Բաժիններ՝

Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու՝ Կանադայի որոշումը

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանաանին «նողկալի» է անվանել Կանադայի իշխանությունների որոշումը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, և հայտարարել է, որ Թեհրանն իրեն պատասխանի իրավունք է վերապահում:

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ Կանադայի կառավարության նողկալի գործողությունները ոչ մի ազդեցություն չեն ունենա Իրանի ժողովրդի կողմից ստեղծված այդ փառավոր կազմակերպության օրինական և զսպիչ ուժի ամրապնդման և հզորության մեծացման վրա», – Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:

«Իրանն իրեն իրավունք է վերապահում համաչափ և փոխադարձ պատասխան տալու այդ քայլին», – հավելել է դիվանագետը։

Խոսնակն Օտտավայի որոշումը բնութագրել է որպես «թշնամական» և այն համարել «ոտնձգություն» իսլամական հանրապետության «ինքնիշխանության դեմ»։

Հունիսի 19-ին Կանադայի իշխանություններն ԻՀՊԿ-ն հայտարարել են ահաբեկչական կազմակերպություն։ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին Իրանում գտնվող բոլոր կանադացիներին կոչ է արել հեռանալ այնտեղից՝ հիշեցնելով, որ Օտտավան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Թեհրանի հետ, ուստի չի կարողանա որևիցե օգնություն ցույց տալ իր քաղաքացիներին։

Կանադայի CBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԻՀՊԿ-ն արգելված կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու որոշումը պայմանավորված է Օտտավայի վրա քաղաքական գործիչների և հասարակական կազմակերպությունների ճնշումներով․ այդ կազմակերպություններն, ըստ լրատվամիջոցի, ներկայացնում են 2020 թվականին Թեհրանից մեկնաթռիչքից հետո ավիավթարի ենթարկված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի աղետի զոհերին։

Բացի Կանադայից, ԻՀՊԿ-ն ահաբեկչական է ճանաչվել նաև ԱՄՆ-ում։ Այդ որոշումը կայացրել է 2019 թվականին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը։ Ի պատասխան՝ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդն ԱՄՆ զինված ուժերը դասել է ահաբեկչական կազմակերպությունների շարքին։ ԻՀՊԿ-ն արգելված կազմակերպություն հայտարարելու կոչեր են հնչել Եվրամիությունում, բայց, ինչպես 2024 թվականի ապրիլին նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, Եվրամիությունն այժմ նման քայլի գնալու հնարավորություն չունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս