Բաժիններ՝

«Անցյալ տարի 4500տ խոզի միս են ներկրել: Հետո էլ չեն ամաչում և ասում են, թե մենք խոզի մսի տեսանկյունից ինքնաբավ ենք»

«Գյուղնախարարությունը վերջապես խոստովանեց, որ լոլիկի ցանքատարածությունների նվազում է  նկատվում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը: Վերջինիս խոսքով, վերջին 4 տարիների ընթացքում կառավարության՝ սերմնաբուծության ծրագիրը թեև բավական խթանեց երկրում գյուղատնտեսության զարգացումը, սակայն դեռ կան խնդիրներ, որոնց պետք է անդրադառնալ ըստ ճյուղերի: «Մեզ այսօր մտահոգում է բանջարեղենի արտադրությունը: Մեր ուսումասիրությունները ցույց են տվել, որ շուրջ 40-45 գյուղերում  կարտոֆիլի ցանքատարածությունները գրեթե 50 տոկոսով նվազել են: Ցանքատարածութունների նվազում է նկատվում նաև այլ մորմազգի մշակաբույսերի շրջանում: Այս պրոբլեմները մենք մի կողմից կարող ենք վերագրել վայ չինովնիկներին, որ չկարողացան խթանել բերքի արտահանումը դեպի Վրաստան, ինչի հետևանքով բերքի լճացում նկատվեց, իսկ մյուս կողմից՝ վերջին 3 տարվա միգրացիան: Գյուղատնտեսությանը մեծ վնաս հասցրեց նաև մորմազգի բույսերի շրջանում տարածված ցեց հիվանդությունը»,- ասաց Հ. Բերբերյանը:

Ըստ Հ. Բերբերյանի, անասնապահության ոլորտում գյուղատնտեսությունը ևս խնդիրներ ունի: Ձմռան ամիսներին անասնակերի թանկացումը անասնագլխաքանակի անկման պատճառ է դարձել, որը, սակայն, կդադարի, երբ գյուղացիներն իրենց անասուններին կտանեն արոտավայրեր: Բերբերյանի կարծիքով, մի քանի ամսից խոշոր եղջերավոր անասունների մսի գնի բարձրացում կնկատվի, քանի որ գյուղացիները կդադարեն մորթել իրենց անասուններին: Բնությունն ինքը կստեղծի պայմաններ կենդանիներին կերակրելու համար:  «Անցյալ տարի  4500տ  խոզի միս են ներկրել: Հետո էլ չեն ամաչում և ասում են, թե մենք խոզի մսի տեսանկյունից ինքնաբավ ենք»,- ասաց Հ. Բերբերյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մսամթերի արտադրության տեսանկյունից Հայաստանը զգալի աճ է գրանցել, և մոտակա ամիսներին մենք շուկայում մսամթերքի գնի աճ չենք նկատի՝ կա բավարար քանակությամբ մսեղիք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս