
Հույս ունեմ` հաջողություն կունենանք. Աֆեյանը` Վարդանյանի և մյուս գերիների ազատման մասին

Խաղաղության հաստատումը կարևոր հանգամանք է Բաքվում պահվող հայ գերիների խնդրի լուծման համար։ Այդ մասին այսօր Երևանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Ավրորայի» համահիմնադիր, գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընկեր Նուբար Աֆեյանը։
Նրա խոսքով` արդեն երկու տարի է` բավականին մեծ գործ են անում գերիների խնդրի լուծման ուղղությամբ։
«Ամեն ինչ անում ենք, որ թե՛ մեր երկրի, թե՛ այլ երկրների ղեկավարները ուշադրություն դարձնեն այս հարցին։ Հույս ունեմ, որ կհաջողենք»,– նշեց նա։
Արդյոք ՀՀ գործող իշխանությունների ջանքերը գերիների վերադարձի համար բավարա՞ր են հարցին Աֆեյանը պատասխանեց, որ գիտի` այս խնդիրը բարձրաձայնվում է տարբեր երկրներում։
«Գիտեմ, որ սա կարևոր թեմա է ու տարբեր երկրներում այդ մասին բարձրաձայնվում է։ Հույս ունեմ, որ խաղաղության այս գործընթացի մեջ խաղաղություն և արդարություն կտիրի։ Խաղաղության հաստատումը կարևոր է բոլոր առումներով»,– վստահեցրեց Աֆեյանը։