Հայաստանն Իրանի համար է դեպի հյուսիս «շնչուղի», Իրանն էլ իր հերթին՝ «շնչուղի» է Հայաստանի համար դեպի հարավ․ ՀՀ-ում Իրանի դեսպան
Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է անում։ Այս մասին այսօր Երևանում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։
Դեսպան Սոբհանին ասաց, որ լարվածության աճն ի վնաս է և տարածաշրջանի ժողովրդին, և Հայաստանի ու Ադրբեջանի հարևաններին։
«Մենք երկու կողմին էլ կոչ ենք անում հանգստություն և զսպվածություն ցուցաբերել և շարունակել խաղաղության մասին իրենց երկխոսությունը։ Մենք գտնում ենք, որ լարվածությունը նվազեցնելու կարևորագույն գործոններից են երկխոսությունը և դիվանագիտությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունն ու միջազգային իրավունքները հարգելը։ Երբեք պատերազմը խնդիրներ չի լուծել, անգամ պատերազմները լուծվում են երկխոսության և դիվանագիտության միջոցով»,- ասաց ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին։
Ինչ վերաբերում է հայ-իրանական կոմունիկացիոն համագործակցությանը, դեսպան Սոբհանին ասաց, որ դա երկկողմ հարաբերությունների կարևորագույն հատվածներից է։
Նրա խոսքով՝ Հայաստանն Իրանի համար է դեպի հյուսիս և Սև ծով «շնչուղի», Իրանն էլ իր հերթին՝ «շնչուղի» է Հայաստանի համար դեպի հարավ, դեպի Պարսից ծոց, Օմանի ծոց և Հնդկաստան։
«Առաջիկայում կարևոր պայմանավորվածություններ ենք ձեռք բերելու փոխադրումների, ինչպես նաև տարանցման ոլորտում, որն իր մեջ ներառելու է փոխադրումների վճարների նվազեցում»,- ասաց դեսպանը։