Չինաստանը զգուշացրել է Ճապոնիային․ միջուկային հավակնությունները «կարմիր գիծ են, որը չի կարելի հատել»

Չինաստանը հինգշաբթի խիստ նախազգուշացում է հղել Ճապոնիային՝ Տոկիոյում միջուկային զենքի քաղաքականության հնարավոր վերանայման քննարկումների առնչությամբ՝ հայտարարելով, որ Ճապոնիայի միջուկային հավակնությունները «կարմիր գիծ են, որը երբեք չի կարելի հատել», հաղորդում է Սինհուա-ն։

Մամուլի ասուլիսում Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ծյան Բինը ճապոնացի պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունները որակել է «ծայրահեղ սադրիչ և վտանգավոր»։

Նրա գնահատմամբ՝ այդ հայտարարությունները ևս մեկ անգամ ցույց են տվել, որ Ճապոնիան «թաքցնում է իր մտադրությունները միջազգային հանրությունից»։

«Հարց է առաջանում՝ արդյոք ճապոնական կողմը չի՞ օգտագործում այդ հայտարարությունները հասարակական կարծիքի հանդուրժողականությունը ստուգելու և միջազգային արդարադատության հիմքերը կասկածի տակ դնելու իր չարամիտ փորձերի համար հող նախապատրաստելու նպատակով»,- լրագրողի հարցին ի պատասխան հայտարարել է Ծյան Բինը։

Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչի հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ Ճապոնիայի պաշտպանության գերատեսչության ղեկավարը բազմիցս հայտարարել էր երկրի միջուկային զենքի ոլորտի քաղաքականության բաց քննարկման անհրաժեշտության մասին, ներառյալ՝ երեք ոչ միջուկային սկզբունքների հնարավոր վերանայումը, որոնց Տոկիոն հետևում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։

Ծյան Բինը նշել է, որ միջազգային մակարդակում Ճապոնիան դիտարկվում է որպես միջուկային զենք ստեղծելու պոտենցիալ հնարավորություն ունեցող պետություն։ Նրա տվյալներով՝ երկիրը կուտակել է մոտ 44,4 մետրիկ տոննա անջատված պլուտոնիում և երկար ժամանակ պահպանում է միջուկային ներուժի արագ ստեղծման կարողությունը։

Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ երեք ոչ միջուկային սկզբունքների պահպանումից Ճապոնիայի հրաժարումը կդառնա Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (ՄԶՉՊ) շրջանակում նրա միջազգային պարտավորությունների խախտում, կխաթարի միջուկային չտարածման գլոբալ ռեժիմը և սպառնալիք կստեղծի հետպատերազմյան միջազգային կարգին։

«Ճապոնիայի միջուկային հավակնությունները կարմիր գիծ են, որը երբեք չի կարելի հատել։ Եթե Պանդորայի արկղը բացվի, հետևանքները աղետալի կլինեն»,- հայտարարել է Ծյան Բինը։

Նա միջազգային հանրությանը և ճապոնական հասարակությանը կոչ է արել պահպանել զգոնությունը և թույլ չտալ այդ միտման զարգացումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031