Ինչո՞ւ Փաշինյանը որոշեց «մեղմել» Աննա Հակոբյանի՝ բանակում տիրող իրավիճակը բնութագրող ձևակերպումները

Հուլիսի 29-ին լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Սուրեն Պապիկյանը վերանշանակվելու է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում:

Հակադարձմանը, թե գո՞հ եք նրանից, երբ այս տարի բանակում ոչ մարտական պայմաններում արդեն 8-րդ զոհն է գրանցվել, Փաշինյանը նախ արձագանքել էր. 

«Հայաստանի Հանրապետությունում մայիսի 28-ին զորահանդես տեղի ունեցել է»:

Թե ի՞նչ կապ ուներ սա լրագրողի հարցադրման հետ, հասկանալի չէ: Գուցե Փաշինյանը հասկանում է դրա ազդեցությունն ԱԺ ընտրությունների արդյունքի վրա՝ հօգուտ իրենց:

Կարդացեք նաև

Մյուս կողմից, թերևս, ի պատասխան տեսակետների, որ զորահանդեսը չափից ավելի քաղաքականացվեց և «առաջնագծում» պահեց Նիկոլ Փաշինյանի անձը, նա փորձեց այս անգամ չանտեսել զորահանդեսի կայացման հարցում նաև պաշտպանական գերատեսչության և բանակի դերակատարությունը՝ շեշտելով դրա, այսպես ասած, ռազմական նշանակությունը, ոչ թե քաղաքական հաշվետվություն լինելը:

Իհարկե, ցանկացած զորահանդես նաև քաղաքական հաշվետվություն է, բայց այն չպետք է վերածել քաղաքական շոուի (փողոցում ռազմական տեխնիկայի մեկ օր մնալը, չափազանց հասանելի լինելը):

Ինչևէ, երբ լրագրողները կրկնել են բանակում ոչ մարտական մահերի մասին հարցը, Փաշինյանը հերթական անգամ նշել է, որ այդ հարցի լուծումը հանրության սոցիալ-հոգեբանության փոփոխության մեջ է տեսնում:

«Բանակում տեղի ունեցող երևույթների մոտավորապես 70 տոկոսի ծագումնաբանությունը կապված չէ բանակի հետ: Իհարկե, սպայական կազմն իր մեղավորությունն ունի, բայց ամեն դեպք պետք է առանձին դիտվի: Դա պրոբլեմ է, որը պետք է լուծվի: Ցավոք սրտի, նախարարներ են փոխվում, նույնիսկ՝ իշխանություններ են փոխվում, բայց այդ պրոբլեմը շարունակում է ներկա մնալ, ինչը նշանակում է, որ դրանք շատ ավելի խորն են, քան մենք սովոր ենք առնչվել»,- շարունակել է նա:

Բոլոր ժամանակներում բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների, ոչ մարտական մահվան դեպքերի խնդիր եղել է:

Հարցն այն է, որ 2020 թվականի փետրվարին Նիկոլ Փաշինյանը բանակում տեղի ունեցած մահերի համատեքստում որոշեց, որ Կարեն Աբրահամյանին պետք է ազատել ՊԲ հրամանատարի պաշտոնից, և նրան փոխարինի Ջալալ Հարությունյանը, կադրային փոփոխություններ եղան նաև ՀՀ զինված ուժերում՝ պաշտոնանկ արվեցին Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության և Ռազմական ոստիկանության պետերը:

Նշենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը, ԶՈՒ գլխավոր շտաբի հաղորդագրության համաձայն, Զինված ուժերում գրանցվել էր զինծառայողների մահվան 13 դեպք, «որից 4-ը՝ դժբախտ պատահարի հետևանքով, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով՝ հիվանդություն, անձնական խնդիրներ», մնացած 5 դեպքերի առթիվ հարուցվել էին քրեական գործեր, հանգամանքները պարզվում են: Սա՝ առաջին:

Երկրորդ, Փաշինյանը միշտ ասում է, որ իրենք «ավերակ» բանակ են ժառանգել և հիմա բովանդակային, մարտավարական և ռազմատեխնիկական առումով նոր բանակ են ստեղծել, այդ դեպքում՝ ինչո՞ւ կանոնադրական առումով չեն կարողանում նոր բանակ ստեղծել, որ մի հատ էլ արդարանան, թե նախկին իշխանությունների օրոք էլ էր այս հարցը դժվար կարգավորելի: Բացի այս, արդյո՞ք այսօր բանակում չկան դրվագներ, որոնք նախկինում չեն եղել, իհարկե՝ կան: Արդյո՞ք այս դեպքում միայն պետք է արդարանալ, թե այդ խնդիրների 70 տոկոսի ծագումնաբանությունը բանակի հետ կապ չունի, իհարկե՝ ոչ:

Որովհետև եթե թմրանյութի օգտագործումը, խաղամոլությունը տարածում է գտնում բանակում, դա արդեն «մաքուր» բանակի խնդիրն է դառնում: Երկրում տիրող քրեածին վիճակի պատասխանատուն ՀՀ քաղաքական ղեկավարությունն է, որի վատ աշխատանքի արդյունքում նման երևույթները մտնում են բանակ, ու այստեղ պատասխանատվությունը բաժանվում է քաղաքական և ռազմաքաղաքական ղեկավարության միջև, բայց քաղաքական ղեկավարությանը սա չի ազատում պատասխանատվությունից:

Օրինակ, ինչպե՞ս է թմրանյութը մտնում բանակ, որի մասին մի քանի տարի ահազանգում էր ՔՊ-ական Հայկ Սարգսյանը, գուցե դրա տարածման մեջ իրենց ներդրումն են ունենում նաև պայմանագրայինները, սպաները:

Կամ՝ Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է ասել՝ ինչո՞ւ զինվորների շրջանում վիճակախաղերով տարվելը խնդիր դարձավ, արդյո՞ք հեռախոսների հետ կապված ազատությունը, սմարթֆոնների օգտագործման նկատմամբ պակաս վերահսկողությունն իր դերը չունեցավ:

Ինչո՞ւ միայն մոտ 2 տարի առաջ Պաշտպանության նախարարությունն ու Քննչական կոմիտեն որոշեցին, որ ԱԺ ներկայացված օրենքի նախագծի շրջանակում շահումով խաղերին մասնակցելու սահմանափակում պիտի նախատեսել նաև զինծառայողների և իրավապահ համակարգի աշխատակիցների համար: Ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը զգուշացվում էր այս ռիսկերի մասին, լուրջ չէին ընդունում:

Ի դեպ, հուլիսի 30-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը հենց այս դրվագներն է ներկայացրել ՝ որպես զինվորների ինքնասպանությունների պատճառ, և ոչ միայն դրանք:

«Մեր բանակում ինչո՞ւ են զինվորներն ինքնասպանություն գործում. 3 հիմնական պատճառ կա: Պատճառներից մեկը խաղադրույքներ կատարելն է, պարտքերի տակ ընկնելն ու դրանք չկարողանալը փակել։ Մենք դե յուրե միջոցներ ենք ձեռնարկել, որ նաև արգելվի ծառայության մեջ գտնվողներին, բայց էդ համակարգը դեռ ներդրման մեջ է։ Ասեմ նաև, որ սրա մասին գիտեմ Կոշի գաղութում գտնվելու ժամանակաշրջանից։ Պարտադիր չէ, որ դու քո հեռախոսով խաղադրույք կատարես։ Կան ստվերային դիլերներ, որոնք հեռախոսով, խոսքի վրա խաղադրույքներ են կատարում, հետո, եթե հաղթել ես, քո հաղթածը տալիս են, բայց եթե պարտվել ես, ստանում են բոլոր հնարավոր միջոցներով:

Երկրորդը՝ ընտանեկան կամ անձնական խնդիրներն են, որոնք առաջանում են քաղաքացիական կյանքում՝ տարբեր հարաբերություններում։

Երրորդը կապված է մի շատ կոնկրետ իրավիճակի հետ՝ մարտական դիրքում հերթապահության, ժամապահության ընթացքում քնելը։ Հայաստանյան ռեպերներից մեկի երգի մեջ մի տող կա, ինքն իր մասին է խոսում ու ասում՝ ես դիրքում քնող չեմ եղել։ Բա կողքից լսողը կասի՝ էս ի՞նչ նախադասություն է՝ դիրքում քնող չեմ եղել։ Դու դիրքը պահում ես, մյուսները՝ քնում, հանգստանում են։

Եթե դիրքապահը քնել է, նշանակում է՝ վտանգի տակ է դրել մյուսների կյանքը։ Ով արձանագրել է, որ քնել է, զինվորները նրան մեկուսացման են ենթարկում: Դա քրեական ենթամշակույթ է, թե այս դեպքում անվտանգային գերճնշում է, դիրքից իջնելուց հետո տեղի է ունենում որոշակի կղզիացում, հոգեբանական ճնշում և այլն»,- մանրամասնել է Փաշինյանը:

Ինչպես նշեցինք՝ ներկայացված դեպքերն ինքնասպանությունների տարածված պատճառներ են:

Բայց Փաշինյանը, որ խորհուրդ է տալիս խորանալ խնդիրների պատճառների մեջ, բավականին ոչ ճկուն և անզգույշ որակումներ է տալիս դիրքում քնելու հետ կապված, և մոռանում է կարևորի մասին՝ ինչո՞ւ է դիրքում զինվորը քնում:

Օրինակ, քննե՞լ են, թե հատկապես ժամկետային ծառայության ժամկետի կրճատումից հետո ո՞ր բանակային կորպուսում կամ զորամիավորումում են դիրքում քնելու պատճառով դեպքեր հաճախակի լինում, մարտական հերթապահությունն այստեղ ի՞նչ լարվածությամբ է անցնում՝ հակառակորդի դիրքերի մոտ լինելու կամ հաճախակի թիրախավորման պատճառով, մարդկային ռեսուրսի խնդիրը որքանո՞վ է սուր:

Այսինքն, զինվորը քանի՞ ժամ է քնում, քանի՞ ժամը մեկ է տեղի ունենում հերթափոխը, արդյո՞ք մարդկային ռեսուրսի խնդիր կա, և դրանից կախված՝ պակաս քնի խնդիր կա, եթե նման հարց չկա, ապա զինվորի չդիմանալը կարող է այլ բաներով պայմանավորված լինել:

Սրանք հարցեր են, որոնք պետք է ստանան իրենց պատասխաններն ու լուծումները:

Եթե երկրի ղեկավարը սրա մասին չի խոսում և բավարարվում է միայն դիրքում քնելն այլոց անվտանգությանը սպառնացող երևույթ ներկայացնելով, սա միայն վնաս է հասցնելու:

Իհարկե, դիրքում քնած զինվորը, որին վերադասը նկատողություն է անում, տվյալ պահին պետք է հաշվի առնի անվտանգային մի շարք ռիսկեր և փորձի մտածել՝ սպան գուցե այդ պահին էմոցիոնալ դիտողություն է անում իրեն՝ իր իսկ անվտանգության մասին մտածելով: Մյուս կողմից, անկախ ամեն ինչից, սպան կամ ծառայակիցը պետք է դիրքում ավելի զգուշավոր լինեն մեկ այլ զինծառայողի դիտողություն անելիս, այդ դիտողությունը չպետք է լինի վիրավորական և նվաստացնող:

Այս ամենը ենթադրում է զորամիավորումների և զորամասի ղեկավարության, պատասխանատուների կողմից բավականին հետևողական աշխատանք և՛ զինվորների, և՛ սպաների հետ, որոնց տարիքային տարբերությունը շատ մեծ չի լինում:

Հիշեցնենք, որ ի դեմս ԵԿՄ անդամների և պահեստազորայինների՝ ոչ սթափ վիճակում մարտական հերթապահության կանգնելու կամ՝ առնվազն ոչ պատշաճ վիճակում մարտական ծառայության դեպքեր են լինում, ինչը ևս պակաս անվտանգային խնդիր չէ, ինչի մասին վերևում նշում է Փաշինյանը:

Ի դեպ, հետաքրքիր է, որ կառավարության նիստից հետո տված ճեպազրույցի ժամանակ բանակում տիրող իրավիճակի համար Փաշինյանն իրեն համարեց պատասխանատու՝ «ես ունեմ էդ մեղքը, բանակի ղեկավարության վրա պետք չի քցել»:

Իրականում հենց այդպես էլ կա, քանի որ բանակից շատ փորձառու սպաների հեռացումը հենց Փաշինյանի մեղքով է, բանակում կադրային երբեմն ոչ ճիշտ նշանակումները ևս նրա որոշման արդյունքն են, գնդերեցների հեռացումը բանակից ևս նրա պահանջն էր, այն, որ վաղը բանակը կարող է մարտունակության հետ կապված խնդիր ունենալ, դարձյալ նրա պատասխանատվության տակ է, և այսպես շարունակ:

Պետք է նկատել նաև, որ Նիկոլ Փաշինյանն իր երկու օրերի ճեպազրույցների ժամանակ փորձեց «մեղմել» Աննա Հակոբյանի՝ բանակում տիրող իրավիճակը բնութագրող ձևակերպումների ստեղծած մթնոլորտը, ինչին անդրադարձել ենք:

Մյուս կողմից, Փաշինյանը հաստատեց մեր այն պնդումը, որ իր կառավարության այս կամ այն անդամին ինքը պաշտոնանկ է անում սեփական պատճառներից ելնելով, որը կարող է քիչ կապ ունենալ նրա գործունեության հետ: Իսկ հիմա չի բացառվում, որ Սուրեն Պապիկյանի վերանշանակումն ինչ-որ առումով կրքեր չբորբոքելու միտում ուներ:

Ի դեպ, ըստ էության, Փաշինյանի որոշմամբ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Վիլեն Գաբրիելյանը: Այս հանձնաժողովը վերահսկող մարմին է, և բավականին հետաքրքիր է լինելու Վիլեն Գաբրիելյան-Սուրեն Պապիկյան փոխգործակցությանն ու աշխատանքային շփումներին հետևելը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031