«Լապշա»՝ բիզնեսի ականջներին. Բիզնեսը՝ ընտրության առաջ

Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հավաքել էր մի խումբ գործարարների ու նրանց ականջներին լապշա էր կախում, կառավարության արձանագրած տնտեսական «հրաշքներն» էր պատմում, տնտեսական զարգացման նոր շրջափուլ մտնելուց, նոր հորիզոններ նվաճելուց ու նախանշելուց էր խոսում, մոռանալով, որ այդ նույն խոշոր բիզնեսին կանգնեցրել է փաստի առաջ։ Այն, ինչ մտադիր է անել Նիկոլ Փաշինյանը, բիզնեսի ապագան վտանգված է ու հիմա բիզնեսը պիտի ընտրություն կատարի իր ապագայի վերաբերյալ։

Նիկոլ Փաշինյանը բացահայտ չի ասում, բայց չի էլ թաքցնում, որ պատրաստվում է Հայաստանը հանել ԵԱՏՄ-ից։ Թե դա ի՞նչ է նշանակում բիզնեսի համար, այս մարդիկ բոլորից լավ են պատկերացնում՝ անկախ նրանից, ինչ կասի կամ չի ասի Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը չի ասում, որ բիզնեսին զրկելու է ԵԱՏՄ շուկայից, բայց բոլորն էլ տեսնում են, թե ինչ է անում։ Երբ հարցնում են, փորձում է խուսափողական պատասխան տալ, ասում է՝ ժամանակը գա, որոշում կկայացնենք։ Խուսափում է ուղիղ ասել, բայց տողատակում բոլորն էլ հասկանում են,  թե ո՞ւր է տանում այս ամենը։ Նպատակը ԵԱՏՄ-ից դուրս գալն է ու Եվրամիություն գնալը, չնայած, բազմիցս համոզվել ենք, որ ԵՄ-ում ոչ մեկը Հայաստանին չի սպասում։

Որքան էլ ԵՄ-ում Հայաստանին չեն սպասում, Հայաստանի կառավարիչներն իրենց ընտրությունն արդեն վաղուց կատարել են։ Այդ ընտրության ճանապարհին թե ովքե՞ր են լինելու առաջին տուժողները, նույնիսկ կասկածելու բան չկա. տուժողը լինելու է ժողովուրդն ու բիզնեսը։

Կարդացեք նաև

Ժողովուրդն ու բիզնեսն են կրելու նման որոշման տնտեսական, նաև սոցիալական հետևանքները, երբ բախվեն ծանր խնդիրների հետ։ Բայց այդ ժամանակ արդեն շատ ուշ է լինելու։ Դրա համար հիմա է պետք մտածել սեփական ապագայի մասին, քանի դեռ ուրիշներն իրենց փոխարեն չեն որոշել իրենց ճակատագիրը։ Չնայած այսպես որ շարունակվի, որոշողը նույնիսկ իշխանությունները չեն լինելու։ Ոչ մեկը չի սպասի, մինչև նրանք որոշում կայացնեն՝ մնա՞լ, թե՞ գնալ։ Առանց նրանց այդ որոշումը կկայացնեն ու Հայաստանին կկանգնեցնեն փաստի առաջ։

Այդ դեպքում խնդիրը նույնիսկ այնքան ԵԱՏՄ-ից ներկրվող ռազմավարական ապրանքներից Հայաստանի բարձր կախվածության մասին չէ։ Խնդիրը հայկական ապրանքների իրացման ամենամեծ շուկան կորցնելու մասին է՝ առանց այլնըտրանքային շուկաների ստեղծման։

Հայկական արտադրության ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքների իրացման ամենամեծ շուկան ԵԱՏՄ-ն է ու առաջին հերթին՝ Ռուսաստանը։ Գյուղմթերքի արտադրությամբ զբաղվողները, հատկապես նրանք, ովքեր վարկեր են վերցրել, արտադրություն են դրել, ջերմոցներ կառուցել այն հույսով, որ կարողանալու են իրենց արտադրանքն իրացնել այդ շուկաներում, մտածելու լուրջ պատճառ ունեն։ Հայաստանի ջերմոցային տնտեսության արտադրանքի հիմնական շուկան ԵԱՏՄ-ն է ու Ռուսաստանը։ Եթե կորցնեն այդ շուկան, ջերմոցները համատարած կփակվեն, իսկ ջերմոցատերերը կհայտնվեն վարկերի տակ։ Դեռ չենք ասում, որ ջերմոցային տնտեսությունն այսօր կարողանում է գոյատևել բացառապես ներմուծվող ռուսական էժան գազի շնորհիվ։ Դժվար չէ ասել, թե ինչ կլինի, եթե ռուսական գազն էլ թանկանա։

Այսօր Հայաստանի վերամշակող արդյունաբերության ապրանքների մեծ մասն ու ընդհանրապես տեղական արտադրանքի առնվազն մեկ երրորդն իրացվում է ԵԱՏՄ շուկաներում։ ԵԱՏՄ-ից դուրս մնալու պարագայում, միշտ էլ կգտնվեն պատճառաբանություններ՝ հայկական ապրանքների, ԵԱՏՄ երկրների շուկաներում իրացումը սահմանափակելու կամ ընդհանրապես արգելելու համար։ Այդ ապրանքները ոչ միայն այլըտրանքային շուկաներ չունեն, այլև երկար ժամանակ է պետք այդպիսիք գտնելու համար։ Գտնելուց առաջ էլ պետք է մտածել դրանց մրցունակությունն ապահովելու մասին։ Միշտ չէ, որ հայկական ապրանքների մրցունակությունը թույլ է տալիս այլ շուկաներում իրացման հնարավորություններ ստանալ։ ԵՄ-ն այդ առումով այլընտրանք չէ։

Անգամ այն բանից հետո, երբ անցած տարի որոշվեց սուբսիդավորել ԵՄ երկրներ հայկական ապրանքների մատակարարման մաքսատուրքերը, դա էական ազդեցություն չունեցավ արտահանման ծավալների վրա։ Եթե մինչ այդ մատակարարումները ԵՄ երկրներ կազմել էին 611 մլն դոլար, սուբսիդավորումից հետո ավելացան ընդամենը 55 մլն դոլարով։ Գրեթե այնքան, որքան տրամադրված սուբսիդավորումն էր։

Այսպիսի տեմպերով տասնյակ տարիներ են պետք, որպեսզի հնարավոր լինի փոխհատուցել ԵԱՏՄ շուկաների հնարավոր կորուստները։

Միայն հայկական ապրանքների արտահանումը ռուսական շուկա տատանվում է տարեկան շուրջ 1.5 մլրդ դոլարի սահմաններում։ Այն պարագայում, որ ԵՄ շուկաների մատակարարումները չեն հասնում նույնիսկ 700 մլն դոլարի։ Անցած տարի, անգամ պետական բյուջեից մաքաստուրքերի գծով տրված սուբսիդավորումից հետո, դրանք կազմեցին հազիվ 666 մլն դոլար։

Առնվազն կրկնակի ավելի քիչ, քան միայն ռուսական շուկայի մատակարարումներն են։

Ի դեպ, վերջին տարիներին, երբ քաղաքական իշխանությունը որդեգրել է ԵՄ ինտեգրման քաղաքականություն, հայկական ապրանքների մատակարարումները Եվրամիության երկրների շուկաներ նույնիսկ կրճատվել են։ 2018թ. Հայաստանից ավելի շատ հայկական ապրանքներ էին արտահանվում ԵՄ, քան հիմա՝ 7 տարի անց։ Յոթ տարում բացարձակ տեղաշարժ չի գրանցվել, մի բան էլ հետընթաց է արձանագրվել, հայկական ապրանքների արտահանման ծավալները նվազել են։

Պաշտոնական տվյալներով, անցած տարի ԵՄ երկրների շուկաներ մատակարարվել է 666 մլն դոլարի ապրանք։ Այն պարագայում, երբ 2018թ. մատակարարումները կազմել էին 683 մլն դոլար՝ 23 մլն դոլարով ավելի շատ, քան 7 տարի հետո։

Անգամ 2017թ. Հայաստանից գրեթե այնքան ապրանք էր արտահանվել, որքան արտահանվում է այժմ։

Ժամանակին ԵՄ երկրներ արտահանման բաժինը հասնում էր ընդհուպ 27-28 տոկոսի, այժմ հազիվ 7-8 տոկոսն է։

Ահա այսպես են խորացրել տնտեսական հարաբերությունները ԵՄ երկրների հետ։

Հայաստանի տնտեսության այսօրվա հնարավորությունների ու կարողությունների պարագայում ԵՄ-ն չի կարող փոխարինող լինել ԵԱՏՄ շուկային։ Սա գուցե Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ականներին չի մտահոգում, բայց բոլոր այն բիզնեսները, որոնք կապված են ԵԱՏՄ իրացման շուկաների հետ, չեն կարող չմտահոգվել։ Դրա համար էլ պարտադրված են սպասվող ընտրություններից առաջ լրջորեն մտածել իրենց բիզնեսի ապագայի մասին։

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե ԵԱՏՄ ու հատկապես Ռուսաստանի հետ խնդիրներ չկան, բոլորն էլ հասկանում են, որ այդպես չէ։ Այդ խնդիրներն այսօր արդեն երևում են, ու դրանք գնալով խորանալու են։ Ակնհայտ է, որ այսպես շարունակվելու պարագայում ԵԱՏՄ-ում մնալ-չմնալու հարցը կախված է լինելու ոչ թե Հայաստանի իշխանությունների որոշել-չորոշելուց, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը, այլ վաճառվելու է մեզանից անկախ։ Այն, ինչ անում են Հայաստանի այսօրվա կառավարիչները, արագացնելու է այս պրոցեսները։ Ու քանի դեռ ուշ չէ, չենք հասել անդառնալիության կետին, բիզնեսը պարտադրված է ընտրություն կատարել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930