Թուրքիայում կենսաթոշակառուների թիվն աճել է, աշխատող քաղաքացիներինը՝ նվազել
2002թ. Թուրքիայում մեկ թոշակառուին բաժին էր ընկնում երկու աշխատող քաղաքացի։ Այժմ իրավիճակն այլ է։ Փորձագետների գնահատմամբ՝ սարսափելի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
2002թ. մեկ կենսաթոշակառուի համար 2.08 աշխատող կար, 2022թ.՝ արդեն 1.95, իսկ 2023թ. ՝ 1.67։
Աղբյուրը հիշեցնում է, որ զարգացող տնտեսությունները սովորաբար մեկ տարեց քաղաքացու դիմաց ունենում են 3-4 աշխատող քաղաքացի:
Թուրքիան կենսաթոշակային ապահովության գործակցով արդեն հասել Է Գերմանիային, որը մնում է համաեվրոպական տնտեսության լոկոմոտիվը։ 2023 թվականին Թուրքիայում կենսաթոշակ է ստացել 15.2 մլն մարդ, այն դեպքում, երբ աշխատող քաղաքացիների թիվը 25.3 միլիոն է։ Եվ սա էլ այն դեպքում, երբ Թուրքիայի բնակչության ընդհանուր թիվը 85 միլիոն է։