Վրաստանի համար «պայքարն» էական է դառնալու. Էրդողանը սկսում է բավականին ուժեղացնել Ֆիդանին. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.
«Թուրքիայի նախագահ Էրդողանը վերջին օրերին արել է առնվազն չորս քայլ, որոնք թերեւս մեզ համար պետք է լինեն ուշադրության առարկա: Էրդողանի որոշումով վերականգնվել է վիզային ռեժիմը Տաջիկստանի քաղաքացիների համար: Սա, հաշվի առնելով Կրոկուսի ահաբեկության հանգամանքը, ըստ իս, Ռուսաստանին անուղղակի հասցեագրված «ժեստ» է՝ թերևս ուղղված Պուտինի Անկարա այցի համաձայնեցման բարդ աշխատանքում առաջընթացի:

Էրդողանը նաև ստորագրել է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա մաքսային դյուրացումների մասին համաձայնագիրը, որը՝ ուշադրություն, ստորագրվել է դեռեւս 2022 թվականին: Փաստորեն, մոտ երկու տարի այն «գզրոցում» էր, որտեղից Էրդողանը այժմ հանում է դա: Սա, ըստ ամենայնի, քայլ է Վրաստանի համար «պայքարում», որից գոհ կլինեն արեւմուտքում, բայց ոչ Ֆրանսիան: Վրաստանի համար «պայքարն» էական է դառնալու սեւծովյան ավազանի ստատուս-քվոյի համար հասունացող դիմակայության համատեքստում:

Նույն համատեքստում՝ Անկարան օրերս կայացրեց Եվրոպայի սովորական սպառազինությունների համաձայնագրի կասեցման մասին որոշում: Այս որոշումը ըստ իս «հայելային» արձագանք է Մոլդովայի քայլին: Ֆրանսիայի հետ անվտանգության համաձայնագիր ստորագրած Մոլդովան, օրեր անց առաջին ընթերցմամբ հավանության արժանացրեց սովորական սպառազինությունների համաձայնագրի կասեցման մասին որոշում: Հասկանում ենք, որ Մոլդովայի պարագայում ինքնին այդ համաձայնագրի առկայությունը կամ կասեցումը չի փոխում էական ոչինչ, եւ խնդիրը այն է, թե ո՞վ է իրականում Մոլդովայի այդ որոշման հետեում: Եվ հանգամանքը, որ այն հաջորդում է Սանդուի Փարիզ այցին, թերեւս հուշում է շատ պարզ՝ Ֆրանսիան:

Մեծ հավանականությամբ հենց դրա համար էլ հաջորդում է Էրդողանի «հայելային» որոշումը:

Եվ չորորդը՝ նա հրամանագիր է ստորագրել Թուրքիայի արտգործնախարարության կառուցվածքային փոփոխությունների, եւ նոր դեպարտամենտներ ստեղծելու մասին: Սրանցում ուշագրավ է այն, որ Թուրքիան ընդգծում է Կենտրոնական Ասիայի եւ Թյուրքալեզու պետությունների կազմակերպության ուղղությամբ իր հավակնությունները, նաեւ արտգործնախարարությունում ստեղծում Խորհուրդ, որի միջոցով ԱԳՆ-ն փաստացի ներգրավվում է պաշտպանական և ռազմաարդյունաբերական գործերի մեջ՝ ինստիտուցիոնալ մակարդակով: Սա իհարկե նաեւ ունի ներքին նշանակություն՝ Էրդողանը սկսում է բավականին ուժեղացնել Ֆիդանին, իր հավանական փոխարինողին՝ հերթական, թե՞ արտահերթ, սա է հարցը:

Մյուսը՝ ստեղծվում է հատուկ նոր դեպարտամենտ՝ «միջազգային միջնորդությունների»: Օրերս անդրադարձել էի այս թեմային, թե այս «կատեգորիան» ինչքան մեծ նշանակություն ունի Թոււրքիայի համար ներկայումս»:

badalyanrakurs

Տեսանյութեր

Լրահոս