Նիկոլին ծաղրի են ենթարկում՝ նրան վերաբերվելով որպես «փափուկ խաղալիք»-ի. պետության համար անկյունաքարային ոչ մի արգումենտացիա այսօր գոյություն չունի. Արմեն Հովասափյան

Քաղաքական վերլուծաբան Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ահագին ժամանակ է՝ ինքս ինձ հետ կռիվ եմ տալիս մի հարցի շուրջ․ «Հայաստանը, որպես պետություն, պետական միավոր, սուբյեկտ-կա՞, թե՞ չկա»։ Ցավոք, որքան տարբեր շերտեր ես բացում, այնքան ավելի հստակ է դառնում, որ Հայաստանն այլևս չպետություն է՝ չունի պետական սահման (եթե հիշում եք՝ Նիկոլը ՄԱԿ-ի ամբիոնից Ալիևից էր հարցնում՝ «ո՞րն է ՀՀ քարտեզը»․ ի դեպ, սահմանազատումն էլ այսօր կատարվում է այն քարտեզով, որը ներկայացնում է Իլհամը)։

Այսօր ՀՀ-ն չունի Սահմանադրություն, քանի որ այն արդեն յոթ տարի բռնաբարվում է ՀՀ գլխավոր բռնապետիկի կողմից՝ հնարավոր բոլոր ձևերով։ Միջազգային հարթակներում այն վերածվել է լաթի կտորի, և ով հասցնում է՝ ոտքերը է մաքրում վրան։ Ասեմ ավելին՝ գործընկեր պետություն, որպես այդպիսին, չկա․ տարբեր երկրների ղեկավարներ Նիկոլին ծաղրի ու ծանակի են ենթարկում՝ նրա հետ վերաբերվելով որպես «փափուկ խաղալիքի» (երեկ էլ Շարմ էլ-Շեյխում Թրամփին անընդհատ ազգանունն էր հիշեցնում ու ասում՝ «ես էն տղեն եմ»)։ Այսինքն՝ պետության համար անկյունաքարային ոչ մի արգումենտացիա այսօր գոյություն չունի։

Ի՞նչ է ասում այս հարցի շուրջ Նիկոլը։ Հպարտորեն խոսում է «ինքնիշխանության» ու «ինքնուրույնության» մասին, հայտարարում, թե «Հայաստանը երբեք այսքան անկախ ու սուվերեն չի եղել»։ Նա նշում է, որ 2022-ի հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, Հայաստանը ստացել է իր իրական «անկախությունը», քանի որ, ըստ նրա ցնդաբանական տեսության, մինչ այդ Հայաստանը «ծառայել է կայսերական շահերին»։ Ավելին, ամեն ինչ անում է՝ հայ ազգին «բնակչություն» վերածելու համար, քանի որ երբ հայտարարում ես, թե քո հերոսը հարկ վճարող քաղաքացին է, դու զրկում ես քո ազգին երազանքի հերոսից։ Քո ունեցած հերոսները դառնում են ֆիկցիա, իսկ հասարակությունը՝ մանկուրտացված՝ առանց երազանքի, առանց ազգային նպատակի ու գաղափարական հենքի։

Իսկ ի՞նչ է նշանակում, երբ հերոսը դառնում է պարզապես հարկատու։ Դա նշանակում է՝ լատենտ, դատարկ, փողի ու շահի համար ապրող մի զանգված, որտեղ չկան ոչ մի ազգային արժեքներ, իսկ այդ պարագայում Հայրենիքը վերածվում է պարզապես պետության, այսինքն հենց, ինչն էլ ուզում է Նիկոլը․ որ դու չունենաս Հայրենիք, այլ՝ պետություն։

Որպես կանոն՝ նման մոտեցման դեպքում մարդու մեջ հայրենասիրական մոտիվացիան ձգտում է զրոյի․ նա դադարում է երազելուց, դառնում է շարքային աշխատող և հարկատու։ Եթե այդպես, ապա փաստ է, որ 14–20-րդ դարերում, երբ պետականություն չկար, հայ ազգը նույն կերպ հարկ էր վճարում․ պարզապես անուններն էին տարբեր՝ մեկում խարաջ էր, մյուսում կոռ կամ բեգյար։ Գանձողները տարբեր էին՝ արաբ, մոնղոլ, թաթար, թուրք կամ ռուս, իսկ ի՞նչ էր փոխվել․ ոչինչ․ էլի ապրում էին, հարկը տալիս…

Եվ հենց այստեղ է ամենաողբերգականը․ մենք ապրում ենք մի տարածքում, որը դեռ կոչվում է Հայաստան, բայց իրականում կանգնած ենք այն սահմանագծին, որտեղ պետությունը ձևական է, ազգային էությունը՝ վերացական։ Պետությունը չի գոյատևում տարածքով, օրենքով կամ հարկով․ պետությունը գոյատևում է հավատով, արժանապատվությամբ ու հիշողությամբ՝ այն արժեքները, որոնք այսօր ամենաակտիվ հարձակման տակ են։ Ուստի հարցը, որը սկզբում թվում էր փիլիսոփայական՝ «Հայաստանը կա՞, թե՞ չկա», իրականում վերածվում է գոյաբանական խնդրի։

Հ․գ․

Ի դեպ, մի հետաքրքրիր բան ասեմ պետության բացակայության պայմանների հետ կապված․ երբ ոմանք քննադատում են Րաֆֆուն՝ ասելով, թե նա խաչագողների մասին հանգամանալից պատմում է, թե ինչ «մախինացիաներով» են կարողացել մարդկանց գլխին «սարքել» ու օտար հողում փող աշխատել, կիսատ են ասում․ նրանք մոռանում են, թե հետո այդ փողն ո՞ւր էր ուղղվում ու ի՞նչ նպատակի ծառայում․ այդ փողերը, երկար ճանապարհ անցնելով, հասնում էին նպատակին՝ դրանցով ֆիդայիների համար զենք էր գրվում («Կայծերը» թերևս արժե վերընթերցել)»։

Տեսանյութեր

Լրահոս