Մեծ Բրիտանիան վերացրել է Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ զենքի էմբարգոն

Մեծ Բրիտանիան վերացնում է Հայաստանին և Ադրբեջանին զենքի վաճառքի էմբարգոն: Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին:

«Հաշվի առնելով խաղաղության առաջխաղացման գործում գրանցված զգալի առաջընթացը և նախագահ Թրամփի կողմից Վաշինգտոնում վերջերս կայացած գագաթնաժողովի պատմական արդյունքները` Մեծ Բրիտանիան կարծում է, որ ԵԱՀԿ-ի կողմից 1992 թվականին առաջարկված զենքի էմբարգոյի հիմքում ընկած տրամաբանությունը՝ «Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտական գործողություններին մասնակցող ուժերին զենքի և զինամթերքի բոլոր մատակարարումների» վերաբերյալ, վերացել է»,- հայտարարել է պաշտոնյան։

Նրա խոսքով՝ այս որոշումը հնարավորություն կտա առավել զարգացնել Մեծ Բրիտանիայի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընկերությունը պաշտպանության և անվտանգության համատեքստում։

Բացի այդ, ըստ Դաութիի, դա կլինի աջակցություն երկրների՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ջանքերին, այդ թվում՝ «այլ պետություններից և ոչ պետական գործիչների կողմից եկող ավանդական և հիբրիդային սպառնալիքներին ի պատասխան»։

Միաժամանակ, պաշտոնյան նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտահանման և առևտրի դիմումները յուրաքանչյուր անգամ առանձին կգնահատվեն, և կառավարությունը չի տրամադրի որևէ լիցենզիա, եթե դա անհամապատասխանի որևէ չափանիշի։

«Մենք ուշադիր կուսումնասիրենք Ադրբեջանի և Հայաստանի տարածաշրջանային և ներքին անվտանգության իրավիճակը»,- հայտարարել է նա։

Հավելել է, որ Մեծ Բրիտանիան անկեղծորեն հույս ունի, որ սա Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարգավաճման համար հնարավորության պահ է։

Պաշտոնյան շեշտել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է համագործակցել երկու երկրների, Միացյալ Նահանգների, Եվրամիության և այլ գործընկերների հետ՝ կառուցողական և նախաձեռնողական դեր խաղալու այս վերափոխման, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգության և կայունության աջակցման գործում։

Տեսանյութեր

Լրահոս