Հայաստանի վերաբերյալ Իրանի դիրքորոշումներն ամրապնդվել են վերջին զարգացումների ֆոնին․ իրանցի վերլուծաբան
ԻԻՀ ԱԳ նախարարությունն անդրադարձավ Բրյուսելում ապրիլի 5-ին կազմակերպված եռակողմ՝ Փաշինյան-Բլինքեն-դեր Լեյեն հանդիպմանը։ Ի տարբերություն Ռուսաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի, որոնց ԱԳ նախարարությունները ՀՀ այս շփումների վերաբերյալ դիրքորոշումներ հայտնեցին եռակողմ հանդիպումից օրեր առաջ, ԻԻՀ ԱԳ նախարարությունը դրան անդրադարձավ հանդիպումից օրեր անց միայն։ IRNA-ի փոխանցմամբ, Իրանի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, թե Իրանը դեմ է Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի վերածելուն։
Քանանին ընդգծել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում, նաև շեշտելով տարածաշրջանային կարողությունների, այդ թվում՝ «3+3» ձևաչափի օգտագործման անհրաժեշտությունը՝ չլուծված վեճերը լուծելու համար:
Ավելի վաղ՝ մարտի 30-ին, Բաքվում Իրանի դեսպան Սեյիդ Աբաս Մուսավին հայտարարել էր, թե Արևմուտքի միջամտությունը կբարդացնի իրավիճակը Հարավային Կովկասում։ «Տարածաշրջանի գործերին արևմտյան պետությունների միջամտությունը հաջողված փորձ համարել չի կարելի։ Այդ ուժերի գործունեությունը ոչ թե կնպաստի խնդիրների լուծմանը, այլ հակառակը՝ էլ ավելի կբարդացնի իրավիճակը»,- հայտարարել է իրանցի դիվանագետը՝ պնդելով, թե «արևմտյան պետությունները նախևառաջ իրենց, այլ ոչ թե տարածաշրջանի շահերն են հետապնդում»։ «Մենք վստահ ենք, որ Հարավային Կովկասի պետությունները ի վիճակի են սեփական ուժերով լուծել իրենց առջև ծառացած խնդիրները»,- հայտարարել է Բաքվում Իրանի դեսպանը։
Տարեվերջին ՀՀ այց կատարեց նաև ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ առաջարկելով «3+3» պրոյեկտը ռեգիոնալ հակամարտությունների կարգավորման համար, ինչպես նաև առաջարկելով ԻԻՀ երաշխավորությունը ՀՀ անվտանգության համար։ Սակայն իրանական առաջարկը մնաց «օդում» կախված, քանի որ ՀՀ իշխանությունները հույսեր են կապում Արևմուտքի հետ, որը, ինչպես պարզվեց, անվտանգության ոլորտում ՀՀ-ին անհրաժեշտ քայլերին պատրաստ չէ կամ դեռ պատրաստ չէ։
Ուշագրավն այն է, որ ՀՀ իշխանությանը հարող շրջանակները ողջ հակաքարոզչությունը կառուցում են Ռուսաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումների վրա, փորձում նրանց դիրքորոշումներով ապացուցել, թե դեպի Արևմուտք ընթացքը ճիշտ է, որը, բացի ՀՀ-Արևմուտք իրական օրակարգի բացակայությունից, ստանում է նաև Իրանի «դեմ» դիրքորոշումը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը հետպատերազմյան Հայաստանի համար ամենաառանցքային երկրներից է, ում դերակատարությունն Ադրբեջանին զսպելու հարցում աննախադեպ է եղել, ուստի Իրանն այն երկիրն է, ում դիրքորոշումները ռեգիոնալ զարգացումների վերաբերյալ ՀՀ իշխանությունների կողմից չպետք է որ անտեսվեին։
«168 Ժամ»-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ ՀՀ-ն ինքնիշխան երկիր է ու ազատ է իր հարաբերությունները կառուցել ցանկացած երկրի հետ, իր շահերին համապատասխան։ Սակայն, ըստ նրա, հարցն այն է, թե որքանով է Արևմուտքը կիսում ՀՀ դիրքորոշումները, ՀՀ անվտանգությունը, ինչպես, օրինակ, դա անում է Իրանը։
Անդրադառնալով ապրիլի 5-ի հանդիպմանը՝ վերլուծաբանն ասաց, որ այն շատ աննշան աջակցություն էր Հայաստանի տնտեսությանը։ «Սակայն, ինչպես գիտենք, ՀՀ-ն առավելապես ունի քաղաքական և ռազմական ուղիղ աջակցության, ավելին՝ անվտանգության երաշխիքների անհրաժեշտություն, որն Իրանը պատրաստ էր տրամադրել Հայաստանին։ Սակայն մինչ նույնիսկ նման երաշխիքներ տրամադրելն Իրանի Իսլամական Հանրապետությունը, առանց Հայաստանի կողմից պահանջների ու ակնկալիքների, դիրքավորվել էր՝ որպես անվտանգության երաշխավոր, համապատասխան քայլեր ու հայտարարություններ արել, հայտարարել ՀՀ անվտանգությունը՝ որպես սեփական անվտանգություն, ինչը քաղաքական ամենաբարձր մակարդակի աջակցությունն է, որը կարող է լինել։ Սակայն, որքան նաև հասկանալի դարձավ հետագայում, ԻԻՀ ղեկավարությունն ըմբռնումով մոտեցավ նաև այն հարցին, որ ՀՀ-ն ցանկանում է ամենայն հավանականությամբ նման երաշխիքներ ստանալ Արևմուտքից։ Պարզապես Արևմուտքը չի ցանկանում նման երաշխիքներ տալ, ու դա բացահայտվեց այս հանդիպմամբ։ Ավելին, կարծում եմ նաև, որ չկա առաջընթաց բանակցային գործընթացն այնտեղ շարունակելու հարցի վերաբերյալ»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Նա գտնում է, որ իրանական առաջարկը` հարցերը քննարկել «3+3» ձևաչափում, ավելի, քան երբևէ, տեղին է։ «Այս ձևաչափն աշխարհաքաղաքական զարգացումների ներկայիս փուլում ձեռնտու է տարածաշրջանային բոլոր երկրներին, որևէ մեկը դեմ չի լինի, որպեսզի հարցերն այս ձևաչափում քննարկվեն և լուծում գտնեն, իսկ վերջնական համաձայնություններն ունենան ռեգիոնալ երաշխավորներ։ Ռեգիոնալ տիրույթում պայմանավորվածություններն ավելի արդյունավետ կպահպանվեն, իսկ Արևմուտքի միջամտությամբ գործընթացը միայն մրցակցությունն է խորացնելու և ապակայունացնելու ռեգիոնը»,- ասաց նա։
Ալի Սալամիի խոսքով՝ աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումների ամենաբարդ փուլում, որում հայտնվել է Հայաստանը, Իրանը միակ երկիրն է, որը պատրաստ է Հայաստանին ապահովել իրական երաշխիքներով՝ դրա դիմաց չակնկալելով առանձնահատուկ քաղաքական պատասխաններ և քայլեր, չպահանջելով քայլեր, որոնք վտանգի տակ են դնում Հայաստանը։ «Այս ռեգիոնում Արևմուտքի քայլերի թիրախում Ռուսաստանն է և Իրանի Իսլամական Հանրապետությունը, Արևմուտքը ցանկանում է թուլացնել այս երկրները Հայաստանի և նման այլ երկրների միջոցով, սակայն իրական անվտանգային ներդրում չի ցանկանում անել։ Այսինքն՝ քիչ քայլերով ցանկանում են հասնել առավելագույն արդյունքների։ Հենց այդ պատճառով ՀՀ-ին ներկայումս աջակցում են այն ոլորտներում, որտեղ դեռ կան սերտ կապեր Հայաստանի և Ռուսաստանի միջև։ Անվտանգության ոլորտում այդ կապերը թուլացած են, և ՀՀ-ն լուրջ աջակցության կարիք ունի, սակայն այստեղ, ինչպես տեսնում ենք, Արևմուտքը բավականին զգուշավոր է»,- նկատեց վերլուծաբանը։
Այնուամենայնիվ, Սալամին գտնում է, որ Իրանը բավականին զուսպ է իր մեկնաբանություններում, քանի որ Հայաստանի հետ հարաբերությունները չափազանց կարևորվում են:
«ԻԻՀ դիրքորոշումները ՀՀ անվտանգության, տարածքային ամբողջականության վերաբերյալ չեն փոխվել, կարծում եմ՝ էլ ավելի են ամրապնդվել այն գլոբալ մարտահրավերների ֆոնին, որոնց առերեսվում է Իրանն Իսրայելի և նրա դաշնակիցների տեսքով։ Իրանի շուրջ վերջին զարգացումները հնարավոր չէ տարանջատել այն ամենից, ինչ կատարվում է Հայաստանի ռեգիոնում, այս ամենը մեկ գործընթացի տարբեր ճյուղեր են, կառավարվում են մեկ կետից, սակայն Իրանը հաստատակամ է դիմակայել սպառնալիքներին»,- ասաց Ալի Սալամին։