ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հիմա գույքային պահանջ չունի, իսկ դատավոր Դոլմազյանը հերթական անգամ մերժեց Աշոտյանի պաշտպանների բացարկի միջնորդությունը

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:

Դատական նիստին ներկա էին Արմեն Աշոտյանը, նրա փաստաբանական թիմը՝ Տիգրան Աթանեսյան, Ռուբեն Մելիքյան, Մարգար Սողոմոնյան կազմով, գործով անցնող ԵրՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, Մարթա Սիմոնյանը, Արմեն Աշոտյանի ընտանիքի անդամները, դատախազներ Դոլինյանն ու Նշանյանը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքական-հասարակական գործիչներ:

Նախորդ դատական նիստը սկսվեց բացակայող կողմի վերաբերյալ հարցի քննարկմամբ: Տիգրան Խաչիկյանը կրկին չէր եկել դատարան:

Ըստ մեղադրող դատախազի՝ ԵՊԲՀ ներկայացուցիչ Տիգրան Խաչիկյանի ներկայությունը դատական նիստերին պարտադիր է, իսկ բուհ-ի արհեստակցական կազմակերպության ներկայացուցչի ներկայությունը՝ ոչ:

Կարդացեք նաև

«Տարօրինակ է, չէ՞, որ տուժողները չեն գալիս. 2 տուժողները իրենք պիտի իրենց ճղեին, որ գային նիստերին: Եթե այս գործով տուժողներ կան, ինչո՞ւ նրանք շահագրգիռ չեն գալ դատական նիստերին: Դատական նիստն առանց տուժողի՝ ոնց որ հարսանիքն առանց հարսի, կամ թաղումն առանց մեռելի»,- ասաց Արմեն Աշոտյանը: Ավանդույթի համաձայն՝ դատավոր Դոլմազյանը ՀՀԿ փոխնախագահի ազատ արտահայտման իրավունքը սահմանափակեց:

Նախորդ դատական նիստին Արմեն Աշոտյանի պաշտպանական կողմը նաև միջնորդություն ներկայացրեց, որ դատարանը թույլ տա վերջինիս՝ մասնակցելու Եվրոպայի քաղաքական խոշորագույն քաղաքական ընտանիքի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) կոնգրեսին:

Արմեն Աշոտյանը նույնպես կարևորեց իր մասնակցությունը ԵԺԿ-ի կոնգրեսին:

«ԵԺԿ-ի հետ կապերի պատասխանատուն ես եմ: Սա ունիկալ հարթակ է, ու կարևոր է գնալ այնտեղ՝ ազգային ու պետական շահեր ներկայացնելու համար: Խոսքը 4 օրվա մասին է: Խոստանում եմ Բուխարեստից վերադառնալ ոչ միայն Երևան, այլև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 10-րդ խուցը»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ երբևէ ազատության մեջ բաց չի թողել ԵԺԿ-ի որևէ համագումար:

Դատավոր Դոլմազյանը, սակայն, մերժեց միջնորդությունը. նա տառացիորեն կրկնեց այն, ինչ հանրային մեղադրողը, այն է՝ ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանի փոխարեն՝ այլ անդամներ կարող են մասնակցել ԵԺԿ կոնգրեսին, հետևաբար, ըստ նրա՝ միջնորդությունը փաստարկված ու հիմնավորված չէ:

Այսօրվա դատական նիստին վերջապես ներկայացել էր ԵՊԲՀ ներկայացուցիչ Տիգրան Խաչիկյանը:

Դատական նիստի սկզբում Վահե Դոլմազյանը կարդաց դատարանին հասցեագրված ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի դիմումը, որում նշված էր, որ Բժշկական համալսարանն այս գործի շրջանակում գույքային պահանջի վերաբերյալ հայց չի ներկայացնելու:

Նույնը պնդեց ԵՊԲՀ ներկայացուցիչ Տիգրան Խաչիկյանը՝ հավելելով, որ երբ կլինի բազմակողմանի քննված ու կայացված արդար դատական ակտ, բուհ-ը կորոշի հետագայում գույքային հայց ներկայացնելու հարցը, ապա խնդրեց քննարկել իր մասնակցության աննպատակահարմարությունն այս գործով դատական նիստերին: Հանրային մեղադրողը համաձայն էր Տիգրան Խաչիկյանի հետ: Մեղադրյալների ներկայացուցիչները նույնպես առարկություն չունեին, որ դատական նիստերն ընթանային առանց ԵՊԲՀ ներկայացուցչի: Դատարանը որոշեց դադարեցնել Տիգրան Խաչիկյանի՝ որպես ԵՊԲՀ-ի օրինական ներկայացուցչի կարգավիճակը և նրան ճանաչել որպես ԵՊԲՀ լիազոր ներկայացուցիչ: Միևնույն ժամանակ դատարանը նշեց, որ քանի դեռ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը չի ցանկացել օգտվել իր՝ տուժողի իրավահաջորդ դառնալու կարգավիճակից, այդ հարցը քննարկվել չի կարող: Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմը, ով միջնորդում էր Արմեն Մուրադյանին ներգրավել՝ որպես տուժողի իրավահաջորդ, չհամաձայնեց դատավորի որոշման հետ:

Հաջորդիվ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը դատավորին բացարկի միջնորդություն ներկայացրեց՝ վերջինիս՝ որպես անկողմնակալ ու արդար դատարան չընկալվելու հանգամանքով պայմանավորված: Միջնորդության մեջ պաշտպանը ներկայացրեց այն բոլոր խախտումները, որոնք այս դատավարության ժամանակ թույլ էր տվել Վահե Դոլմազյանը:

Արմեն Աշոտյանը նույնպես միացավ միջնորդությանը՝ հանդես գալով ծավալուն խոսքով:

«Նաև Ձեր շնորհիվ «Freedom House»-ը գրում է՝ «Հայաստանում դատարանները ենթարկվում են քաղաքական ազդեցության: Ֆեմիդայի փոխարեն՝ ունենք բրդուճաչագուչային արդարադատություն, որի մաս եք նաև Դուք… Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունն ինձ ճանաչում է որպես քաղբանտարկյալ… Ինչի՞… Իմ բարի խորհուրդը Ձեզ՝ թողեք այս գործը: Այն, ինչ Դուք անում եք, գիտակցաբար եք անում, ու դա շատ ավելի վատ է»,- դիմելով դատավոր Վահե Դոլմազյանին՝ ասաց Արմեն Աշոտյանը:

Մյուս մեղադրյալների պաշտպանները միացան միջնորդությանը, սակայն դատախազն առարկեց դրա դեմ: Դատավորն ինքն էլ երկար ելույթ ունեցավ և վերջում ասաց՝ ինքնաբացարկի համար բերված փաստերը հիմնավոր չեն, և միջնորդությունը ենթակա է մերժման:

Հաջորդիվ մեղադրյալ Մարթա Սիմոնյանի պաշտպանը միջնորդեց հետաձգել նիստը՝ այն հիմնավորմամբ, որ իր պաշտպանյալն առնվազն մեկ ժամ պետք է հանգստանա, իսկ դատարանի միջանցքներում դա հնարավոր չէ անել: Առարկություններ չեղան, և դատական նիստը հետաձգվեց:

Հաջորդ նիստը կկայանա մարտի 25-ին՝ ժամը 16:00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս