Իրավապահները հեռախոսս չեն վերադարձրել. փոխել են դստերս հեռախոսի գաղտնաբառը, չի կարողանում օգտվել, հեռախոսը ստացել ենք արդեն չաշխատող մարտկոցով.  Տեր Վրթանես

Նախորդ տարվա հոկտեմբերի 15-ին Արագածոտի թեմի 10-ից ավելի քահանաների հրավիրվել էին Երևանի քննչական մարմիններ՝ հարցաքննվելու համար։ Նույն օրը թեմի առաջնորդարանում խուզարկություն էր կատարվել և թեմի առաջնորդը 2 ամսով կալանավորվել էր։

Դեռևս այդ ժամանակ քահանաների շահերը ներկայացնող փաստաբանները հայտնել էին, որ գործը որևէ աղերս չունի հանցագործության հետ։

Քննչական մարմիններ հրավիրված քահանաներից շատերի բնակարաններում իրավապահները խուզարկություն էին իրականացրել, առգրավվել էին հեռախոսներ, այդ թվում՝ նրանց ընտանիքների անդամների հեռախոսները։

Իրավապահներն այդ ժամանակ վաղ առավոտյան մտել էին նաև Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի բնակարանը, խուզարկել, սակայն ոչինչ չէին գտել, փոխարենը՝ տարել էին հոգևորականի ու նրա ընտանիքի անդամների հեռախոսները։

Կարդացեք նաև

168.amը Տեր Վրթանես քահանա Բաղալյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք վերադարձրել են հեռախոսները, կա՞ բացատրություն իրավապահների կողմից, թե ի՞նչ են շուրջ մեկ տարի փնտրում հեռախոսների մեջ։

«Այդ գործով ինքս վկայի կարգավիճակով եմ կանչվել քննչական մարմին, որ իբրև ես ներկա եմ եղել Արագածոտնի թեմում կատարվող դեպքերին, մինչդեռ ես այդ ժամանակ թեմի քահանա չեմ եղել, Գուգարաց թեմում եմ եղել։ Այսինքն՝ 2021 թվականի ընտրություններից հետո եմ նշանակվել թեմում հոգևոր ծառայության։ Ինձ կանչել էին, թե իբր ուղղորդվել եմ Մկրտիչ սրբազանի կողմից ընտրությունների ժամանակ, բայց ես այդ ժամանակ թեմում ծառայության չեմ եղել, ավելին՝ ֆիզիկապես ժամանակ չեմ էլ ունեցել մասնակցելու 2021 թվականի ընտրություններին»,- նշեց տեր Վրթանես քահանան։

Նա հայտնեց, որ իրավապահները վերադարձրել են իր դստեր առգրավված հեռախոսը, սակայն փոխել են հեռախոս մուտք գործելու գաղտնաբառը, արդյունքում՝ իրենք այս պահին հեռախոսից չեն կարողանում օգտվել, ավելին՝ քննչական մարմնից հեռախոսը ստացել են արդեն չաշխատող մարտկոցով։

«Իմ հեռախոսը մինչև այս պահն իրավապահները չեն վերադարձրել, առանց որևէ պատճառի՝ իմ հեռախոսն այսքան երկար ժամանակ պահել են իրենց մոտ։ Հեռախոսիս գաղտնաբառն ինքս եմ իրավապահներին ասել, նրանք կարող էին 10-15 րոպեում ամբողջ հեռախոսը ստուգել։ Առանց դատարանի ծանուցման՝ նախ կանչում են քննչական, առգրավում են հեռախոսս ու գրեթե մեկ տարի է՝ չեն վերադարձնում։ Դե պատկերացրեք, թե ինչ անլուրջ միջավայր է ստեղծվել նրանց կողմից»,- հավելեց քահանան։

Հոգևորականի դիտարկմամբ՝ տպավորություն է, որ իրավապահներն իր հեռախոսում ոչինչ չեն փնտրում, ուղղակի վերցրել են, քանի որ իր հեռախոսի մեջ որևէ գաղտնի տեղեկություն չկա, որից կարող է «նեղվել»։

«4 տարի է՝ Արագածոտնի թեմում եմ ծառայում՝ Մկրտիչ սրբազանի առաջնորդությամբ։ Նա  որևէ հրահանգ մեզ չի տվել, հակառակը՝ շատ դեպքերում եղել է մեզ համար զսպաշապիկ։ Սրբազանն իր չեզոքությամբ ու հայրական վերաբերմունքով մեզ աջակից ու օգնական է եղել հոգևոր ծառայության մեջ, այն, ինչը ենթադրում են իրավապահներն անհիմն կերպով՝ չի եղել։ Բայց մինչև այս պահը արգելում են սրբազանին Առաջնորդարան ու թեմակալ եկեղեցիներ գնալ, հանդիպել մեզ հետ, այն դեպքում, որ մենք վկայի կարգավիճակ ունենք։ Թեմում հոգևորականներս բոլորս էլ մեր ծառայության ճանապարհին ունենք սրբազան հոր խորհուրդների կարիքը, բայց նրա հետ հանդիպել թույլ չեն տալիս։

Բոլորդ էլ հիշում եք, որ նախորդ տարի դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ ներխուժման ժամանակ սրտի սուր ինֆարկտ եմ ստացել, եթե սրբազանն ազատության մեջ լիներ, ապա շատ հարցերով ինձ կարող էր օգտակար լինել։ Բայց ես շարունակում եմ ծառայել բարձրադիր գոտում՝ հակառակ իմ առողջական խնդիրների, քանի որ տեսականորեն այսօր թույլ չեն տալիս հանդիպել ու զրուցել սրբազանի հետ։ Ապօրինի կերպով խոչընդոտվել է թեմի հոգևոր կյանքը»,- շեշտեց տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ մինչև այս պահը Հովհաննավանքը բռնազավթված վիճակում է, եկեղեցու հոգևորականները՝ տեր Սարգիսն ու տեր Մանուկը, չեն կարողանում մուտք գործել եկեղեցի, քանի որ  այնտեղ նստած է կարգալույծ քահանան։ Մարդիկ ուզում են այդ եկեղեցում պսակադրվեն, մկրտվեն, սակայն չեն ցանկանում, որ այդ արարողությունը կատարի կարգալույծ քահանան։ Ոստիկանությունը, որը պետք է Մայր Աթոռի սեփականությունը հանդիսացող սրբավայրից ուղղակի դուրս հաներ կարգալույծ քահանային, մի բան էլ աջակցում է, որպեսզի բռնազավթված պահի եկեղեցին։

«Բոլորը գիտեն, որ մեր դեմ այս գործընթացներն անհիմն են, նույնիսկ դատավորները գիտեն, որ այս ամենն անլուրջ է, որովհետև երբեք չի եղել, որ հոգևոր կառույցի ներքին կյանքը քննարկի աշխարհիկ դատարանը։

Մինչև հիմա դատապարտված չեն Մայր Աթոռ ներխուժած անձինք, ոչ էլ այն հարբած խուլիգանախումբը, որը փորձում էր գրոհել Մայր Տաճար, ոչ էլ նրանց առաջնորդողները։ Հուսանք, ՔԿ ղեկավարի կառույցը, որը սնվում է մեր հարկերի հաշվին, մեզ կվերադարձնի հեռախոսները»,- ընդգծեց տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

Նշենք, որ Մկրտիչ սրբազանը շուրջ 5 ամիս մնալով բանտային կալանքի տակ, փետրվարին նրա խափանման միջոց կալանքը փոխարինվել  էր տնային կալանքով, այնուհետև մայիսին՝ վարչական հսկողությամբ։

Ըստ մեղադրանքի, Մկրտիչ սրբազանը ծառայողական լիազորություններն օգտագործել է՝ «խոչընդոտելով ընտրական իրավունքին, և թեմի քահանաներին հարկադրել է մասնակցել ընդդիմության հավաքներին»:

Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի այս գործողություններն իրականացվել են Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվ Ստեփան Ասատրյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արված հայտարարության հիմքով հարուցված վարույթի շրջանակներում։ Տեր Արամը հայտարարել էր, որ 2021 թվականին իրեն ստիպել էին մասնակցել քաղաքական հավաքների։

Հաղորդումը Դատախազություն էր ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031