Բաժիններ՝

Կանադան ԵՄ-ի հետ բանակցություններ կսկսի տնտեսական և անվտանգության կապերի ամրապնդման շուրջ

Կանադայի իշխանությունները մտադիր են աշնանը բանակցություններ սկսել Եվրամիության հետ՝ տնտեսության և անվտանգության ոլորտներում գործընկերային կապերի ամրապնդման շուրջ: Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, որի ելույթի տեսանյութը տարածել է Hook Global լրատվական ցանցը։

«Այս աշնանը մենք ակտիվ բանակցություններ կսկսենք Եվրամիության՝ աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսության հետ՝ տնտեսության և անվտանգության բնագավառներում մեր գործընկերային կապերի ամրապնդման շուրջ», – հայտարարել է Կանադայի վարչապետը Քվեբեկի նահանգում ունեցած ելույթի ժամանակ։

Քարնիի խոսքով՝ կանադական ընկերություններն «ունեն դեպի 1,5 միլիարդ սպառողներ անմաքս հասանելիություն»։

«Առաջիկա կես տարում մենք ակնկալում ենք կրկնապատկել այս թիվը՝ ԱՍԵԱՆ-ի (խմբ.՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) երկրների և Հնդկաստանի հետ նոր առևտրային գործարքների միջոցով», – նշել է Քարնին։

Նրա խոսքով՝ Կանադան վստահելի և հուսալի գործընկեր է և ունի այն, ինչ պետք է աշխարհին։

Քարնին այս հայտարարությունն արել է Կանադայի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմի սրման ֆոնին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 24-ին Truth Social-ում գրառման մեջ հայտարարել է, որ 2027 թ. հունվարի 1-ից կանադական մեքենաների, բեռնատարների, ավտոպահեստամասերի և պողպատի նկատմամբ մաքսատուրքերը կբարձրանան մինչև 50 տոկոս: Թրամփի խոսքով՝ Կանադայի նկատմամբ այլևս չի լինի այնպիսի վերաբերմունք, ասես այն ԱՄՆ-ի նահանգներից մեկն է:

Վարչապետ Մարկ Քարնին իր հերթին հայտարարել է, որ սեպտեմբերի 8-ից պատասխան մաքսատուրքեր կսահմանի ամերիկյան ապրանքների, այդ թվում՝ պողպատի, կաթնամթերքի, կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի նկատմամբ:

ԱՄՆ-ի և Կանադայի միջև առևտրային բանակցությունները վերջին պահին ձախողվել են, և Վաշինգտոնն օգոստոսի 22-ից 50 տոկոս մաքսատուրքեր է սահմանել մոտ 20 միլիարդ դոլար արժողությամբ կանադական ապրանքների նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31