Ինչ սովորել էինք՝ 44-օրյայում չաշխատեց․.. «հերոս տղերք» ասվածը սուտ չէ․ պատերազմից ահավոր բան չկա. Ռազմական բժիշկ

44-օրյա պատերազմի օրերին շատ բժիշկներ կյանքի գնով կյանքեր փրկեցին։ Նրանցից մեկը ռազմական բժիշկ Սերոբ Գրիգորյանն է։

Ինչպե՞ս է կատարվել ռազմական բժշկի մասնագիտությունն ընտրելու որոշումը։

– Իմ ավագ ընկերները, ովքեր 2011թ․ դիմել էին ԵՊԲՀ՝ ռազմաբժշկական ֆակուլտետ, պարզվել էր, որ մի քանի տարի շարունակ փակ է եղել։ Եվ 2012թ․, երբ եկավ դիմում լրացնելու ժամանակը, տեղեկացա, որ ռազմաբժշկական ֆակուլտետը վերաբացվել է։ Շատ կարճ՝ 1-2 օրում որոշեցի, որ բուժական ֆակուլտետ չեմ տալու գործերս, որովհետև վստահ էի, որ անվճար հիմունքներով չեմ ընդունվի՝ հաշվի առնելով այն, որ մի քիչ «թամբալ» եմ։ Ուզում էի նաև ուսման վարձի ծանրաբեռնվածությունը ծնողներիս չթողնել։ Որոշեցի, որ այդպես կարող եմ ծնողներիս օգնել, ու պարզվեց, որ այնքան էլ սխալ որոշում չէր։ Չեմ դժգոհում, որ բանակի հետ կապվեցի։

– Ո՞րն է մասնագիտության առանձնահատկությունը։

Կարդացեք նաև

– Կարգապահությունը։ Լինելով զինվորականների կառույց՝ ֆակուլտետն ուսանողներից հենց զինվորական կարգապահություն է պահանջում։ Ընդունվելու օրվանից սկսած՝ քեզ ուսանող չես համարում, դու կուրսանտ ես, ապագա սպա՝ կոնկրետ ինչ-որ մասնագիությամբ, իսկ դա արդեն ինչ-որ բան փոխում է։ Խիստ վերահսկողություն է եղել քննությունների ժամանակ։

Իրավունք չունեիր օգտվել առավելություններից, որ տալիս էր կրեդիտային համակարգը։ Իրավունք չունեիր բացակայելու, քննությունից «կտրվելու»։ Եթե չվերահանձնեիր՝ դուրս էիր մնում, այն դեպքում, որ քաղաքացիական ուսանողների համար յուրաքանչյուր առարկա ուներ կրեդիտի ինչ-որ մակարդակ, առարկաները մի քանի անգամ կարող էին վերահանձնել։ Ոչ մասնագիտական առարկաներն էլ կարող էին ճակատագրական լինել։

Կարծում եմ, ռազմական բժիշկը պետք է նաև կարճ ժամանակում որոշում կայացնելու ունակություն ունենա։

– Այո՛։ Ռազմաբժշկությունն ուսումնասիրող մարդիկ պարտադիր դրան պետք է տիրապետեն։ Բնականաբար, փորձի հետ է արագ կողմնորոշվելու ունակությունը, բայց քո գիտելիքների պաշարը քեզ թույլ է տալիս կրիտիկական իրավիճակներում մի քիչ արագ կողմնորոշվել։

Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին շա՞տ են եղել դեպքեր, որ կարճ ժամանակահատվածում ինքնուրույն որոշում եք կայացրել։

– Ցավոք՝ այո։ Ունեցել եմ ավագ ընկերներ, ովքեր ավելի փորձառու են եղել և շատ են օգնել՝ ճիշտ կողմնորոշվելու առումով։ Բայց նման իրավիճակներում լինում են պահեր, որ մենակ ես ու պետք է որոշում կայացնես։ Այստեղ ինձ շատ է օգնել շտապօգնությունում բուժակ աշխատելը։ Գիտելիքների պաշարով ու գործնական հմտություններով գնացել եմ, դրա համար մի քիչ ավելի հեշտ էր ճգնաժամային իրավիճակներում կողմնորոշվելը։

– Ծանր իրավիճակներից ո՞րն է ավելի տպավորվել։

– Ամբողջ ընթացքը․․․ Ամեն հաջորդ օրը նախորդի և՛ տրամաբանական, և՛ ոչ տրամաբանական շարունակությունն էր՝ իր անակնկալներով։ Ամեն օրը նոր անակնկալ էր մատուցում։ Իսկ անակնկալները և՛ մարդիկ, և՛ իրավիճակներն էին։ Այսքան հոլովվող արտահայտությունը՝ հերոս տղերք, այդքան էլ սուտ չէ։

– Շատ դեպքեր են պատմում թե՛ բժիշկների, թե՛ զինվորների հերոսական քայլերի մասին։ Ո՞րը կհիշեք։

– Բժիշկներն ամենուր էին։ Հաշվի առնելով ժամանակակից մարտ վարելու կանոնները՝ այն ահագին տարբերվում էր մեր սովորածից։ Ինչ սովորել էինք՝ չաշխատեց, որովհետև ուղղակի մի փոքր հին էր։ Ժամանակակից մարտ վարելու դեպքում բժշկական ծառայության աշխատանքը մի քիչ այլ կերպ պետք էր կազմակերպել, և նորմերը, բնականաբար, պետք է մշակվեն նման դեպքերից հետո։

Քանի որ մենք այդ իրավիճակում աշխատելու հստակ մոտեցում չունեինք, բժիշկներն ինքնուրույն որոշում կայացրեցին, որ ուղղակի պետք է չիջնեն մեքենաներից, միշտ լինեն դաշտում, գնան ամեն տեղ, որտեղ կա իրենց կարիքը։ Դա իմ աչքով եմ տեսել ու եղել եմ մասնակից։ Այն, թե բժիշկները մինչև ուր էին հասնում, միայն Աստծուն է հայտնի։ Շատ դեպքեր կան, որ բժիշկներն ուղղակի գնացել են՝ մոտավոր իմանալով, թե որտեղ կարող է վիրավոր զինվոր լինել։ Իսկ հին մեթոդներն ասում էին՝ ծավալվիր որևէ թիկունքային հատվածում։ Դա ռեալ չէր։

Սա հենց ինքնուրույն որոշում կայացնելու պահն էր իրենք հասկացել են, թե որտեղ են պետք։

– Այո, ինքնուրույն հասկացել են, թե որտեղ են պետք։ Գրեթե բոլոր ստորաբաժանումներում, զորամասերում գտնվող բժիշկների փորձի հիման վրա մի պատմություն կգրվի։ Չեմ ցանկանա որևէ դեպք նշել, որովհետև վերհիշելը ցավեցնում է, և հետո, իրականում դա հիշելու բան չէ։ Եթե Երկիր մոլորակի վրա կա դժոխք՝ դա պատերազմն է։ Դրանից ահավոր բան չկա։

Հատկապես 18-23 տարեկան զինվորներն անգամ վիրավորում ստանալուց հետո ցանկացել են անպայման շարունակել մարտը։ Այդ պահին ինչպե՞ս էին Ձեր մեջ պայքարում բժիշկը, հասարակ քաղաքացին և հայրենասեր մարդը։

– Նման դեպքերում անձի երկատում, որպես այդպիսին, քո որոշումների մեջ չի լինում։ Հստակ գիտես, որ դու բժիշկն ես․ այդ պահին քեզ համար առաջնահերթ է այդ կյանքը։ Քեզանից մի 10 տարի փոքր, ամեն մեկը՝ մի տան ճրագ, դու չես կարող այդ երկուսի միջև ընտրել։ Եթե նման ընտրություն լինի, պետք է որպես հայրենասեր սպա՝ իրեն նայես որպես զինվորի, ոչ թե վիրավորի, որ ստացված վնասվածքի պատճառով դիրքը թողել է, ու հնարավորինս շուտ ոտքի կանգնեցնես, իրեն վերադարձնես դիրք։ Չէ, այդպես չես կարող անել։ Դու բժիշկ ես, իսկ ինքը նայում է քո աչքերի մեջ։ Սրտատրոփ սպասում է քեզ, քո մեքենային ու բացականչությանը՝ բժիշկն եկավ․․․։

– Շա՞տ էին տղաները, ովքեր ասում էին՝ ինձ պետք չէ բուժել՝ ես գնացի․․․

Մեծ մասը։ Տաքարյուն առյուծներ էին․․․ ասում էին՝ թող գնամ, բժիշկ ջան, իմ վիճակը թեթև է, մյուսին նայի․․․ Հորդորում էին վիրակապել, որպեսզի հետ վերադառնան իրենց դիրքը, քանի որ տղերքին պետք էին։

– Ռազմական բժիշկներն ի՞նչ խնդիրների բախվեցինեղե՞լ է դեպք, որ սարքավորումներն իրենց չեն արդարացրել։

– Որպես դաշտում աշխատող բժիշկ՝ ասեմ, որ մեր սարքավորումը մեր մեքենան էր, մեր զենքը՝ մեր պատգարակները․․․ Հաշվի առնելով տեղանքը, ճանապարհների որակը, սարքավորում օգտագործելու ժամանակ ուղղակի չունես, դա է հարցը։ Վիրավորները նախ այն վիճակում չեն, որ կարողանաս ժամանակ հատկացնել, անձնակազմդ այնքան շատ չէ, և այնտեղ ապահովում ես կենսական հիմնական ցուցանիշները և հասցնում էին որևէ բժշկական կետ։

Ինչ վերաբերում է բժշկական սարքավորումներին, այն բժիշկները, ովքեր մասնակցել են որևէ պատերազմի, որպես կանոն, փորձառու են։ Նրանք որոշում են կայացնում՝ չհիմնվելով որևէ գործիքային հետազոտության կամ սարքավորման վրա։ Այն, ինչ մեզ պետք է եղել՝ փառք Աստծո, չի խափանվել։

Հիմնականում ո՞ր շրջաններում եք եղել։

– Մարտունիում։ Այնտեղի զորամասերից մեկի բժիշկն եմ եղել։

Վիրավորում ստացել եք պատերազմի 27-րդ օրը, երբ փորձել եք զինվորի կյանքը փրկել՝ հողաթմբի տակից նրանց հանելով․․․

– Այսօրվա պես հիշում եմ այդ օրը։ Պատկերն էլ մեկ-մեկ առաջս է գալիս՝ հատկապես սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում։ Վիրավորվել եմ հոկտեմբերի 22-ին։ Երկրորդ ծննդյանս օրն է։ Տան անդամներն այդ օրը մեկ-մեկ նվեր էլ են տալիս (ծիծաղում է․- Ա․Կ)։

Զինվորին փրկել հաջողվե՞ց։

– Զինվորներ էին․․․ Ցավոք, չկարողացանք։ Իրենք մնացել էին կառույցի փլատակի տակ։ Հողաթումբն էինք քանդում, որ տակից հանեինք, որովհետև իրենց գլուխները բաց էին՝ կրծքավանդակից վերև հողից դուրս էր մնացել։ Ոտքերը չէին զգում, բայց շնչում էին, ջուր էին խմում, խոսում… Սպասում էին, որ քանդենք հողը։ Վերջում կպավ, էլի․․․ Չգիտեմ՝ ի՞նչ էին կրակում, բայց կրակելու ձևից նման էր հրթիռային տեխնիկայի։

– Մահվան աչքերին նայելուց հետո Ձեր մեջ ի՞նչ փոխվեց թե՛ կյանքի նկատմամբ, թե՛ մարդկանց հանդեպ։

Շտապօգնությունում աշխատելու ժամանակ մահվան աչքերին նայել ենք։ Շատ դեպքերի ենք հանդիպել, բայց այդքան երիտասարդների բնական կյանքը բեկորով կամ փամփուշտով ընդհատելը տեսնելուն ոչ մեկը պատրաստ չէր։ Իհարկե, արագ «սառեցինք», երևի բժիշկների խաչն է, որ միշտ տանում են։ Շատ են ասում՝ ինչ սառն եք, բայց իրականում հակառակն է․ եթե բժշկի սիրտը կրակով լցված չլինի՝ չի կարող բժշկությամբ զբաղվել։ Այն, թե ներսում ի՞նչ է կատարվում՝ ամեն բժիշկ ինքը գիտի։

Հիմա քաղաքացիական կյանքում բուժառուի հետ աշխատելիս ուրիշ ձևով ես նայում, մահվան շունչն ես զգում ամեն հիվանդի հետ։ Այն թե՛ պտտվում է կողքդ, թե՛ ոչ։ Դա բանակից մնաց։

– Բժիշկներից շատերն այդ օրերը հիշելիս ասում են՝ այնքան ուժասպառ էինք, որ ուզում էինք ինչ-որ գրքում գտնել ուժասպառությունից փրկվելու ելքը, բայց չէինք գտնում։ Ինչպե՞ս էիք ուժ ստանում։

Վախից։ Մեր շարժիչ ուժն ավելի շատ վախն էր։ Երբ կրակի, հրետակոծության տակ չէիր, դրա մասին չէիր մտածում, սակայն, երբ կարիքդ կար ու քեզ կանչում էին, այդ ժամանակ անկախ քեզանից ինչ-որ գերբնական ուժ ես ձեռք բերում, որ պետք է գնաս-հասնես, հանես, մի բան անես։ Միշտ այդպես էր՝ չգիտեինք՝ ո՞ւր ենք գնում և ի՞նչ կա այնտեղ, ի՞նչ պետք է անենք, որտե՞ղ ենք աշխատելու։ Գնում ես այնպիսի տեղ, որ վիրավոր կա, այսինքն՝ դու էլ ռեալ շանս ունես՝ չվերադառնալու։ Այդ վախն էր երևի շարժում։

Վախենալով գործ անելու և վախի պատճառով հանձնվելու սահմանները միշտ մոտ են եղել, միշտ այդ եզրերով եմ քայլել։ Ամոթալի կլիներ, որ թողնեի ու գնայի, այդ խղճով երբեք չէի կարող ապրել։

– Օրդինատուրայում ընտրել եք ուրոլոգի մասնագիտությունը, այդ որոշումը պատերազմից հետո՞ եք կայացրել։

– Վիրաբուժական մասնագիտությունները միշտ գրավել են ինձ։ Ուրոլոգիան այնպիսի մասնագիտություն է, որ մի քանի ճյուղ է պարունակում։ Բժշկության մեջ աշխարհի ամենալավ մասնագիտությունն է։

Ռազմական բժիշկն ավելի լավ չէ՞ր։

– Ռազմական ուրոլոգ լինեի՝ շատ ավելի լավ կլիներ։ Չեմ կարող համեմատել, տարբեր են։ Որպես երիտասարդ, արյունը եռացող կերպար՝ ռազմական բժիշկն է լավ։ Ադրենալինով լի կյանքը շտապօգնության և ռազմական բժիշկների դեպքում է։ Մեծանալով, հասունանալով՝ արդեն հասկանում ես, թե քեզ որն է պետք։

Տեսանյութեր

Լրահոս