
ՆԱՏՕ-ն Ռուսաստանին սպառնացել է կիրառել «բոլոր միջոցները»՝ իր օդային տարածքի խախտումներից պաշտպանվելու համար

ՆԱՏՕ-ն երեքշաբթի Ռուսաստանին զգուշացրել է, որ այս ամիս Լեհաստանի օդային տարածքում ռուսական անօդաչու սարքերի խոցումից և անցյալ շաբաթ ռուսական կործանիչների ներխուժման մասին Էստոնիայի հաղորդագրություններից հետո գործի կդնի բոլոր միջոցները՝ իր օդային տարածքի հետագա խախտումներից պաշտպանվելու համար, հայտնել է Associated Press գործակալությունը։
Լեհաստանում սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած միջադեպը նշանավորել է ՆԱՏՕ-ի և Մոսկվայի միջև առաջին ուղղակի բախումը Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր։ Այն ցնցել է Եվրոպայի բոլոր առաջնորդներին։
ՆԱՏՕ-ի պատրաստվածության և հեղինակության ևս մեկ փորձություն տեղի ունեցավ անցյալ ուրբաթ, երբ Էստոնիան հայտարարեց, որ երեք ռուսական կործանիչներ առանց թույլտվության 12 րոպեով մտել են իր օդային տարածք, Ռուսաստանը հերքել է այդ մեղադրանքը։
«Ռուսաստանը չպետք է կասկած ունենա. ՆԱՏՕ-ն և նրա դաշնակիցները կօգտագործեն բոլոր անհրաժեշտ ռազմական և ոչ ռազմական գործիքները՝ միջազգային իրավունքին համապատասխան, իրենց պաշտպանելու և բոլոր ուղղություններից եկող բոլոր սպառնալիքները կանխելու համար,- ասված է դաշինքի հայտարարության մեջ։ -Մենք կշարունակենք արձագանքել մեր ընտրած ձևով, մեր ընտրած ժամկետում և շրջանակում»։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կասկածելի ինքնաթիռը կխոցվի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ դա կախված կլինի «ինքնաթիռից բխող սպառնալիքի վերաբերյալ առկա հետախուզական տվյալներից, ներառյալ այն հարցերը, որոնց մենք պետք է պատասխանենք, ինչպիսին են դրա մտադրությունները, սպառազինությունը և դաշնակիցների, զինված ուժերի, քաղաքացիական անձանց կամ ենթակառուցվածքների համար հնարավոր ռիսկը»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի անկեղծ էր։ Երեքշաբթի լրագրողիան հարցին՝ արդյոք նա կարծում է, թե ՆԱՏՕ-ի երկրները պետք է խոցեն նման ինքնաթիռներ, Թրամփը պատասխանել է. «Այո, կարծում եմ»։ Ավելի ուշ նա հավելել է, որ Միացյալ Նահանգների անմիջական ներգրավվածությունը կախված կլինի հանգամանքներից։
Վարչապետ Դոնալդ Տուսկը երկուշաբթի հայտարարել է, որ Լեհաստանն «առանց քննարկման» կխոցի թռչող օբյեկտները, եթե դրանք խախտեն Լեհաստանի տարածքը։ Թվում է, թե բոլորը չեն աջակցում այդ մոտեցմանը։
«Մենք միշտ կգնահատենք իրավիճակը, կգնահատենք ինքնաթիռից բխող անմիջական սպառնալիքը»,- ասել է Ռյուտեն։
ՆԱՏՕ-ի հայտարարությունը հնչել է, երբ Էստոնիան պաշտոնական խորհրդակցություններ է խնդրել ըստ դաշինքի պայմանագրի 4-րդ հոդվածի, որը թույլ է տալիս դաշինքի ցանկացած անդամի հանդիպում խնդրել, եթե կարծում է, որ իր տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը սպառնալիքի տակ են։