Ինչու է 44-օրյա պատերազմը «նախապատրաստած» Ռուսաստանին Փաշինյանը վստահել Արցախի և ՀՀ անվտանգությունը. գործա՞րք, թե՞ ուշ է իմացել «դավադրության» մասին
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
«2020 թվականի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը ոչ մեր կողմից մասնակցել են մեր դաշնակիցները։ Եվ ես ՀԱՊԿ առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը»,-շեշտել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ 4 տարի սա է փորձում այլաբանորեն բացատրել և հիմա ուղիղ խոսելու առիթ է ընձեռվել: Իհարկե, ՌԴ-ին առչվող նման ուղիղ մեղադրանքներ Փաշինյանը հնչեցրել է, այլ հարց է Բելառուսը:
Հիշեցնենք, որ վերջերս Բաքվում Լուկաշենկոն Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում գաղտնազերծում էր արել. «Հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, Ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն քննարկում էինք ճաշի սեղանի շուրջ։ Այն ժամանակ մենք եզրակացրեցինք, որ պատերազմում կարելի է հաղթել։ Դա կարևոր է, շատ կարևոր է պահել այդ հաղթանակը, և երրորդը՝ մենք համաձայնեցինք, Դուք այն ժամանակ շոշափեցիք այդ թեման, որ պատերազմից հետո կսկսվի ամենածանր շրջանը, երբ հարկ կլինի վերակենդանացնել ձեր ազատագրած հողերը»:
Հարց է ծագում՝ իսկ երբ է Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի պատերազմի նախապատրաստության հարցում՝ մասնավորապես Հայաստանի դեմ, կասկածներ ունեցել Ռուսաստանի և Բելառուսի առնչությամբ: Ինչո՞ւ է սա կարևոր: Կամ՝ սա կարևոր է մի քանի փաստով պայմանավորված:
Առաջին, 44-օրյայի ընթացքում՝ հոկտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել հնդկական WION հեռուստաընկերությանը և հարցին՝ «կարելի՞ է ասել, որ Հայաստանը հայտնվել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև ընթացող միջնորդավորված, անուղղակի պատերազմի թատերաբեմում», պատասխանել էր.
«Ոչ, ես չեմ կարող այդպիսի բան ասել, որովհետև Ռուսաստանը ներգրավված չէ պատերազմում, և Ռուսաստանը հանդես է գալիս՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: ԵԱՀԿ Մինսկի խումբն այն միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է, որտեղ պետք է քննարկվի և լուծվի Ղարաբաղի հարցը:
Ռուսաստանը, այո՛, Հայաստանի ռազմավարական գործընկերն է, բայց նա պատերազմի մեջ ներգրավված չէ և ավելի շատ ներգրավված է որպես միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ Ղարաբաղի հարցը կարգավորելու և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու գործում»:
Այնուհետև Փաշինյանը շարունակել էր. «Եվ ես կարծում եմ, որ այս իրավիճակում ճիշտ կլինի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցեն Ռուսաստանի խաղաղարար ջանքերին և ոչ թե իրենք փորձեն առանձին խաղաղարար նախաձեռնություններ ցուցաբերել: Մանավանդ որ, Ռուսաստանը, մոտ լինելով և ներկա լինելով տարածաշրջանում, ավելի գործուն լծակներ ունի իրավիճակի վրա կոնկրետ ազդեցություն գործելու համար»:
Ավելին, Թուրքիայի՝ 44-օրյա պատերազմին մասնակցություն ունենալու պատասխանատվությունը Փաշինյանը դրել էր ՆԱՏՕ-ի վրա:
«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և կարծում եմ՝ այն գործողությունները, որոնք կատարվում են հիմա Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում, որոշակի պատասխանատվություն են դնում նաև ՆԱՏՕ-ի վրա: Այսօր (հոկտեմբերի 23-ին) Human Rights Watch կազմակերպությունն արձանագրել է, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հակամարտության գոտում օգտագործվում են արգելված զենքեր, մասնավորապես՝ կասետային ռումբեր, որոնք միջազգային իրավունքի կոպտագույն խախտում են: Եվ երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ներգրավված է այս գործընթացում, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխում հակամարտության գոտի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ սկսելու համար, այստեղ ուղղակի է ՆԱՏՕ-ի պատասխանատվությունը, և ՆԱՏՕ-ն պետք է այս հարցերին պատասխանի: Ի վերջո, ինչպե՞ս է ինքը վերաբերվում, երբ իր անդամ պետությունը՝
1. վարձում է ահաբեկիչների և վարձկանների և տեղափոխում հակամարտ գոտի,
2. մասնակցում է մի գործընթացի, որտեղ օգտագործվում են արգելված զենքեր, և որտեղ հրթիռակոծությունների է ենթարկվում խաղաղ բնակչությունը»,- հիշատակված հարցազրույցում ասել էր նա:
Երկրորդ, 168.am-ը գրել էր , որ Ալիևը հերթական գաղտնազերծումն է արել 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության շուրջ բանակցություններից:
«2020 թվականի նոյեմբերի 9-ին մենք եռակողմ հայտարարության շուրջ բանակցություններ էինք վարում նախագահ Պուտինի միջոցով, որովհետև որևէ կոնտակտ չկար հայ գործընկերների հետ: Եվ այսպես եղել է մի քանի հեռախոսային խոսակցություն եռակողմ հայտարարության ամեն կետը համաձայնեցնելու համար: Սա շարունակվել է վաղ առավոտից մինչև գրեթե նոյեմբերի 10-ի առավոտ: Դրա համար մենք միշտ ասում ենք, որ հայտարարությունը ստորագրվել է նոյեմբերի 10-ին, որովհետև Բաքվում մոտավորապես գիշերվա ժամը 02:00-02.30 էր: Քննարկվել էր ռուս խաղաղապահների հարցը, և հայկական կողմի դիրքորոշումն այն էր, որ խաղաղապահների համար ժամկետի հետ սահմանափակումներ չպետք է լինեն: Այլ խոսքերով՝ նրանք պետք է ընդմիշտ մնան: Դրան մենք չէինք կարող համաձայնել, և պնդեցինք, որ ժամկետային սահմանափակում լինի: Դա բանակցությունների ամենաբարդ հարցերից մեկն էր, որի շուրջ կողմերը չէին կարողանում համաձայնության գալ: Մեզ համար խաղաղապահներին վերաբերող մասը եռակողմ հայտարարության ամենասկզբունքային հատվածներից մեկն էր: Մեր դիրքորոշումը հետևյալում էր՝ եթե այս հարցի շուրջ համաձայնություն ձեռք չբերվի, ապա ոչ մի հայտարարություն էլ չի լինի և պատերազմը կշարունակվի: Եվ, ի վերջո, Հայաստանը ստիպված եղավ համաձայնել»,- մանրամասնել էր Ալիևը:
Հիշեցնենք, որ մոտ 2 տարի առաջ Փաշինյանն առաջարկում էր Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետը ևս 10-20 տարով երկարաձգել, ինչն Ադրբեջանը մերժել էր:
Երրորդ, Այս տարվա մարտին 24News-ին տված հարցազրույցում ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների դիտակետեր են տեղադրվել:
Մի առիթով 168.am-ը թարմացրել էր Փաշինյանի հիշողությունը,որը ստիպված ենք նաև հիմա անել,մանրամասն ներկայացնելովռուսական բազայի տեղակայման կետերի ընդլայնման որոշման, ռուսական ուղեկալների տեղակայման և հենակետերի ավելացման մասին, ընդ որում՝ նաև 2021 թվականի մայիսի ադրբեջանական առաջխաղացումներից հետո:
Իհարկե, Կրեմլում այս տարվա մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցից կամ Փաշինյանի մոսկովյան այցից հետո հայտնի դարձավ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ կետերը դուրս են գալու։ Ավելի ուշ Կրեմլից հաստատել էին այս տեղեկությունը և նշել, որ հարցի շուրջ ՀՀ-ի և ՌԴ-ի ղեկավարները համաձայնության են եկել՝ հաշվի առնելով, որ իրավիճակ և պայմաններ են փոխվել: Բայց փաստ է՝ Փաշինյանը 44-օրյա պատերազմը «նախապատրաստող» ՌԴ-ին շարունակել է վստահել ՀՀ անվտանգությունը, ընդլայնել հայկական սահմաններին նրա ներկայությունը: Ի դեպ, եթե հավատանք ՊԲ նախկին ղեկավար Սամվել Բաբայանին, ապա Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ կետերը դուրս են գալիս Ադրբեջանի պահանջով, այսինքն, Փաշինյանն ընդամենը կատարում է Ալիևի պահանջը:
Չորրորդ, Կրեմլից հայտնել էին , որ հայկական կողմի խնդրանքով սահմանապահները մնալու են հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին, այսինքն, Ռուսաստանը Սյունիքից դուրս չի գալիս և շարունակում է մնալ Մեղրիում: Նիկոլ Փաշինյանը սա հերքել է, միայն օրեր առաջ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է փորձել դա անել , այն էլ հարց է՝Փաշինյանի տեսակե՞տն է հայտնել, թե՞ իր հակառուսական պնդումն է արել:
Իհարկե,Փաշինյանը կարող է հայտարարել, որ44-օրյայի ժամանակ ՌԴ-ՀՀ համատեղ ՀՕՊ-ը չի աշխատել,իսկ ՊՆ-ն էլ ավելացնելու բան չունենա, ավելի ճիշտ՝ չցանկանա Փաշինյանի հայտարարության պատասխանատվության տակ մտնել, իսկ Փաշինյանն էլ չբերի ոչ մի հրապարակային հիմնավորում, գուցե Քննիչ հանձնաժողովում բերե՞լ է:
Չմոռանանք, որ Փաշինյանը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հեղինակ դարձյալ Ռուսաստանին էր համարում, բայց սա էլ չի ապացուցվել, ոչ էլ Ապրիլյան քննիչ հանձնաժողովում քննության առարկա դարձել, կարևորը, ըստ քաղաքական հարմարության, շարունակել ենք վստահել Ռուսաստանին և Պուտինին, միգուցե անգամ 2018 թվականի «թավշյա հեղափոխության» ժամանակ վայելել է նաև ռուսական աջակցությունը:
Նույնը կարելի է ասել նաև Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ հարաբերությունների մասին: Քաղաքական տարբեր փուլերում եղել են հեռահար բանավեճեր, բայց դրանք հարթվել են, և այն աստիճան, որ, օրինակ, 2023 թվականի դեկտեմբերին Լուկաշենկոն հաստատել է Փաշինյանի արդարացման պնդումները՝ «Փաշինյանը մեղավոր չէ, նա ժառանգել է ստեղծված իրավիճակը»:
Գուցե այս դեպքերի համար է ասված՝ քաղաքականության մեջ չկան հավերժ թշնամիներ և բարեկամներ: Այսօր ՌԴ-ն Փաշինյանի համար գուցե բարեկամ չէ, վաղը կարող է դառնալ:
Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը նույն ջանասիրությամբ չի արձագանքում Ալիևի՝ իր դեմ գաղտնազերծումներին, ծաղրանքներին, սպառնալիքներին:
Չի պատասխանում և ոչ էլ որպես հակաքայլ օգտագործում է տարիներ առաջ խոստացված կոնֆիդենցիալ տեղեկությունը, որը պիտի խառներ Ադրբեջանի ներքին քաղաքական վիճակը: