Խանութից ենք պարտքով հաց բերում, որ երեխաները սոված չմնան. երևի արդեն 150.000 դրամ պարտք եմ, արդեն հացն էլ պարտքով չեն տալիս. Արցախից բռնի տեղահանված
Արցախից բռնի տեղահանված 38-ամյա Հերմինե Հայրապետյանը բազմազավակ մայր է, ունի 10 երեխա և խնամում է հաշմանդամություն ունեցող եղբորը։ Հայրապետյանների ընտանիքն ունի բազմաթիվ խնդիրներ՝ սկսած հագուստից մինչև սնունդ։
168.am–ի հետ զրույցում Հերմինե Հայրապետյանն ասաց, որ Արցախից բռնի տեղահանվելուց հետո ընտանիքով գնացել են Արտաշատ՝ ամուսնու քրոջ տանն են ապրել, բոլորն իրար հետ 30 հոգի են եղել, հետո Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում վարձով տուն են գտել՝ տեղափոխվել են Ստեփանավան։ 3 սենյականոց տան համար ամսական վճարում են 120.000 դրամ, այս ամիս չգիտեն՝ ինչպես և որտեղից պետք է կատարեն վճարումը, քանի որ Կառավարության կողմից տրվող աջակցությունը դեռ չեն ստացել։
«13 հոգով ապրում ենք երեք սենյականոց տանը՝ երեխաներս, ամուսինս և հաշմանդամություն ունեցող եղբայրս։ Երեխաներիցս 9-ն անչափահաս են, ու դժվար է նրանց ամեն ինչով ապահովելը, նույնիսկ սնունդով։
Հունվարից սկսած՝ կանգնել ենք էլ ավելի մեծ խնդրի առաջ, որովհետև մինչև հիմա գումարները չենք ստացել։ Խանութից ենք պարտք անում, հաց բերում, որ երեխաները սոված չմնան։ Խանութին երևի արդեն 150 հազար դրամ պարտք եմ, արդեն հացն էլ պարտքով չեն տալիս։ Ստիպված հարևանից եմ պարտքով գումար վերցրել, որ օրը գոնե մեկ հաց գնեմ։
Կոմունալները նախորդ ամիս բարեկամիս ենք խնդրել վճարի՝ մոտ 40 հազար, ցուրտ է, առանց ջեռուցման չի լինի։
Ամուսինս շատ տեղեր է դիմել, որպեսզի աշխատի, ասում են՝ աշխատանք չկա, եթե աշխատանք լինի, մենք կաշխատենք, մեր օրվա հացը կստեղծենք, բայց դե Ստեփանավանում աշխատելու տարբերակ չկա փաստորեն»,- նշեց Հերմինե Հայրապետյանը։
Հերմինեն ընտանիքի հետ բռնի տեղահանվել է Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքից։
Նրա խոսքով՝ Արցախում ստացել էր երկհարկանի տուն, աշխատում էին ու սոցիալական որևէ խնդիր չունեին։
«Մենք ջերմոցներ էինք մշակում, մեր ընտանիքը պահում էինք։ Բայց այստեղ ոչինչ չունեմ, չենք հասցրել գոնե շոր վերցնենք։ Բացարձակ ոչինչ չենք վերցրել, մի բան էլ մենք ենք տվել, որ կարողանանք սաղ-սալամաթ դուրս գանք։ Ամուսնուս ոսկյա շղթան տվեցինք ռուս խաղաղապահներից մեկին, որ ավտոբուսի մեջ մեզ տեղավորեր։ Սկզբում ասաց, որ տեղ չկա ավտոբուսի մեջ, հետո ամուսինս ասաց՝ վերցրու այս շղթան, տեղ տուր, երեխաներիս հանեմ, նա էլ վերցրեց ու տեղավորեց մեզ, չգիտես ինչպես՝ տեղ ազատվեց ավտոբուսի մեջ։
Մինչև բռնի տեղահանվելը, երեխաների հետ գնացել էինք Իվանյանի օդանավակայան, 4 օր այնտեղ մնացինք։ Ամուսինս այդ ընթացքում օգնում էր դուրս բերել սեպտեմբերի 25-ի պայթյունի վիրավորներին ու զոհերին։ Դառը օրեր ունեցանք, մի կողմից՝ այդ պայթյունը, մի կողմից՝ բռնի տեղահանությունն ու զոհերը, բետոնի վրա էինք քնում գիշերը»,- նշեց մեր զրուցակիցը։
Ըստ նրա, երեխաները չեն կարողանում ապրել Ստեփանավանում, երկու երեխաները՝ տղան և աղջիկը, Արարատում են ապրում՝ բարեկամի տանը, իսկ մի տղան առհասարակ դպրոց չի գնում, մեկուսացել է, նույնիսկ տանից դուրս չի գալիս։
«Ավետարանչական ընկերությունը մեզ ընդգրկել է իր բարեգործական ծրագրում, պիտի տեղափոխվենք այլ տուն՝ Ստեփանավանի շրջանի գյուղերից մեկը, սահմանամերձ գյուղ չենք ուզում գնալ։ Ընկերությունը մեզ հավ ու անասուն կտա, որ պահենք, չգիտեմ՝ կկարողանա՞նք ոտքի կանգնել։ Անձնագիրս փոխել եմ, որովհետև ժամկետն անցել էր, եթե ժամկետի մեջ լիներ, չէի փոխի։
Չգիտեմ՝ ինչ անվտանգություն պիտի ապահովեն, որպեսզի կարողանամ երեխաներիս հետ գնալ Արցախ, այսպես չեմ վերադառնա։ Երեխաներիս համար վախենում եմ, անվտանգության խնդիր կա, չեմ վերադառնա»,- եզրափակեց Հերմինե Հայրապետյանը։