
Հայաստանը և Նորվեգիան կխորացնեն համագործակցությունը․ Համբարձում Մաթևոսյանը Նյու Յորքում Անդրեաս Էրիկսենի հետ է հանդիպել

Նյու Յորքում աշխատանքային հանդիպում ունեցա Նորվեգիայի շրջակա միջավայրի և կլիմայի նախարար Անդրեաս Էրիկսենի հետ։ Այս մասին հայտնել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
«Հանդիպման ընթացքում քննարկեցինք բնապահպանական հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի փոփոխության ուղղություններով համատեղ նախաձեռնությունների իրականացման, թափոնների կառավարման, օդի, ջրի և հողի որակի բարելավման, անտառների կառավարման, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարման հարցեր։
Առանձնապես կարևորելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) «Շրջակա միջավայր» և «Կլիմայի փոփոխություն» բաժինների իրականացման ընթացքը՝ քննարկեցինք դրանց շրջանակներում համատեղ ծրագրերի գործարկումը։
Այս համատեքստում, քանի որ Նորվեգիան «Պլաստիկ աղտոտմանը վերջ դնելու բարձր հավակնության կոալիցիայի» նախաձեռնող երկրներից է, պայմանավորվեցինք ընդլայնել համագործակցությունը պլաստիկ աղտոտման նվազեցման ուղղությամբ՝ ներառյալ արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգերի ներդրմանն ու կատարելագործմանը աջակցող քայլերը։ Մոտ օրերս նախատեսում ենք ստորագրել համապատասխան համագործակցության հուշագիր։
Առանձին անդրադարձանք 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովի կազմակերպչական գործընթացներին։ Տեղեկացրել եմ, որ այժմ աշխատում ենք կոնվենցիայի քարտուղարության հետ՝ օգտագործելու նրանց գիտական և կազմակերպական փորձառությունը՝ համաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար։ Քննարկեցինք նաև բնապահպանական օրակարգի գլոբալ վերանայման (Global Review) և մեր համատեղ քայլերի մեծ ծավալը։ Նշեցի, որ այս տարի Բրազիլիայում սպասվող COP30-ը ևս կարևոր հարթակ է մեր ընդհանուր առաջնահերթությունները առաջ մղելու համար։
Պայմանավորվածություն ձեռք բերեցինք թե՛ Հայաստանում, թե՛ Նորվեգիայում խորացնելու մասնագիտական համագործակցությունը և միասին գտնելու գործնական լուծումներ մեր երկրի և աշխարհի բնապահպանական մարտահրավերների համար»,-նշել է նա։