Արշակ Կարապետյանը գաղտնազերծել է Դավիթ Տոնոյանի ձերբակալությանն առնչվող դրվագները, հաստատել է Մովսես Հակոբյանի պնդումը՝ 44-օրյայի 3-րդ օրը զորահամալրում չի եղել
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն օրերս տված հարցազրույցներից մեկում, որը հատվածական է հրապարակվում, անդրադարձել է ՀՀ-ում քաղաքական բանտարկյալների առկայությանը, և գործող իշխանությունների կողմից «գործ սարքելու» պրակտիկային, ինչը գեներալը որակում է՝ որպես դավաճանություն:
Տոնոյան Դավիթի ձերբակալողի հետ խոսակցություն եմ ունեցել Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ
«Մի անգամ ասել եմ՝ մարդուն տանում հարցաքննում են, ստիպում են մեկի հանդեպ ցուցմունք տա, խոստանում են… շատերն իրենցից մեզ եկել դիմել են և իրենք փաստավորել են, որ էսինչ տեղը, էսինչ անձերը ստիպել են այդպիսի բան անել: Էսինչ ծառայությունում էսինչ բանն արել են: Խոսքն ընդհանուր համակարգի մասին է, մենք համակարգի դեմ ենք պայքարում: Ես գտնում եմ, որ մեկի վրա գործ սարքելը դավաճանություն է: Ես խորհուրդ չեմ տալիս զբաղվել դրանով: Մեկ տարի հետո կլինի, մեկ ամիս հետո կլինի, մեկ շաբաթ հետո կլինի, երկու ամիս հետո կլինի, կամ՝ չգիտեմ երբ կլինի, բայց իրենց այդ հարցը տալու են: Այսինքն, ես գիտեմ՝ երբ կլինի, ուղղակի չեմ ուզում հնչեցնել, բայց էդքան երկար չի լինելու… Ունենք քաղբանտարկյալներ: Ըստ իմ տեղեկությունների, ընկած գործեր են սարքում: Ինչ արեցին, դրեցին, օրինակ, Աշոտյանին փակեցին, որ ինքը իբր հանցագործ է, բայց ոչ դատ է գնում նորմալ, ոչ բան, կամ՝ Արայիկ Հարությունյանին (ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյան, մեղադրվում է 2021 թվականի մայիսի ադրբեջանական առաջխաղացումների գործով.- Մ.Պ.), մյուսներին, 20 հոգու ազգանուն կարող եմ տալ»,- նշել է Արշակ Կարապետյանը՝ ակնարկելով, որ հենց այս պատճառով դեռ Մոսկվայից Հայաստան չի գալիս, բայց երբ գա այդ պահը՝ օդանավակայանի կենտրոնական մուտքից է դուրս գալու:
Իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականը և ՀՀ պաշտպանության նախկին նախարարը «հրթիռների գործին» առնչվող որոշ փակագծեր է բացել:
«Տոնոյան Դավիթին տարան փակեցին, 2 ամիսը մեկ դատ լինի թե չլինի: 3 տարի է՝ նստած է, բա որ արդարացրին: Ես գիտեմ, որ հիմքեր չկան, չկան հիմքեր: Ու ինձ Տոնոյան Դավիթի ձերբակալողը խոսք է տվել՝ եթե իրան չհաջողվի դատել Տոնոյան Դավիթին, տեսեք ինչ եմ ասում, որովհետև ես դեմ եմ եղել… Ես ասեցի՝ հիմքեր չկան: Հետո հարցրի՝ վստա՞հ ես, ասեց՝ հա: Ասեցի՝ եթե էս մարդն արդարանում է, դու քո ուսադիրները պոկո՞ւմ ես, ասեց՝ հա: Տղամարդու խոսք է տվել, օրը կգա, կհիշեցնեմ: Էս խոսակցությունը եղել է վարչապետի ներկայությամբ: Իզուր տեղը թող նամակներ չգրի՝ Կարապետյան Արշակը սենց արեց… նամակագրությունով թող չզբաղվի: Նորից եմ ասում՝ Էս խոսակցությունը եղել է վարչապետի ներկայությամբ: Մարդկանց վրա գործ սարքելով՝ առաջ չես գնա: Ու ես նմանատիպ բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել»:
168.am–ը գրել էր, որ Դավիթ Տոնոյանին առնչվող խորհրդակցություններ են եղել՝ մանրամասնելով, թե երբ են եղել և ովքեր են մասնակցել:
Մասնավորապես, 168.am-ի տեղեկություններով, նման 2 խորհրդակցություն է եղել. Մեկը՝ Տոնոյանի ձերբակալման նախօրեին, մյուսը՝ ձերբակալման օրվա առավոտյան:
Առաջին խորհրդակցությանը ներկա են եղել ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը, այդ ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ներկա է եղել նաև այդ ժամանակ դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, որն ավելի ուշ Հ1-ի եթերում պնդել էր, որ հրթիռների տեխնիկական անբավարար վիճակն արձանագրված է, և ոչինչ, որ փորձաքննություն չի արվել: Նշված անձանցից բացի, եղել են նաև այլ անձինք:
Իսկ արդեն 2-րդ խորհրդակցությանը, մեր տեղեկություններով, ԱԱԾ պետն ու ՀՀ գլխավոր դատախազը ներկա չեն եղել:
Հավելենք, որ 2022 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, նշվում էր.
«…ՀՀ ԱԱԾ-ին, ՀՀ գլխավոր դատախազությանը, մասնավորապես՝ ԱԱԾ պետին և քննչական դեպարտամենտի պետին, քննչական խմբի ղեկավարին, գլխավոր դատախազին և իր տեղակալին անգամ նախաքննության ընթացքում իրենց իսկ կողմից գործընկեր երկրի հատուկ ծառայությանը կատարված հարցման պատասխանից պարզ է եղել, որ 2018 թվականի դրությամբ հրթիռների պահպանման և շահագործման ժամկետների մեջ լինելը, որի վերաբերյալ վստահ եմ, որ տեղեկացրել են նաև ՀՀ վարչապետին: Նշվածի հաշվառմամբ էլ անգամ շարունակեցին իմ նկատմամբ առաջադրված մեղադրանքը պահպանել»:
Իսկ 2023 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իր փաստաբանական թիմի միջոցով պատասխանել էր 168.am-ի հարցերին:
Հրթիռների գործով անցնող և ավելի քան երկու տարի անազատության մեջ գտնվող Դավիթ Տոնոյանը, մասնավորապես, ասել էր.
«Ինձ ձերբակալելու համար քաղաքական համաձայնություն է տրվել ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, որի բոլոր մասնակիցներն ինձ և հանրությանը հայտնի են: Ընդ որում, նրանցից 2-ն արդեն չեն պաշտոնավարում, և համոզված եղեք, որ ուշ թե շուտ վերոնշյալ որոշման կայացմանը մասնակցություն ունեցած բոլորը պատասխան են տալու»:
Այս համատեքստում զենքի մատակարարման գործընթացի հետ կապված մի կարևոր փաստի վրա հերթական անգամ ուշադրություն հրավիրենք. 2021 թվականի նոյեմբերին 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի ընթացքում բանակին զենք մատակարարած Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) փաստաբան Արմեն Հարությունյանը նշել էր.
«Զենքի ամբողջ մատակարարման գործընթացը, այդ թվում՝ գնելը, տեղափոխելը և ընդունելը, վերահսկվում է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից: Շատ կարևոր մի հանգամանք է սա, ինչն իրական կյանքում գոյություն ունի: Այդ դեպքում ինչո՞ւ ԱԱԾ-ից ձերբակալվածներ չկան: Այսինքն՝ սա ևս մեկ անգամ հաստատում է այն, որ այդ բոլոր պրոցեսները ժամանակին շատ լավ վերահսկվել են, խնդիրներ չեն եղել: Եթե որոշակի շեղումներ էլ եղել են, դա թույլատրվում է օրենքով: Պետական գնումների ընթացակարգերում կան նման հնարավորություններ»,- մասնավորապես շեշտել էր փաստաբանը:
Իսկ թե Արշակ Կարապետյանն իր հարցազրույցում «ուսադիր ունեցող» ասելով՝ ո՞ւմ նկատի ունի, կարող ենք միայն ենթադրություններ անել:
Պարզապես հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը 2021 թվականի օգոստոսի 2-ին էր նշանակվել ՀՀ պաշտպանության նախարար, այդ պաշտոնից ազատվել էր 2021 թվականի նոյեմբերի 15-ին: Նախքան պաշտպանության նախարար նշանակվելը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալն էր, դրանից առաջ էլ՝ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը: Այսինքն, եթե Արշակ Կարապետյանը Դավիթ Տոնոյանի ձերբակալողին ասել է՝ հիմքեր չկան, ըստ էության, ելնելով զբաղեցրած պաշտոններից, ձեռքի տակ ունեցել է համապատասխան փաստեր:
Հիշեցնենք նաև, որ «հրթիռների գործով» ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանից բացի, անցնում են նաև ՀՀ ԶՈԻ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը և այլք:
Թերևս, վերը նշվածից ելնելով, կարո՞ղ ենք ասել, որ «հրթիռների գործի» ելքում կա և՛ քաղաքական շահագրգռվածություն, և՛ ուսադիրի պատիվը պահելու խնդիր՝ կոնկրետ անձանց դեպքում, թեպետ այս գործի հարուցումը վնասեց բանակի հեղինակությանը և ոչ միայն: Այսինքն, նժարի մի կողմում ռազմական նախկին ղեկավարության և բանակի հեղինակության ու պատվի հարցն է, մյուս կողմում՝ այս քրեական գործի նախաձեռնողների պատիվը և Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերը: Եվ այստեղ ամենադժվարն, ըստ էության, բարիկադի մյուս կողմում գտնվող ուսադիրավորների վիճակն է՝ ընտրություն պետք է կատարեն սեփական կամ բանակի պատվի միջև, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերի կամ սեփական հեղինակության միջև, թեկուզև ուշացած:
Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը մի օր սրա պատասխանատվությունն էլ է իր վրայից գցելու և ասելու՝ իրեն ներկայացրել են, որ հրթիռներն անպիտան են, և այլն, և այլն, և ոչինչ, որ ինքն այս հարցում անձնական կամ քաղաքական որոշակի շահագրգռվածություն ունի:
Ես շատ էի հարգում մի գեներալի, մինչև Տավուշում կատարվածին առնչվող փաստաթղթի տակ ստորագրելը
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը վերևում հիշատակված հարցազրույցում մեկ անգամ ևս չի անտեսել Տավուշում տարածքների և դիրքերի հանձնման հարցում ռազմական ղեկավարության պատասխանատվության հարցը:
«Կան հրամաններ, որոնք ենթակայի դուրը չեն գալիս: Ես մի անգամ ասել եմ՝ պահանջեք գրավոր հրաման: Գրավոր հրամանը տվեցին 2 զրոյով՝ գաղտնիացրեցին: Էդ հրամանը վերաբերում է մեր ժողովրդին, դա չպետք է լիներ գաղտնի: Առաջարկում եմ՝ թող հրապարակեն: Առաջարկում եմ: Այնտեղ կետեր կան, որ կզարմացնեն: Ճիշտն ասած՝ ես շատ էի հարգում մի գեներալի, մինչև այդ փաստաթղթի տակ ստորագրելը: Գցեցին էլի զինվորականների վրա, ցույց տվեք Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, որի տակ գրել է՝ հողերը հանձնել: Ցույց տվեք, ինքը գցելու է զինվորականների վրա: Հարց եք տալիս՝ կարո՞ղ են չկատարել, ինձ թվում է՝ կա պատվի խնդիր և օրենք: Սա այն դեպքն է, որ ինքը՝ զինվորականը, ավելի շատ իր պատվի մասին պետք է մտածեր: Իմ կարծիքով, ինքը պետք է ասեր՝ ուզում եք՝ ինձ նստացրեք, բայց պատիվը կպահպաներ: Դուք պատկերացրեք՝ մենք ունենայինք մի գեներալ, որը կհելներ և կասեր՝ ես էս հրամանը չեմ կատարի, չեմ ստորագրի, հող չեմ հանձնի, և մեկ էլ հրաման չկատարելու համար գային ու իրան կալանավորեին: Հավատացեք, էդ կալանքը ժամանակավոր բան է: Ինքը պահպանելու էր իր պատիվը և ապագայում ինքն էր հարց տալու իրեն կալանավորողներին»,- մանրամասնել է նախկին նախարարը:
Ի դեպ, 168.am-ը Տավուշում սահմանազատման գործընթացի համատեքստում դեռ մարտ ամսին էր զգուշացրել, որ Փաշինյանը մի օր քաղաքական որոշում է կայացնելու՝ դատել իր իսկ անօրինական հրահանգները կատարած զինվորականներին:
Արշակ Կարապետյանը հաստատում է Մովսես Հակոբյանի պնդումը
Արշակ Կարապետյանը մայիսին մեկ այլ առիթով հայտարարել էր, որ Զինված ուժերը Տավուշում ականազերծումն արել են զինվորական բարձր աստիճանի կոչում կրողի հրամանի համաձայն:
Ո՞ւմ նկատի ուներ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, տվյալ գեներալի պաշտոնական լիազորություններից ելնելով, կարող ենք միայն ենթադրություններ անել: Ինչ վերաբերում է հրամանի գաղտնի լինել-չլինելուն կամ դրա գաղտնի դարձնել-չդարձնելուն, որն առնչվում է երկրի և ժողովրդի անվտանգությանը, փաստենք, որ «Պետական գաղտնիքի մասին» օրենքով «արգելվում է պետական գաղտնիքի շարքին դասել մարդկանց անվտանգությանը և առողջությանն սպառնացող արտակարգ դեպքերի, աղետների, ինչպես նաև տարերային (ներառյալ՝ պաշտոնապես կանխատեսվող) աղետների, դրանց հետևանքների մասին տեղեկությունները…»:
Հիմա բարձրաստիճան զինվորականի ստորագրած հրամանը չի՞ ենթադրել արտակարգ դեպքեր և չի՞ սպառնացել ժողովրդի անվտանգությանը Տավուշում: Ի դեպ, Արշակ Կարապետյանի խոսքից կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը բանավոր է հրաման տվել զինվորականությանը:
Եվ եթե Սյունիքից զորքի հետքաշման դեպքում հրապարակավ գոնե ընդունել էր, որ ինքն է հրաման տվել, ապա այս դեպքում նման բան չկա, ընդհանուր հայտարարություններ սահմանազատման համատեքստում: Զինված ուժերի ղեկավարությունը վստա՞հ է, որ վաղը կալանավայրում չի հայտնվելու Նիկոլ Փաշինյանի անօրինական հրամանները կատարելու համար, ի վերջո, այսօրինակ դեպքեր ունենք, չէ՞, արդեն:
Գուցե այստեղ ոմանք կասեն՝ Մոսկվա «փախած» և այնտեղից գալու բարենպաստ ժամանակահատվածի սպասող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը չէ, որ պետք է հորդորի՝ ընտրել պատիվն ու կալանավորո՞ւմը, թե՞ Նիկոլ Փաշինյանի հրամանը կատարելը: Այո: Բայց ընդունենք նաև, որ այստեղ ճշմարտության տարրեր կան, հատկապես, երբ բացառված չէ անգամ Նիկոլ Փաշինյանի հրամանը կատարելու դեպքում կալանավորվելը: Կարապետյանը, ըստ էության, մեսիջ է ուղարկում ոչ միայն Տավուշում տարածքային կորուստների դեպքում իրենց այս կամ այն կերպ մասնակցությունն ունեցած զինվորականությանը, ոչ միայն այլ ռազմական գործերով անցնողներին, այլև գուցեև 44-օրյա պատերազմի օրերին Զինված ուժերում պաշտոններ զբաղեցրածներին:
Ի դեպ, Արշակ Կարապետյանի հիշատակած գեներալ Արայիկ Հարությունյանն էլ ասելու բան ունի հայտնի տեսանյութի մասին, բայց դեռ լռում է:
Արշակ Կարապետյանն այս օրերին նաև ռուսական «Իզվեստիային» է հարցազրույց տվել և կրկնել ավելի վաղ նշած 44-օրյա պատերազմում պարտության պատճառը. Նիկոլ Փաշինյանը ձախողել է մոբիլիզացիան և կառավարումը:
«2020 թվականի պատերազմը տևել է 44 օր: Շատ ստորաբաժանումներում, տեղերում այս ամենը տեղի է ունեցել առանց ռոտացիայի՝ գոնե մեկ: Թեպետ գիտենք, որ սովորաբար զորահամալրումը տեղի է ունենում մարտական գործողությունների 3-րդ օրը: Կրկնում եմ՝ խնդրահարույց էր կառավարման հարցը: Արցախի ղեկավարությունը իր պլաններն էր կառուցում, Երևանում իշխանությունը խնդիրները լուծելուց մի կողմ էր քաշվել, և շատ խնդիրների լուծումը թողել էին ԳՇ-ի վրա»,- ասել է Կարապետյանը:
Այսինքն, պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանը հաստատում է Մովսես Հակոբյանի ավելի վաղ ասված պնդումը՝ 3-րդ օրը զորահամալրում կամ լրահամալրում չի կատարվել Նիկոլ Փաշինյանի հրամանով: Հնարավոր է՝ Արշակ Կարապետյանը 44-օրյա պատերազմին առնչվող այլ գաղտնազերծումներ անի, իսկ պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, թույլ չի տվել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ-ին ինքնուրույն որոշումներ կայացնել, որոնք կարող էին փոխել պատերազմի ելքը մեր օգտին, և անկազմակերպվածությունը եղել է լավ կազմակերպված: