Փաշինյանն Էրդողանից հետո ինձ հանդիպած 2-րդ մարդն է, ով Ցեղասպանության զոհերի ցուցակ է պահանջում. Նաիրա Զոհրաբյան

«Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ-ի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր  Նաիրա Զոհրաբյանն այսօր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց՝ դատավորի աթոռին նստած է ոչ թե նիստը ղեկավարող դատավոր Վահե Դոլմազյանը, այլ Նիկոլ Փաշինյանը, որը նախորդ նիստի ժամանակ ևս 3 ամսով երկարաձգեց Արմեն Աշոտյանի կալանքը։

«Սա Երրորդ Հանրապետության խայտառակ, ամենաամոթալի քաղաքական հետապնդումներից է։ Իհարկե, ես հասկանում եմ, որ միջազգային կառույցները փորձում են հնարավորինս աչք փակել այս քաղաքական հաշվեհարդարների վրա, բայց իրենք չեն կարողանալու շարունակել իրենց եվրոյոնջա գործունեությունը։ Այն, ինչը կատարվում է Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի, Մամիկոն Ասլանյանի հետ, սա Եվրոպայի խորհրդի ընդունած բազմաթիվ կոնվենցիաներով  խոշտանգում է՝ կոնկրետ Արմեն Աշոտյանի դեպքում 10 ամսից ավելի պահել, երբ չկա հանցակազմ ու տուժող, սա ոչ միայն հակաիրավական է, այլ նաև Ժնևյան բազմաթիվ կոնվենցիաներով խոշտանգում է»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Անդրադառնալով երեկ հանրային տրանսպորտում  իշխանական պատգամավորի և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպին, որից հետո Սամվել Վարդանյանը ձերբակալվել էր, Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ Սամվել Վարդանյանը մասնակցել է 44-օրյա պատերազմին, նրա հայրը մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, իսկ մայրն Ադրբեջանում սկիզբ առած հայասպանությունից հազիվ փրկված գետաշենցի է։

«Կադրերը մանրամասն նայել եմ, չկա որևէ բռնություն, բռնության կոչ, կա մարդու տեսակետ, ընդամենը վերբալ խոսք՝ Սամվելի տեսակետն այս իշխանության ներկայացուցչի հանդեպ։ Փոխարենը՝ կա բռնություն իշխանական պատգամավորի կողմից, նա է հարվածում քաղաքացուն։

Կարդացեք նաև

Եթե իրավապահ մարմինները երիտասարդին խուլիգանության մեղադրանք են առաջադրում, ապա 2018 թվականից սկսած իրավապահ համակարգն օրական  հազար հատ խուլիգանության մեղադրանք պիտի առաջադրեր՝ Նիկոլ Փաշինյանից սկսած՝ մինչև բոլոր կալիբրի ուսապարկերը»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը, ապա հերթով սկսեց թվարկել Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական կոչերը,   իշխանական պատգամավորների սպառնալիքներն ու հայտարարությունները։

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաև իշխանությունների հայտարարություններին՝ Հայոց ցեղասպանության զոհերի անուններն ամբողջացնելու վերաբերյալ, ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանն իրեն հանդիպած երկրորդ մարդն է, որ պահանջում է և առաջարկում է անվանական հիշատակել 1,5 միլիոն հայերին։

«Առաջինն ինձ հանդիպած մարդը Էրդողանն էր, երբ ես Ստրասբուրգում Էրդողանին անձամբ հանձնեցի ցեղասպանված հայ երեխաների նկարներով ալբոմը, նա դողացող ձեռքերով բացեց և ինձանից պահանջեց  ներկայացնել 1,5 մլն հայերի անունները։ Շնորհավորում եմ այս իշխանություններին, նրանք կրկնում են Էրդողանի բառերը։ Քանի դեռ Նիկոլը կա, կասկած չունենաք, որ Էրդողանի պահանջով ապամոնտաժվելու է նաև Ցեղասպանության հուշակոթող-համալիրը»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս