Փաթեթի ընդունումը ըստ էության կնշանակի, որ ուկրաինական պատերազմը կստանա նոր շնչառություն. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օգնության փաթեթը, որը ամիսներ շարունակ մերժվում էր ներքաղաքական պատճառաբանությամբ:

Հերթը Սենատինն է, որտես սակայն ենթադրվում է, որ փաթեթը առավել եւս չի ունենա խնդիր, քանի որ այնտեղ մեծամասնությունը դեմոկրատներն են:

Փաթեթի ընդունումը ըստ էության կնշանակի, որ ուկրաինական պատերազմը կստանա նոր շնչառություն: Չեմ բացառում, որ փաթեթի հավանության արժանանալու հարցում էական դեր է խաղացել Իրանի հարվածը Իսրայելին: Չնայած դրա շուրջ «թատերականության» մասին դիտարկումներին, հարվածն այդուհանդերձ եղել է սահմանափակ, բայց իր բնույթով՝ լուրջ, թերեւս վկայելով, որ կա ուժերի բալանսի ավելի լայն թեքում՝ քան զուտ ուկրաինական ճակատում ռուսական զինուժի առավելությունը:

Մնում է երկու տարբերակ՝ կամ Իրանին անմիջականորեն հակազդել Մերձավոր Արեւելքում, ինչը սակայն պարունակում է մեծ պատերազմի ռիսկ, որտեղ ԱՄՆ ստիպված կլինի մտնել ոչ թե զուտ ֆինանսական փաթեթով, այլ հենց անմիջական ռազմական ներգրավվածությամբ, կամ հակազդել ավելի գլոբալ շրջանակում՝ այնտեղ, որտեղ ԱՄՆ համար ամենահարմար պրոքսի դաշտ-պոլիգոնն է՝ Ուկրաինա: Գլոբալ շրջանակ ասելով, նկատի ունեմ, որ ԱՄՆ դիտարկում է Ռուսաստան-Չինաստան-Իրան:

Փաթեթի ընդունումը լավ լուր կդիտի Էրդողանը, որովհետեւ ուկրաինական կրակի նոր բորբոքումը նրա մոտ կարող է արթնացնել Թուրքիայի միջնորդական խաղը վերականգնելու ակնկալիք»:

Տեսանյութեր

Լրահոս