
ԵԱՏՄ անդամ Փաշինյանի եվրոպական «երազանքները»․ ինչո՞ւ է ՔՊ-ն հայտարարում ԵՄ անդամակցության մասին՝ ընդունելով գործընթացի տապալման հնարավորությունը

Օրերս Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայացած 7-րդ համաժողովի ընթացքում նոր վարչություն ընտրեց, ինչպես նաև հանրության դատին ներկայացրեց հռչակագիր։
Այդ հռչակագրային փաստաթղթի առանցքն այն էր, որ ՔՊ-ն գլխավոր ռազմավարական ծրագիր ու անելիք է հայտարարում ՀՀ Երրորդ Հանրապետության լուծարումն ու Չորրորդ Հանրապետության հռչակումը։ Հռչակագրի չորրորդ կետում ամրագրված էր, որ ակտիվացնելու են Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամագրվելուն ուղղված ջանքերը, դա չհակադրելով տարածաշրջանացման, ինչպես նաև հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությանը։
Այսօր Ժողովրդավարության հայկական չորրորդ ֆորումի ընթացքում, սակայն, Փաշինյանը չբացառեց, որ Հայաստանը կարող է չդառնալ Եվրամիության անդամ։ Նրա խոսքով, իր իշխանության նպատակն է՝ ապահովել ԵՄ չափանիշները բոլոր ոլորտներում։ Ըստ նրա՝ հասարակության մեջ շատ է խոսվում Հայաստանի՝ ԵՄ անդամակցության նպատակահարմարության կամ անիրատեսականության մասին։
«Կառավարությունը և քաղաքական մեծամասնությունն ասում են, որ մեր նպատակը ԵՄ չափանիշներին հասնելն է բոլոր ոլորտներում։ Սա ամենակարևորն է, քանի որ շատերը դրանում որոշակի աշխարհաքաղաքական պահեր են տեսնում»,- նշել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ ժողովրդավարական բարեփոխումների հաջորդ քայլը կլինի Հայաստանի անվիճելի և անսասան հավատարմության հաստատումը ԵՄ արժեքներին։
«Մեր հիմնական խնդիրը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է, որովհետև երբ որ մենք էդ կետին հասանք, ընդունվենք՝ լավ, չընդունվեք՝ մենք մեր արդյունքը, մեր խնդիրը լուծել ենք, մենք մեր ստանդարտների հարցը լուծել ենք»,- ասել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Հայաստանի ԱԺ-ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը։ Մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը՝ Կրեմլը հայտարարել էր, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարում է, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը նա համեմատել էր «Տիտանիկի» տոմս գնելու հետ։
Ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ կուսակցական նիստի շրջանակում նման ձևաչափով ԵՄ անդամակցության թեմայի շրջանառումը նշանակում է, որ այն դառնալու է ընտրություններից հետո այդ ուժի ընտրվելուց հետո ՀՀ արտաքին քաղաքական ռազմավարական նպատակ։ Սակայն, նրա խոսքով, սա յուրահատուկ է այն առումով, որ դա հայտարարվում է գիտակցումով, որ ՀՀ-ն կարող է և չդառնալ ԵՄ անդամ։
«Շատ երկրներ նման նպատակ դնելուց առաջ գոնե վստահ են լինում անդամակցության հեռանկարի հարցում, կամ նախապես աշխատանք են տանում, հետո սկսում են նման ճանապարհ, որը նույնիսկ այդ պարագայում է շատ բարդ իրագործելի, հատկապես՝ այսօր։ Սակայն հայկական կողմը երևի թե նույնիսկ այդ գործընթացից ակնկալիքներ ունի՝ գուցե ներդրումներ, քաղաքական աջակցություն։ Ես գտնում եմ, որ ԵՄ-ն պատրաստ չէ ընդլայնման, նման օրակարգ ներկայումս չկա, սակայն կա ինտեգրման թեկնածու երկրներին սեփական ուղեծրում պահելու խնդիր, և դա հիանալի կերպով արվում է։
Խոսքը մի շարք երկրների մասին է, այդ թվում՝ Ուկրաինան ու մի շարք այլ երկրներ։ Նրանք երկար տարիներ անց դարձան ԵՄ անդամակցության թեկնածու, սակայն, թե երբ կմիանան ԵՄ-ին, բարդ է ասել, անորոշ է։ Վրաստանի պարագայում նույնիսկ աննախադեպ բան տեղի ունեցավ՝ Վրաստանն այնքան սպասեց, որ Վրաստան-ԵՄ հարաբերություններում արմատականորեն իրավիճակ փոխվեց, այդ գործընթացը կասեցվեց։ Սա, իհարկե, բացառիկ իրավիճակ է»,- նշեց նա։
Լուկիանովի կարծիքով, Երևանի պարագան ևս բացառիկ է այն տեսանկյունից, որ ԵՄ անդամակցության մասին հայտարարում է Հայաստանը, որը ԵԱՏՄ անդամ է և բավականին հաջող համագործակցություն ունի ԵԱՏՄ-ում, ԵԱՏՄ-ն էական օգուտներ է բերում Հայաստանին։
«Տնտեսագետ չեմ, բայց ներկայացվող տվյալներն էական են, հարց է առաջանում՝ արդյո՞ք ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ՀՀ-ն կարող է նման օգուտներ գտնել ԵՄ-ում, եթե նույնիսկ անդամակցի։ Ռուսական կողմն իր որոշ զգուշացումներն անում է այն մասին, թե ԵՄ-ին անդամակցության գործընթացն ինչ հակասության մեջ կարող է մտնել ԵԱՏՄ-ի հետ։ Եթե ՀՀ իշխանությունները շարունակում են այդ ուղին, ապա թերևս պատրաստ են այդ սցենարներին։ Սակայն ակնհայտ է թվում նաև այն, որ չկա ԵԱՏՄ-ն լքելու տրամադրվածություն։
Այսինքն՝ լինելով ԵԱՏՄ անդամ, հայկական կողմը ցանկանում է գտնվել ԵՄ անդամակցության այդ երկար ճանապարհին։ Որքանո՞վ է սա ընդունելի լինելու ԵԱՏՄ-ում, ևս կդժվարանամ ասել, սակայն հակասություններն ակնհայտ են, իսկ դրանք իրենց հետ ազդելու են համագործակցության, հետևաբար՝ օգուտների ցուցանիշների վրա»,- մեկնաբանեց Լուկիանովը։
Նրա կարծիքով, ՌԴ-ն մտադրված ինչ-որ միջոցառումներ չի կիրառելու այս գործընթացների դեմ, սակայն այդ որոշումներն այդպիսին են, որ դրանք խոչընդոտելու են ԵԱՏՄ-ում Հայաստանի ներգրավվածության որակին։
«Կար ժամանակ, երբ ԵՄ-ում ևս նշում էին, որ ԵՄ-ն համատեղելի չէ ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ կառույցների հետ։ Ներկայումս նման կարծիքներ չեն հնչում, քանի որ այդ անդամակցությունը, ըստ իս, իրատեսական հեռանկար չէ, ԵՄ-ում ևս դա գիտեն, սակայն ՀՀ եվրաինտեգրման օրակարգին Արևմուտքում որևէ մեկը դեմ չէ, ընդհակառակը»,- ասաց վերլուծաբանը՝ հավելելով, որ գլոբալ պատերազմի ավարտից հետո գուցե այլ օրակարգեր ի հայտ գան, այլ առաջնահերթություններ հայտնվեն գլոբալ կառույցների առջև։
«Ուստի սրանք միջանկյալ փուլերում արվող հայտարարություններ են դեռևս»,- ասաց Լուկիանովը։