Ֆրանսիան հայտարարել է, որ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր կստորագրի
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը շատ կարևոր իրադարձություն է, որի ընթացքում Հայաստանը մի քանի օրով կդառնա Եվրոպայի մի տեսակ կենտրոն։ Սա ընդգծում է Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը։ Դրա մասին CivilNet-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Բենջամին Հադդադը։
«Դրան զուգընթաց նախագահ Մակրոնը կկատարի իր առաջին այցը Հայաստան։ Մենք կկարողանանք ամրապնդել մեր երկրների միջև արդեն շատ սերտ պատմական, մշակութային և տնտեսական կապերը, ինչպես նաև պաշտպանական համագործակցությունը։ Նախագահ Մակրոնը և վարչապետ Փաշինյանը կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր, որը մեզ ավելի կմերձեցնի։
Դրանից հետո տեղի կունենա ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, որը հնարավորություն կտա ամրապնդելու Եվրոպական Միության և Երևանի միջև համագործակցությունը։ Սա կարևոր հանգրվան կլինի Հայաստանի՝ Ֆրանսիայի և Եվրամիության հետ հարաբերություններում»,- ընդգծել է նախարարը։
«Ես առաջին անգամ եմ Հայաստանում և այցելեցի Ցեղասպանության թանգարան։ Դա շատ կարևոր և հուզիչ փորձառություն էր։ Դեռ այն տարիներին այս ողբերգությունը, այս ցեղասպանությունը հուզել է շատ ֆրանսիացիների և եվրոպացիների, որոնք գրել են դրա մասին»,- նշել է նա։



