Պետք է անել ամեն բան, որպեսզի խաղաղությունը հաստատվի հնարավորինս շուտ. ԵԽ գլխավոր քարտուղարը՝ Ալեն Սիմոնյանին

Ալեն Սիմոնյանն ապրիլի 8-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման սկզբում ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստան-ԵԽ գործողությունների 2023-2026 թթ. ծրագրի ընթացքը` գոհունակությամբ փաստելով, որ այն թե՛ քաղաքական, թե՛ փորձագիտական գնահատականներով ընթանում է արդյունավետ:

«Կարևորում ենք ԵԽԽՎ-ի՝ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ վերջին մոնիտորինգային զեկույցի բարձր գնահատականը: Այժմ նախապատրաստվում է «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարումը» զեկույցը, որը մենք կարևորում ենք բարեփոխումների արդյունավետ իրականացման տեսանկյունից»,- նշել է խորհրդարանի նախագահը:

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը վերահաստատել է Հայաստանում իրագործվող բարեփոխումների և ժողովրդավարությանն ու խաղաղությանը հավատարիմ լինելու հանձնառության իրականացման Եվրոպայի խորհրդի բարձր գնահատականը:

«Հայաստանն իր ժողովրդավարությամբ և արժեքներով ապացուցել ու ապացուցում է, որ հավատարիմ է մարդու իրավունքների պահպանման, խաղաղության և տարածաշրջանային անվտանգության կայունությանը միտված օրակարգին: Խաղաղությունը չունի այլընտրանք, և պետք է անել ամեն բան, որպեսզի այն հաստատվի հնարավորինս շուտ և լինի հարատև»,- նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը:

Նշվում է, որ քննարկվել են ԵԽ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, «Կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի» շուրջ տարվող աշխատանքները, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը, տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, հայ ռազմագերիների և պատանդառված անձանց վերադարձի հրամայականը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարները:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը և Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը:

Տեսանյութեր

Լրահոս