Թարմացնելով Փաշինյանի հիշողությունը, կամ՝ մի քանի դրվագ ռուսական բազայի տեղակայման կետերի ընդլայնման որոշման, ռուսական ուղեկալների տեղակայման և հենակետերի ավելացման մասին
Փետրվարի 12-13-ին Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպից հետո ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարությունը և ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը միաձայն հայտարարեցին, որ ռուսները թույլ չեն տվել եվրոպացի դիտորդների մուտքը Ներքին Հանդ:
Ավելի ուշ ՀՀ ԱԱԾ-ն հերքել էր այս տեղեկությունը՝ ասելով, որ ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների գործունեության համար խոչընդոտներ չկան: Կարճ ասած՝ ԱԱԾ-ն անուղղակի ասել էր, որ նրանք ստում են:
Փետրվարի 28-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանից փորձել է ստանալ այս առնչությամբ մի քանի հարցի պատասխան՝ ՀՀ ինչ-որ տարածք հանդիսանում է 3-րդ երկրի պատասխանատվության գոտի՞, ի՞նչ մանդատով են ռուս սահմանապահները կանգնած այնտեղ, իրավական ի՞նչ պայմանագրի հիման վրա, կոնկրետ ի՞նչ պատասխանատվություն ունեն, քանի որ, եթե հնչեցվում է մեղադրանք, որ չկարողացան կանխել արյունալի բախումը, ուրեմն ինչ-որ պատասխանատվություն ունեն։
Նիկոլ Փաշինյանը պատգամավորի այս հարցադրումներին ի պատասխան՝ նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել, որ դա ՌԴ պատասխանատվության գոտին է, այլ հնչել է ահազանգ, ու հիմա քննվում է, թե ինչ խոչընդոտների մասին է խոսքը։ Այսինքն, ըստ Փաշինյանի, Սյունիքի Ներքին Հանդ գյուղի տարածքում ռուս սահմանապահների ներկայությունը կարգավորող որևէ մանդատ և պայմանագիր գոյություն չունի:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան փետրվարի 28-ին հայտարարել է, որ Ներքին Հանդի շրջանում 2021 թվականին ԱԴԾ սահմանապահ ծառայության հենակետ է տեղադրվել հայկական կողմի հետ պայմանավորվածության համաձայն։
Այստեղ հետ գնանք և հիշենք մի քանի դրվագ:
Դրվագ առաջին
44-օրյա պատերազմի ավարտից հետո, երբ ստորագրված էր նոյեմբերի 9-10-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունը, 2020 թվականի նոյեմբերի 13-ին «ՌԻԱ Նովոստին» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի խորհրդակցության որոշ մանրամասներ էր ներկայացրել։
Բորտնիկովը Պուտինին զեկուցել էր, որ ծառայությունը Հայաստանում լրացուցիչ 5 հենակետ է ավելացրել, ընդ որում, 2-ը՝ նախիջևանյան թևում, 2-ը՝ հայ-իրանական սահմանի ուղղությամբ: Իսկ «ՏԱՍՍ» գործակալությունն էլ, հաստատելով հավելյալ ռուսական ուժերի տեղակայումը, հայտնել էր նաև, որ սահմանապահ հավելյալ ուժեր են տեղակայվել նաև պատերազմից հետո ձևավորված բնագծերին և բնակավայրերին մոտ, մասնավորապես՝ Տեղում և Սըղըրթ բարձունքի մոտ (Սյունիքի մարզ):
2021-ի հունվարին ԱԱԾ-ն, ի պատասխան «Հետքի» հարցման, թե ինչ իրավական հիմքով են ՌԴ սահմանապահ զորքերը տեղակայվել հայ-ադրբեջանական առաջնագծում, հայտնել էր, որ դա արվել է «2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կենսագործման շրջանակներում՝ հաշվի առնելով խնդրի հրատապությունը և սահմանային հենակետերի տեղակայման անհրաժեշտությունը»:
Հիշեցնենք, որ 168.am-ը գրել էր, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Դավիթ Տոնոյանն ակնարկել էր, որ 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարությունը զինադադարի փաստաթուղթ է:
«Այդ համաձայնագիրը, որն առավելագույնն էր, որ կարելի էր ունենալ ՌԴ խաղաղարար ուժերի տեղակայման առումով: Այսինքն, սա լավագույն տարբերակն էր, որը մշակվեց շատ կարճ ժամանակահատվածում: Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ այդ փաստաթուղթը ավելի շատ խաղաղարար ուժերի տեղակայումն է որոշում: Այսինքն, դա ավելի շատ խաղաղապահներին է վերաբերում»,- ընդգծել էր նա:
Դրվագ երկրորդ
2022 թ. աշնանն էլ վերոնշյալ հարցով «Հետքը» դիմել էր Նիկոլ Փաշինյանին, սակայն լրատվամիջոցի հարցին պատասխանել էր ԱԳՆ-ն.
«Որոշ հատվածներում ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ստորաբաժանումների ծառայողների ներկայությունը պայմանավորված է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հետ համատեղ միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ, որոնց նպատակը հայ-ադրբեջանական (պայմանական) սահմանի մոնիտորինգի և հնարավոր կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով լուծելուն ուղղված միջոցառումների իրականացումն է»:
Դրվագ երրորդ
Իսկ 2021 թվականին 168.am-ին հայտնի էր դարձել Տավուշի մարզի տարբեր հատվածներում ռուսական ուղեկալների տեղակայման մասին՝ Ոսկեպար, Ազատամուտ: Ավելին, մենք 2022 թվականի հունիսի 21-ին գրել էինք, որ ռուսական կողմն Այգեպարի հատվածում մոդուլային ավան է կառուցում:
Ի դեպ, ադրբեջանական ԶԼՄ-ները հատկապես Այգեպարի հատվածում ռուսական ռազմական օբյեկտի կառուցման փաստին էին ուշադրություն դարձրել: Եվ հաշվի առնելով հայաստանյան լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ շինարարություն է ընթանում Այգեպար գյուղի մոտ գտնվող նախկին օդանավակայանի տարածքում, որտեղ խորհրդային տարիներին Յակ-40 օդանավի թռիչքուղին էր, ադրբեջանական կողմը եկել էր հետևյալ եզրահանգման՝ ռազմական նշանակության ինչ-որ օբյեկտ է կառուցվում ռուսական կողմի կարիքների համար:
Մասնավորապես, Caliber.az-ը ենթադրել էր, որ նախկին օդանավակայանի տարածքում կառուցվող ռուսական օբյեկտը հնարավոր է ունենա թռիչքուղի, եթե ոչ՝ ավիաբազա:
Ինչի՞ է սրանով պատրաստվում Կրեմլը, ադրբեջանական լրատվամիջոցը մի քանի վարկած էր առաջ քաշել այդ ժամանակ: Օրինակ, հնարավոր է՝ Արցախում խաղաղապահ առաքելության ժամկետի ավարտից հետո ՌԴ-ն իր այդ խաղաղապահ կոնտինգենտը տեղափոխի Հայաստան:
«Միամտություն կլինի կարծել, որ մանդատի ժամկետի ավարտից հետո Ռուսաստանը կլքի Հարավային Կովկասը»,- նշել էր ադրբեջանական կայքը՝ միաժամանակ նկատելով, որ 3 տարում դեռ շատ բան կարող է փոխվել համաշխարհային քաղաքականության մեջ, այդ թվում՝ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին:
Երկրորդ՝ այդ ժամանակ Արցախը չէինք կորցրել դեռ, և ադրբեջանական վերլուծության հեղինակը նկատել էր նաև, որ Տավուշում, մասնավորապես Այգեպարի հատվածում ռուսական օբյեկտի առկայությունը կարող է ազդեցության հզոր գործիք դառնալ Երևանի և Ադրբեջանի վրա, օրինակ, Ադրբեջանի դեմ ՌԴ-ն այն կարող է օգտագործել Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետի երկարաձգման և Եվրոպա գազ մատակարարելու հարցերում, այսինքն, նպատակը մեկը չէ:
Իսկ 2022 թվականի հունիսի 17-ին Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը հավանություն էր տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2012թ. հոկտեմբերի 3-ի` ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2 արձանագրության ստորագրման առաջարկությանը:
Հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում էր.
«Արձանագրության ստորագրումը պայմանավորված է ռուսաստանյան ռազմակայանի զինվորական կազմավորումների կազմի փոփոխության արդյունքում նրանց գործունեության համար պայմանների ապահովման անհրաժեշտությամբ, միտված է վերոշարադրյալ գործընթացների ապահովմանը և, միաժամանակ, բխում է Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 2019թ. ապրիլի 12-ին Երևանում կայացած 12-րդ նիստի արձանագրության դրույթներից»:
Նշվում էր նաև, որ արձանագրության ստորագրումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում մատնանշված անվտանգային, արտաքին քաղաքական մի շարք գործոններից: Այսինքն, 2021 թվականի մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումից հետո Նիկոլ Փաշինյանը որոշել էր, որ պիտի ընդլայնել ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղաբաշխման կետերը:
Դրվագ չորրորդ
2021 թվականի օգոստոսին ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկմանը Փաշինյանը հիշեցրել էր Պաշտպանության նախարարության (ՊՆ) 2020թ. դեկտեմբերի 19-ի հայտարարությունը:
«Պաշտպանության նախարարությունը 2020 թվականի դեկտեմբերի 19-ին հայտարարություն տարածեց, որտեղ ասվում է. «Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-անոց հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով: Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափան կազմակերպման նկատառումով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր: Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով: Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքերը Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից: Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ: Առաջիկա օրերին կտրվեն հավելյալ պարզաբանումներ»,- մանրամասնել էր Փաշինյանը:
Իսկ 2020 թվականի դեկտեմբերի 20-ին «Զինուժ մեդիա»-ի հարցերին ի պատասխան՝ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը վստահեցրել էր, որ Գորիս-Դավիթ Բեկ, Կապան-Ճակատեն ճանապարհները հսկողության տակ են վերցնում ռուսական խաղաղապահ զորքերը՝ մեր սահմանապահ զորքերի հետ միասին:
«Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ են տալիս ասել, որ այդ ճանապարհների անվտանգությունն ապահովված է,- պնդել էր Հարությունյանը և ասել,- Գորիս-Դավիթ Բեկ 21 կիլոմետրանոց ճանապարհը հսկողության տակ են վերցնում ռուսական խաղաղապահ զորքերը։ Մեր սահմանապահ զորքերը կանգնում են մեր տարածքում և վիզուալ վերահսկում են այդ ճանապարհը՝ ապահովելով երկրորդ շերտի անվտանգությունը։ Մեր սահմանապահ զորքերի հետևում կանգնած է մեր բանակը, և ձեռք է բերված պայմանավորվածություն, որ մեր սահմանապահ զորքերի և ճանապարհի այդ հատվածում որևիցե զորք չի լինելու։ Նույնը վերաբերում է Ադրբեջանին. վիզուալ հսկողության տակ ադրբեջանական սահմանապահ զորքերն են, հետևում՝ իրենց զորքը։ Այնտեղ էլ սահմանապահ զորքերի և ճանապարհի արանքում չպետք է լինի որևէ զինված ստորաբաժանում»:
Վաղարշակ Հարությունյանի այս անհոգ պնդումներից հետո՝ 2021թ. փետրվարին, համացանցում տարածվել էր ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին կնքված համատեղ հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ եռակողմ հուշագիրը՝ իր համապատասխան դրույթներով, որով սահմանվում էին Գորիս-Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ավտոճանապարհի անվտանգ օգտագործման պայմանները։
Ներքոդրյալ փաստաթղթի երկրորդ հոդվածում նշվում էր, որ Գորիս-Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ավտոճանապարհի անվտանգությունն ապահովում են ՀՀ-ն և Ադրբեջանը՝ համապատասխանաբար այն տարածքներում, որոնք նրանց տիրապետության տակ են։ Այսինքն, այնպես, ինչպես վերևում բացատրում էր Վաղարշակ Հարությունյանը:
Երրորդ հոդվածի համաձայն՝ երկու կողմերը պիտի երաշխավորեին մարդկանց, տրանսպորտի, բեռների անվտանգությունն այդ ճանապարհներին, ինչպես նաև՝ այդ ճանապարհներից մինչև սահմանապահ ուժերի տեղակայման վայր ընկած հատվածում այլ զինված կազմավորումների բացակայությունը, խաղաղ բնակչության անվտանգությունը:
Իսկ նշված փաստաթղթի չորրորդ հոդվածը սահմանում էր՝ «ՌԴ ԱԴԾ սահմանապահ մարմինները ապահովում են ճանապարհներին անվտանգ շարժը և հետևում, որպեսզի կողմերը կատարեն ձեռք բերված պայմանավորվածությունները»:
Չմոռանանք նաև, որ 2021 թվականի մայիսի վերջին Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր Սոթք-Խոզնավար հատվածում սահմանի ամբողջ երկայնքով միջազգային դիտորդներ տեղակայվեն՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող:
Բայց արի ու տես, 2022 թվականի սեպտեմբերյան մարտերից հետո Նիկոլ Փաշինյանը հանկարծ հիշեց, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն մեզ պետք չէ, որովհետև ՀԱՊԿ-ն չի ճանաչել՝ ո՞րն է ՀՀ սահմանը, կամ թե՝ որքան է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինչը կրկնել է նաև երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին ի պատասխան:
«Կա հարց՝ ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում։ Մենք գիտենք այդ հարցի պատասխանը, ընդամենն առաջարկում ենք այդ լեգիտիմ պատասխանի տակ ստորագրել ու հաստատել այդ պատասխանը»,- ասել է Փաշինյանը և սպառնացել՝ «հիմա ՀՀ-ն դե ֆակտո է սառեցրել անդամակցությունը, բայց եթե այս գործընթացը շարունակվի, ապա ՀՀ–ն դե յուրե էլ կսառեցնի»:
Ի դեպ, այսօր ադրբեջանական պետական վերահսկողության տակ գտնվող քարոզչական հիմնական միջոցներից մեկը նախիջևանյան թևում ադրբեջանական սադրանքի համար քարոզչական ֆոն է ստեղծել հերթական խմբագրականով, որտեղ նշվում է, որ եվրոպական ավտոշարասյուն են ֆիքսել Երասխի և Պարույր Սևակ բնակավայրի ուղղությամբ, և, որ այն չի եղել ծրագրված այց:
Նշվում է, որ նպատակներից մեկը մետալուրգիական գործարանի շինարարության վերսկսման հետ է կապված: Նույն լրատվամիջոցը երեկ էլ գրել էր, որ Հայաստանը՝ Ֆրանսիայի օգնությամբ, հարձակում է նախապատրաստում հայ-ադրբեջանական սահմանին՝ գրավելու բարձունքներ:
Այսինքն, Ադրբեջանը հավանական ռազմական գործողությունների համար «լեգիտիմ հիմքեր է» ստեղծում, իսկ Նիկոլ Փաշինյանը սադրում է ոչ միայն Ադրբեջանին, այլև ռուսական կողմին, որին մեղավոր են համարում իշխանությունները և՛ 2016, և՛ 2020 թվականների պատերազմների սկսման հարցում:
Իսկ նոր պատերազմը, ինչպես նշեցինք, շատ հավանական է, և գուցե այս անգամ ՌԴ-ն իրեն բացարձակ այլ կերպ դրսևորի…