
#ՀԻՄԱ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ՄԱԿ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԴԻՄԱՑ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՔՎՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ. #ՈՒՂԻՂ
ՄԱԿ-ը փետրվարի 17-ին հրապարակած իր եզրակացությամբ, ըստ էության, արդարացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի իրականացրած քայլերը և համարում է, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների կալանավորումն օրինական է եղել։ Այս մասին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի անդամ Արամ Սարգսյանը։
Նա նշեց, որ այսօր հավաքվել են, որպեսզի դիմում-նամակ հանձնեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։
«Անձանց կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի՝ (UNWGAD) Ռուբեն Վարդանյանի կալանավորման վերաբերյալ թիվ 46/2024 եզրակացությամբ արձանագրվել է, որ կալանավորումը եղել է ոչ կամայական, այսինքն` ՄԱԿ-ն, ըստ էության, արդարացրել է Ալիևի ռեժիմի իրականացրած քայլերը և այդպիսով համարում են, որ կալանավորումն օրինական է եղել»,- հայտարարեց նա։
Արամ Սարգսյանի տվյալներով՝ ՄԱԿ-ի այդ աշխատանքային խմբի նախագահ Հաննա Յուդկիվսկան ադրբեջանական «SOCAR» ընկերության հետ ունի սերտ կապեր, նրա ամուսինն ադրբեջանական արմատներ ունի և Ուկրաինայում հիմա հասարակական գործունեությամբ է զբաղվում։
«Այս պարագայում պարզ է դառնում, որ Ալիևը կարողացել է գնել այն, ինչ դեմ է ՄԱԿ-ի կանոնակարգին։ Մենք հիմա մեր նամակով կոչ ենք անում Գուտերեշին` հավատարիմ լինեն իրենց կանոնակարգին, այդ խմբի նախագահին հեռացնեն, նոր ղեկավար նշանակեն, նոր հանձնախումբ ձևավորեն ու նոր քննություն իրականացնեն։ Մենք եկել ենք ասելու, որ դուք անարդարությամբ եք զբաղված և բարի եղեք համապատասխանել ձեր կանոնակարգին»,- ընդգծեց նա։
Արամ Սարգսյանի խոսքով` քանի որ այս հարցում ՀՀ իշխանությունը լուռ է, այդ իսկ պատճառով «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժմումը անիմաստ է համարել ու չի դիմել Նիկոլ Փաշինյանին կամ ԱԳՆ-ին, այլ նպատակահարմար է գտել ուղղակի իրենց նամակն ուղարկել ինչպես նրանց, այնպես էլ ՀՀ արդարադատության նախարարություն։