացված որոշումները՝ ձևավորելով համարժեք ակնկալիքներ։

168am-ի հետ զրույցում վրացի քաղաքագետ Իրակլի Մենաղարիշվիլին ասաց, որ ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի որոշումները կարևոր են նրանով, որ դրանք կայացվում են ԵՄ անդամ երկրների համաձայնությամբ, ինչը ԵՄ-ի ներսում ամենակարևոր հանգամանքն է։ Սրանից, նրա խոսքով, կարելի է ենթադրել, որ Հայաստանի հետ մերձենալու հարցում կա ոչ միայն ԵՄ բարձրաստիճան ղեկավարության քաղաքական կամքը, այլև որոշակի կոնսենսուս նաև ԵՄ անդամ երկրների շրջանում։

Նա նաև ասաց, որ կայացված որոշումներից մեկը հստակ է՝ տրվում է աջակցություն ՀՀ ԶՈՒ-ին՝ կառույցում ինչ-որ գործընթացներ իրականացնելու, ամենայն հավանականությամբ, բարեփոխումների համար, որոնք պետք է ծառայեն խաղաղ նպատակներին և ռեգիոնալ խաղաղության ամրապնդմանը։

«Մյուս որոշումն արտոնում է Եվրահանձնաժողովին ՀՀ կառավարության հետ սկսել վիզային ազատականացման հարցով երկխոսություն։ Այս երկխոսությունը բավականին ծավալուն գործընթաց է, բաղկացած ՀՀ համապատասխան իրավական դաշտի ուսումնասիրությունից, խոցելի կետերի փոփոխությունից, որը բավականին երկարատև երկկողմ աշխատանք է պահանջում և բանակցությունների ավարտին՝ ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից ՀՀ-ի հետ վիզային ազատականացման որոշման հաստատման։ Սակայն բուն բանակցությունները սովորաբար տևում են մի քանի տարի, և չկա երաշխիք, որ որևէ երկիր չի խոչընդոտի որոշման կայացմանը, կամ ընդհանրապես կհաջողվի ձևավորել անհրաժեշտ իրավիճակ ազատականացման համար։

Այսինքն՝ երկխոսության մեկնարկի որոշումը կարևոր է, բայց բուն երկխոսությունն ինքնին՝ երկարատև ու խրթին, բազմաթիվ խոչընդոտներով գործընթաց է։ Ուկրաինան, Վրաստանը, Մոլդավան այս հարցով բանակցել են միջինում 5 տարի՝ գուցե շատ կամ քիչ, սակայն սա է այս հարցով աշխատանքի մոտավոր տևողությունը: Եթե ճիշտ եմ հիշում, ԵՄ-ն ամենաերկարն ԱլԳ երկրներից բանակցեց հենց Ուկրաինայի հետ»,- ասաց վերլուծաբանը։

Սակայն, նրա խոսքով, այս տևողությունը և նման ծավալուն աշխատանքը բնական է, հաշվի առնելով միգրացիոն ճգնաժամը ԵՄ-ում և ԵՄ անվտանգության կարևորությունը։

«Եթե նման մանրակրկիտ աշխատանք չտարվի, ԵՄ առանձին շատ երկրներ վստահություն չեն ունենա գործընթացի, տվյալ երկրի նկատմամբ և վերջնարդյունքում՝ չեն հաստատի առանց վիզային ռեժիմը»,- նկատեց վերլուծաբանը։

ԵՄ-ի հետ առանց վիզային ռեժիմի բանակցություններ սկսած յուրաքանչյուր երկրի առջև պահանջների մի խումբ է դրվում՝ հաշվի առնելով, ըստ ԵՄ չափանիշների, տվյալ երկրում առկա խնդիրները և, հատկապես, անվտանգության բաղադրիչը, քանի որ վիզան ազատականացվում է նաև ԵՄ-ի համար դեպի տվյալ երկիր։

Ուստի ԵՄ-ի համար կարևոր է իր քաղաքացիների իրավունքներն ու անվտանգությունն առանց վիզային ռեժիմ ունեցող երկրներում։ Օրինակ, բաց աղբյուրների համաձայն, Ուկրաինայի հետ վիզային բանակցությունները շարունակվել են 9 և ավելի տարիներ։ Նույն աղբյուրների համաձայն, ԵՄ-ն Ուկրաինայից պահանջում էր ուժեղացնել սահմանների պաշտպանությունը, ներմուծել կենսաչափական անձնագրեր, օրենսդրորեն ապահովել անսովոր սեռական կողմնորոշում ունեցող անձանց իրավունքները: Եվ այս պահանջներից հատկապես վերջինը բարդ է իրականացվել Ուկրաինայում և հատկապես Ռադայում քվեարկությունների ժամանակ։

Արդյունքում՝ Ուկրաինան կատարել է ԵՄ ավելի քան 140 պահանջ։

Օրինակ՝ օրենքներ են ընդունվել Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալության մասին։ Այսինքն՝ Հայաստանի հետ երկխոսության մեկնարկից հետո ՀՀ կառավարությունը պետք է սկսի այս ոլորտում ԵՄ-ի հետ համաձայնեցման գործընթաց երկխոսության դրական ավարտի համար, ինչը կարող է պահանջել տարիներ։

Տեսանյութեր

Լրահոս