ԵԽ պատգամավորները կոչ են անում քայլեր անել ԼՂ–ի հայկական ժառանգության պաշտպանության համար
Եվրոպական խորհրդարանի տարբեր կուսակցություններ ներկայացնող մի քանի տասնյակ պատգամավորներ դիմել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության համար։ Այդ մասին X–ի իր էջում գրառում է արել Եվրարախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։
«Մենք անհանգստացած ենք, որ Լեռնային Ղարաբաղի հազարամյա հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը գտնվում է ոչնչացման, պղծման և յուրացման անմիջական սպառնալիքի ներքո՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանի` 2021թ–ի դեկտեմբերի 7–ի իրավաբանորեն պարտադիր որոշման աղաղակող խախտմամբ:
Այդ օբյեկտները մեր Եվրոպական ժառանգության կարևոր մասն են կազմում, և մեր պարտքն է ապահովել դրանց պահպանությունը»,– ասված է պատգամավորների պաշտոնական նամակում։