ԱՄՆ-ն դեռ կարող է իր երկու դաշնակիցների միջև հակասությունները պահել կառավարելիության շրջանակում. Սաֆրաստյանը՝ Թուրքիա–Իսրայել հարաբերությունների մասին
Թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Թուրքիայի և Իսրայելի միջև սրված հակասություններն ունեն աշխարհաքաղաքական ենթատեքստ, քանի որ ԱՄՆ-ն պատրաստվում է նվազեցնել իր ներկայությունը Մերձավոր Արևելքում, իսկ նշված երկու տարածաշրջանային ազդեցիկ պետությունները պայքարում են այդ բացը լրացնելու համար։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ռուբեն Սաֆրաստյանը հանգամանորեն անդրադարձավ ԱՄՆ-ի երկու դաշնակիցների՝ Թուրքիայի և Իսրայելի միջև գոյություն ունեցող սուր հարաբերություններին և այդ համատեքստում նաև այն հարցին, թե հաջողվու՞մ է արդյոք, Միացյալ Նահանգներին իր երկու դաշնակիցների հետ հարաբերվելիս ցուցաբերել հավասարակշռված մոտեցում։
«Քանի որ վերոհիշյալ աշխարհաքաղաքական պայքարն այսպես, թե այնպես առնչվում է Միացյալ Նահանգներին, ապա այդ առումով ձևավորվել է յուրատեսակ եռանկյունի։ Թե որքանով ԱՄՆ-ին կհաջողվի նշված երկու ուժային կենտրոնների միջև հակամարտությունը վերացնել կամ գոնե մեղմացնել, ցույց կտա ժամանակը, թեև այս փուլում Միացյալ Նահանգներն այդ ուղղությամբ մեծ ջանքեր չի գործադրում։ Մյուս կողմից էլ Թուրքիայի և Իսրայելի միջև հակամարտությունը դեռ չի հասել կրիտիկական կետին՝ չնայած այն հանգամանքին, որ նման հեռանկարը հետզհետե հասունանում է»,- ասաց Սաֆրաստյանը։
Նա հիշատակեց նաև Թուրքիայի և Հունաստանի միջև անցյալում տեղի ունեցած կոնֆլիկտը, երբ Միացյալ Նահանգներին չհաջողվեց հարթել իր երկու դաշնակիցների միջև առկա սուր հակասությունները, և ուղղակիորեն տեղի ունեցան ռազմական բախումներ։
«Ներկայումս թուրք-իսրայելական հակամարտությունն, իհարկե, այդքան չի խորացել ու հասել սրության այն մակարդակին, ինչը ժամանակին տեղի ունեցավ Թուրքիայի և Հունաստանի միջև։ ԱՄՆ-ն դեռ կարողանում է իր կառավարելիության շրջանակում պահել այդ հակամարտությունը, որի հնարավոր սրացումն այլ հարթության հարց է։ Օրինակ՝ այդ հակամարտությունը կարող է ավելի սրվել Սիրայի տարածքում, որտեղ կենսական շահեր ունեն և՛ Թուրքիան, և՛ Իսրայելը, հետևաբար կարելի է խոսել այն մասին, որ հակասությունները կարող են վերաճել ռազմական բախումների, առավել ևս, որ աշխարհի տարբեր վերլուծական շրջանակներ չեն բացառում այդ հեռանկարը»,- ասաց մեր զրուցակիցը։
Սաֆրաստյանի կարծիքով՝ աշխարհաքաղաքական սուր պայքարը թեև շարունակվում է, սակայն մյուս կողմից էլ կան այնպիսի հանգամանքներ, որոնք հնարավորություն են տալիս ենթադրել, որ այդ պայքարը չի հասնի կրիտիկական աստիճանի։
«Օրինակ՝ նավթը Բաքու-Ջեյհան խողովակաշարով գալիս է Թուրքիա, որտեղից էլ տեղափոխվում է Իսրայել, հետևաբար, որքան էլ Թուրքիան ու Իսրայելը հակամարտեն, միևնույն ժամանակ կապերը չեն խզում։ Պետք է հաշվի առնել նաև այս հանգամանքը, ուստի Միացյալ Նահանգները դեռ կարող է իր երկու դաշնակիցների միջև առկա հակասությունները պահել կառավարելիության շրջանակում»,- նշեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով իսրայելական կողմի համար հատկապես խնդրահարույց դարձած ԱՄՆ–Թուրքիա F-35 կործանիչների գործարքին և այդ առումով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի առարկություններին, որոնք նա հայտնեց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ օրեր առաջ կայացած հանդիպման ընթացքում, Սաֆրաստյանն ընդգծեց, որ Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև F-35 ինքնաթիռների գործարքն, ամենայն հավանականությամբ, չի իրականանա, քանի որ այդ առթիվ ամերիկյան քաղաքական վերնախավում կան իրարամերժ կարծիքներ։
«Թրամփը թեև ճիշտ է, որ այստեղ կարևորը ոչ թե իսրայելական կողմի կարծիքն է, այլ ԱՄՆ-ի դիրքորոշումն ու ներքին հարաբերությունները կառավարող շրջանակների և տարբեր խմբավորումների միջև, բայց կարծում եմ, որ այդ գործարքն իրականություն չի դառնա, քանի որ կապված է ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի հետ, որոնք Թուրքիան ժամանակին գնել է ՌԴ-ից և հիմա չի կարողանում դրանցից ազատվել։ Կա հստակ պահանջ, որ Թուրքիան սկզբում պետք է ձերբազատվի այդ համակարգերից, ինչից հետո ավելի իրական կդառնա F-35 ինքնաթիռների գնման գործարքը։ Թուրքիան նույնիսկ բանակցություններ է վարել Հյուսիսային Կորեայի հետ՝ C-400 համակարգերը կորեացիներին վաճառելու կամ ռուսներին վերավաճառելու համար, թեև ԱՄՆ-ն դեմ է, որ այդ համակարգերը վերստին վաճառվեն Ռուսաստանին։ Այնպես որ, տվյալ գործարքն ունի հակասություններ, որոնք դեռ չեն լուծվել»,- եզրափակեց Սաֆրաստյանը։

